
Դատավորների բարեվարքության փաթեթն ամբողջությամբ ընդունվեց
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում և հարակից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը վերաբերում է դատավորների բարեվարքությանը:
Փաթեթն ընդունվեց 84 կողմ, 29 դեմ ձայներով:
Ըստ փաթեթի` դատավորների գործունեությունը գնահատող հանձնաժողովը բաղկացած է լինելու հինգ անդամից` մեկական դատավոր տարբեր դատարանների ատյաններից և երկու իրավաբան-գիտնական: Հանձնաժողովը քննարկելու է դատավորների կողմից գործերի բաշխման, ողջամիտ ժամկետում քննարկման հարցերը, նիստի ընթացքում դատավորի վարքագծի հետ կապված խնդիրներ: Եթե հայտնաբերվեն նյութական կամ դատավարական օրենքի դիտավորյալ կամ կոպիտ անփութությամբ խախտումներ, ապա գնահատման հանձնաժողովը կարող է դիմել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին` կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար:
Դատավորների թեկնածուների ընտրության նոր մեխանիզմներ են սահմանվել. հարցազրույցի ընթացքում Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տված խորհրդատվական բնույթի եզրակացությունը թեկնածուի բարեվարքության վերաբերյալ:
Ներդրվել է դատավորների գույքային դրության ստուգման և դրա հիման վրա կարգապահական պատասխանատվության հիմքի սահմանումը:
Գույքի փոփոխությունը եթե ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ կա ոչ ամբողջական հայտարարագրված գույք, ապա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դառնում է կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեցող մարմին:
Փոփոխություններից է նաև այն, որ դատավորների թեկնածուների հավակնորդների տարիքային շեմը 28 տարեկանից իջեցվում է 25-ի:
Առաջին ընթերցմամբ էլ քվեարկվեց Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու առաջարկը, որն ընդունվեց 112 կողմ, 1 դեմ ձայներով: Այս փոփոխություններով գրավը կարող է դիտարկվել որպես ինքնուրույն խափանման միջոց, ինչը գործող կարգավորմամբ չկա:
Մեկնաբանել