HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոլանդիայի «Գլաձոր» հայ ուսանողական կազմակերպությունը սատարում է Մաշտոցի այգու ակտիվիստներին

Հարգելի բնապահպաններ,

Գրում եմ ձեզ Հոլանդիայի «Գլաձոր» հայ ուսանողական կազմակերպության անունից: Վերջին երեք շաբաթների ընթացքում մեծ հետաքրքրությամբ հետևում ենք ձեր բողոքի ակցիաներին Երևանում ի պաշտպանություն Մաշտոցի պուրակի: Հիացած ենք ձեր քաջությամբ, կամքի ուժով և միասնականությամբ:

Ձեր գործն անգին է և պետք է ոգեշնչի բոլոր հայերին Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս: Մեր կարծիքով յուրաքանչյուր հայի պարտքն է մտածել վաղվա Հայաստանի մասին ու հոգալ դրա համար:

Մենք միանում ենք ձեր ազնիվ պայքարին առողջ Հայաստան կերտելու, նրա գեղեցիկ բնության, մշակույթի և պատմության պահպանման համար:

Ցավոք, այսօրվա իշխանությունները նույն հիացմունքի խոսքերին չեն կարող արժանանալ, բայց պահն է հասել, որ բոլորս՝ ծեր թե մանուկ, Հայաստանում թե Հայաստանից դուրս, միանանք և ուս ուսի տված, միմյանց ձեռքն ամուր բռնած՝ միաձայնենք «Մենք ենք մեր քաղաքի տերը»:

Սիրելի բնապահպաններ, դուք մենակ չեք: Եվ սփյուռքում գտնվելը երբեք մեզ չի խոչընդոտի սատարելու ձեզ:

Եվ, մեկ անգամ ևս.

Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի,
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում...

Հարգանքներով՝
Անի Բաբաջանյան
«Գլաձոր» հայ ուսանողական կազմակերպության քարտուղար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter