HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը վերանայել է գրավի կիրառման թույլատրելիության հարցը՝ չանտեսելով նաև կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Հարությունյանի, երեկ սեփական նախաձեռնությամբ որոշել է անդրադառնալ իր վարույթում քննվող գործերից մեկով կալանքի տակ գտնվող ամբաստանյալի խափանման միջոցի հարցին և նրան գրավի դիմաց ազատ արձակել՝ ի թիվս այլ հանգամանքների անդրադառնալով նաև Հայաստանում կորոնավիրուսի տարածման հանգամանքին։

Մեզ հետ զրույցում ազատ արձակված ամբաստանյալի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը մանրամասներ է պատմել։

Ալեքսանյանի պաշտպանյալը մեղադրվում է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու մեջ, կալանքի տակ էր 2019 թվականի հունվարից։ Երեկ նշանակված է եղել գործով հերթական դատական նիստը, մինչ այդ դատարանը սահմանած է եղել ապացույցների հետազոտման հաջորդականությունը և, ըստ սահմանված կարգի, պետք է հետազոտվեին գործում առկա ապացույցները։

Հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրոսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակը՝ կողմերը միջնորդություն են ներկայացրել՝ դատական նիստը հետաձգելու և այն մեկ այլ հերթի նշանակելու վերաբերյալ։ Դատարանը, սակայն, հայտնել է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է համարում քննարկել ամբաստանյալի խափանման միջոցի վերանայման և նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց ընտրելու հարցը։

«Դատարանը,  ելնելով մարդասիրության, անձնական ազատության սկզբունքից, որոշեց անդրադառնալ այս հարցին և նպատակահարմար գտավ անգամ ամբաստանյալի բացակայության պայմաններում անդրադառնալ նրա խափանման միջոցի վերանայման հարցին»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը։

Վերջինս դատական նիստի ընթացքում միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նշելով, որ գործի նախաքննությունն արդեն ավարտված է, որպիսի պայմաններում նվազում է գործի քննությանը խոչընդատելու ռիսկը։ Ներկայացված միջնորդության մեջ պաշտպանը բարձրաձայնել է նաև այն մասին, որ միջնորդությունը ներկայացնեու պահի, այսինքն՝ երեկվա դրությամբ Հայաստանում եղել է կորոնավիրուսով վարակված 235 դեպք։

«Մենք ընդգծեցինք այն հանգամանքը, որ տվյալ պահին, փաստացի, մեր պաշտպանյալը գտնվում է քրեակատարողական հիմնարկում, որտեղ մարդկային շփումը շատ է, որտեղ նրա կյանքի և առողջության ռեալ վտանգ կա։ Միջնորդությամբ խնդրեցինք, ելնելով մարդասիրության, անձի և' կյանքի և' առողջության իրավունքի գերակայության սկզբունքից, մեր պաշտպանյալի նկատմամբ գրավի կիրառումը համարել թույլատրելի»,- ասաց Ալեքանյանը։

Վերջինիս խոսքով՝ մեղադրանքի կողմն առարկել է միջնորդության դեմ՝ նշելով, որ ներկա պահին քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսով վարակման դեպք արձանագրված չէ, հետևաբար պաշտպանների փաստարկն անհիմն է։ Դատավորը հարց է ուղղել մեղադրողին, թե արդյոք կա՞ երաշխիք, որ քրեակատարողական հիմնարկներում հետագայում ևս չի լինի կորոնավիրուսով վարակման դեպք, ինչին ի պատասխան՝ մեղադրողն ասել է, որ նման երաշխիք չկա և չի էլ կարող լինել։ Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավոր Հարությունյանը որոշել է կալանքի տակ գտնվող ամբաստանյալի նկատմամբ 2 մլն դրամ գրավի կիրառումը թույլատրելի  ճանաչել։ Դատարանը համարել է, որ գործի քննությանը խոչընդոտելու վտանգն առկա պայմաններում այնքան մեծ չէ, որ գրավը չկարողանա ապահովել ամբաստանյալի պատշաճ վարքագիծը։

Էրիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դատական ակտում դատավորը նշել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղված վիճակից ելնելով՝ հնարավոր չէ գործնականում նշանակել և կանխորոշել հաջորդ դատական նիստի օրը կամ մոտավոր ժամկետները։

Դատարանն իր որոշման մեջ հղում է կատարել նաև Եվրոպայի խորհրդի՝ խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի մարտի 20-ին հրապարակած զեկույցին, որում կորոնավիրուսի համավարակի համատեքստում անդրադարձ է կատարված անազատության մեջ գտնվող անձանց։

Վերը նշված զեկույցում, կարևորելով ազատության մեջ գտնվող անձանց կյանքի և առողջության իրավունքը, նշվում է, որ հաշվի առնելով, որ միջանձնային շփումը նպաստում է վարակի տարածմանը՝ բոլոր իրավասու մարմինները պետք է համակարգված ջանասիրություն ցուցաբերեն, միջոցներ ձեռնարկեն՝ ազատությունից զրկելու այլընտրանքներին դիմելու համար։ Այս մոտեցումը առաջնահերթ պարտադիր է անազատության մեջ պահելու վայրերի գերբնակեցվածության դեպքում։ Ավելին՝ զեկույցում խոսվում է այն մասին, որ իրավասու մարմինները պետք է առավել լայնորեն կիրառեն մինչդատական կալանավորման այլընտրանքային միջոցները։

Վերոգրյալի պայմաններում դատարանը որոշել է, որ գրավի կիրառման հարցը պետք է քննարկել՝ չանտեսելով կորոնավիրուսի տարածման հանգամանքը, որ գրավը պետք է ճանաչել թույլատրելի։

Լուսանկարում՝ Էրիկ Ալեքսանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter