HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաջարանի գյուղապետի բաց նամակը Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն նախագահ

Քաջարան գյուղական համայնքի բնակիչների հանձնարարությամբ կրկին դիմում եմ Ձեզ: Խոսքը ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N627-Ն որոշման մասին է, ըստ որի՝ Սյունիքի մարզի մի քանի գյուղի, այդ թվում՝ Քաջարանի գյուղատնտեսական նշանակության հողերը պետք է տրվեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին՝ բաց հանքի շահագործման և թունավոր թափոնների գործող գերեզմանոցների ընդլայնման համար:

Վերստին տեղյակ եմ պահում Ձեզ, որ կառավարությունը նշված որոշումն ընդունելուց առաջ չի խորհրդակցել համայնքի բնակիչների հետ, համայնքի բնակչությանը մասնակից չի դարձրել այդ որոշման պատրաստմանը: Որոշման մասին իմացել ենք այն ընդունելուց հետո պատահաբար:

Տեղյակ չենք նույնիսկ, թե որոշումը նախապատրաստելիս ինչ փորձաքննություններ են իրականացվել (եթե, իհարկե, իրականացվել են) գյուղի տարածքում՝ համայնքի բնակչության առողջության, շրջակա միջավայրի վրա հնարավոր վնասակար ազդեցությունը ճշտելու վերաբերյալ:

Կառավարության որոշման մեջ և որոշման շուրջ կառավարության պատասխանատուների մեկնաբանություններում հետևողականորեն աղավաղվել ու կեղծվել է հանրային գերակա շահ ասվածը: Ավելի ճիշտ՝ կառավարության որոշման հիմնավորումներն ակնհայտորեն չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության պահանջներին, ինչպես և «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքին, ինչը, կարծում եմ, Ձեզ պետք է լրջորեն մտահոգի:

ՀՀ Սահմանադրությունը և նշված օրենքը թույլ են տալիս հայտարարել երիցս՝ Քաջարան գյուղում գերակա հանրային, ազգային, պետական մեկ շահ կարող է լինել ու կա: Դա սահմանային Քաջարան գյուղի լինելության ապահովումն է:

Գյուղացիներիս շատ զարմացնում է մեկ հանգամանք ևս: Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի տնօրենը լրատվամիջոցների ու մարդկանց հետ շփումներում պարտադիր վկայակոչում է Ձեր անունը: Օրինակը՝ տարեսկզբին «Առավոտին» տված հարցազրույցների շարքը: Մի՞թե որևէ ձեռնարկության տնօրեն իրավունք ունի սեփական մտածումներին ու ամբիցիաներին շունչ տալու համար անընդհատ վկայակոչել երկրի նախագահի անունը:

Մաքսիմ Հակոբյանը, խոսելով մեր գյուղի տարածքների մասին, հայտարարում է՝ «…Հանրապետության նախագահին ասեցի, խնդրեցի, որ գերակա շահ ճանաչեն»: Իսկ մի քանի օր հետո էլ (11 հունվարի 2012թ, «Առավոտի» կայք) հայտարարում է. «Էդ հողերը մեզ հիմա պետք չեն»: Դրանից օրեր առաջ էլ ասել էր. «Ոչ ոք չի կարող խափանել այդ հողերի՝ ընդերքօգտագործման նպատակով շահագործումը»:

Տնօրենի խոսքերը կրկին հաստատում են, որ գերակա հանրային շահը՝ մատուցված կառավարության որոշման մեջ, գոյություն չունի ընդհանրապես: Դա բացառապես մեկ մարդու և նրա հովանավորների անձնական շահն է:

Ըստ էության, Ձեզ ապակողմնորոշել են նաև գյուղում առկա անշարժ գույքի մասին տեղեկություններ հաղորդելիս: Իրականում, մինչդեռ, սեփականության իրավունքով գյուղում գրանցված է 123 միավոր անշարժ գույք, վարձակալական իրավունքով՝ 5 միավոր անշարժ գույք:

Վերջին շրջանի իրադարձությունները ցույց են տալիս, որ կառավարությունը, այնուամենայնիվ, չի պատրաստվում վերջնականապես լուծել հարցը, թեև երբեմն հուսադրող քայլերի պատրանք է ստեղծում: Գյուղի բնակիչները տպավորություն ունեն, որ կառավարությունը, նման կիսաքայլերով ու երևութականություն ստեղծելով, խուսափում է բուն խնդրից և մեր գլխի տակ փափուկ բարձ դնում, քանի դեռ նախընտրական շրջան ենք ապրում: Իսկ այդպես մտածելու համար հիմքեր ունենք:

Ահավասիկ՝ 2011թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ փոխվարչապետի ստեղծած աշխատանքային խումբն այցելեց գյուղ, ուսումնասիրեց խնդիրը և առաջարկեց ԶՊՄԿ-ին ներկայացնել արդյունահանման այլընտրանքային ուղիներ: Փոխվարչապետի հանձնաժողովի այդ առաջարկությունն առ այսօր թղթի վրա է մնացել:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մի քանի օր առաջ առաջարկություն ներկայացրեց ՀՀ վարչապետին՝ «Օրենքի ուժով անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N627-Ն որոշումը», բայց կառավարությունը նորից քայլ չի ձեռնարկում:

Մի խումբ պատգամավորներ ս.թ. հունվարի 24-ին դիմեցին ՀՀ վարչապետին՝ կառավարության խնդրահարույց որոշումը չեղյալ հայտարարելու առաջարկությամբ: Վարչապետն էլ հունվարի 26-ին կառավարության նիստում հանձնարարեց ՀՀ էներեգետիկայի և բնական պաշարների նախարարին քննարկել պատգամավորական խմբակցության առաջարկը, բայց… փետրվարի 2-ին նախարարը հանդիպեց խմբակցության անդամների հետ, և կրկին ոչ մի կոնկրետ քայլ…

Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների՝ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Քաջարան գյուղի իրավիճակն իրեն ճիշտ չեն ներկայացրել… Եվ դարձյալ՝ ոչ մի քայլ:

Քաջարան գյուղի վերաբերյալ կառավարության հայտնի որոշումը դատապարտող դիրքորոշում են հայտնել բազմաթիվ քաղաքական ուժեր, հասարակական և բնապահպանական կազմակերպություններ: Կրկին ՝ ձայն բարբառո հանապատի:

Ս.թ. մարտի 3-ին Քաջարան քաղաք այցելած ՀՀ վարչապետից փորձեցինք ճշտել, թե այս ամենից հետո ինչ ճակատագիր է սպասվում մեր գյուղին: Տիգրան Սարգսյանը, սակայն, ոչ մի հուսադրող խոսք չասաց կառավարության որոշումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ: Նա ավելի շատ խոսեց այն մասին, թե ինչ պայմաններով պետք է գյուղը վերացվի ու ծառայեցվի հանքարդյունաբերությանը:

Ի դեպ, 2011թ. սեպտեմբերից մինչև այժմ երկու անգամ Քաջարան քաղաք այցելած վարչապետը չբարեհաճեց գոնե մի քանի րոպեով մտնել Քաջարան գյուղ՝ Քաջարան քաղաքից 3 կմ հեռավորության վրա գտնվող, և դեմ առ դեմ զրուցել ամիսներ շարունակ անորոշության մեջ հայտնված գյուղացիների հետ:

Բոլոր այս փաստերը վկայում են, որ կառավարությունը չի պատրաստվում անվավեր ճանաչել հակասահմանադրական ու հակազգային այդ որոշումը:

Հարգարժան պարոն Սարգսյան,

Մենք հավատում ենք Ձեզ, ինչի համար և հերթական անգամ ենք դիմում Ձեզ: Քաջարան գյուղական համայնքի անունից խնդրում եմ վերացնել կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N627-Ն որոշումը և գործնական քայլերով նպաստել սահմանային Քաջարան գյուղի ամրապնդմանը:

Եթե Դուք կրկին կոնկրետ քայլ չձեռնարկեք ու լռեք, ինչպես վարվեցիք մոտ 600 քաջարանցու՝ 2011թ. մայիսին հղած դիմումի պարագայում, ապա վերջնականապես կնշանակի, որ Դուք կողմնակից եք Քաջարանի կոմբինատի ծպտված սեփականատերերի՝ սահմանային մեր գյուղը վերացնելու հրեշավոր ծրագրին, ինչի համար մեծագույն ափսոսանք կապրի գյուղի բնակչությունը, իսկ գյուղում կշարունակվի խորանալ անորոշությունը՝ սկիզբ առած 2011թ. ապրիլի 28-ից հետո:

Հարգանքով՝
Ռաֆիկ Աթայան,
Քաջարանի գյուղական համայնքի ղեկավար
5 մարտի 2012թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter