Հայ արիները հուսով են, որ Պուտինը կպայքարի մասոնական և նմանատիպ այլ գաղտնի ուժերի դեմ
Ռուսաստանի Դաշնության նախագահի հերթական ընտրություններն ավարտվեցին, ինչպես և սպասվում էր, երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինի հաղթանակով:
Հայ արիական միաբանությունը շնորհավորում է Վլադիմիր Պուտինին՝ վերստին ՌԴ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, և ակնկալում, որ հայ-ռուսական հարաբերությունները նոր թափ կստանան և տարածաշրջանում կնպաստեն Հայաստանի ու Ռուսաստանի շահերի և նպատակների պաշտպանությանն ու հաղթանակներին:
Հայ արիական միաբանությունը ՌԴ նորընտիր նախագահի նախորդ պաշտոնավարության ընթացքում ողջունել էր պաշտոնական Մոսկվայի պայքարը՝ մասոնական կառույցների և դրանց ռուսաստանյան ներկայացուցիչների դեմ, և հույս է հայտնում, որ այժմ էլ նախագահ Պուտինը հետևողական կլինի մասոնական և նմանատիպ այլ համաշխարհային գաղտնի ուժերի դեմ պայքարում, ինչը մի ժամանակ խաթարվել և այլ երանգներ էր ստացել՝ հակակովկասյան, այդ թվում՝ հակահայկական դրսևորումներով:
Հասկանալի է, թե ինչ ուժերի միջոցով դա կազմակերպվեց, բայց մենք կարևորում ենք, որ հակահայկական դրսևորումներն այլևս տեղ չունենան ռուսաստանյան ներքին քաղաքական կյանքում, որպեսզի հայությանն ուղղված նոր կոչի անհրաժեշտություն չառաջանա, և հայ արիները կրկին չդիմեն Հայաստանում և ամբողջ աշխարհում հակառուսական ալիք բարձրացնելու առումով…
Հայ արիական միաբանությունը ակնկալում է, որ պաշտոնական Մոսկվան ջանքեր կգործադրի նաև միաբևեռ աշխարհի վերացման ուղղությամբ, և երկբևեռ աշխարհի վերահաստատմամբ կկանխվեն Արևմուտքի ամենաթողություններն ու այլ երկրներում պետական հեղաշրջումները՝ ժողովրդավարություն հաստատելու սին մեկնաբանությամբ…
Հայ արիական միաբանությունը ՌԴ նախագահին կոչ է անում հրաժարվել ռազմավարական գործընկեր Հայաստանին և Ադրբեջան-Թուրքիա դաշինքին նույն հարթության վրա դիտարկելու քաղաքականությունից, հատկապես որ Բաքվում արդեն Ռուսաստանին թիվ 1 թշնամի են հայտարարում…
Ռուսաստանի Դաշնության հայությանն էլ կոչ ենք անում մշտապես լինել քաղաքական ակտիվ վիճակում և միանգամից կանխարգելիչ քայլերի դիմել հակահայկական դրսևորումները կանխելու համար:
Հայ արիական միաբանություն
05.03.2012թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել