Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված արարողություններ՝ Արգենտինայում, Հունաստանում և Եգիպտոսում (լրացված)
Մարտի 4-ին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում կատարվեց սուրբ պատարագ և հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ 1988թ. Սումգայիթում տեղի ունեցած հայկական ջարդերի անմեղ զոհերի:
Արարողությունից հետո միջոցառման մասնակիցները ծաղկեպսակ դրեցին տաճարի բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:
Այնուհետև Առաջնորդարանի սրահում տեղի ունեցավ հանդիսություն, որի մասնակիցները անդրադարձան 24 տարի առաջ տեղի ունեցած արյունալի իրադարձություններին և դատապարտեցին ոճրագործությունների կազմակերպիչներին: Ելույթ ունեցան ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը և արգենտինահայ հայտնի մտավորական Պետրոս Հաջյանը:
Նույն օրը Հունաստանի մայրաքաղաք Աթենքի Նեա Զմիրնի թաղամասի «Զանգակ» հուշակոթողի մոտ տեղի ունեցավ Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որին ներկա էին հունահայ բոլոր հոգևոր առաջնորդները, ազգային-քաղաքական և հասարակական-մշակութային կառույցների ներկայացուցիչներ:
Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտները պատվո պահակախումբ էին կազմել:
Միջոցառումը սկսվեց անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողությամբ: Այնուհետև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի առջև ծաղկեպսակներ զետեղեցին Հունաստանում ՀՀ դեսպանը, հունահայ կառույցների ներկայացուցիչները:
Մարտի 4-ին սումգայիթյան ջարդերի զոհերին նվիրված պատարագ մատուցվեց Սալոնիկի Ս. Աստվածածին եկեղեցում, որից հետո ծաղկեպսակների զետեղվեցին եկեղեցու մոտ գտնվող խաչքար-հուշակոթողի առջև:
Քսանթիի Ս. Աստվածածին եկեղեցում նույնպես պատարագ մատուցվեց, և ծաղկեպսակների զետեղվեցին եկեղեցու տարածքում գտնվող խաչքար-հուշակոթողի առջև:
Մարտի 4-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ և հոգեհանգստյան արարողություն:
Պատարագի ավարտից հետո Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը եգիպտահայ թեմի հոգևոր առաջնորդների և հայ համայնքային կառույցների ղեկավարների ու բազմաթիվ եգիպտահայերի ուղեկցությամբ ծաղկեպսակ զետեղեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի առջև՝ ի հիշատակ անմեղ զոհերի:
Սումգայիթում հայկական ջարդերի 24-րդ տարելիցի կապակցությամբ մարտի 5-ին եգիպտական ամենահեղինակավոր «Ալ-Ահրամ» օրաթերթը հրապարակեց Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանի ակնարկը՝ «Հայերը ենթարկվել են կոտորածների» խորագրով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել