HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր ջրօգտագործման թույլտվություն՝ գործող հէկի համար

«Էներգացանցշին» ԲԲԸ-ն նախագիծ է ներկայացրել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի վարչական տարածքում Մարմարիկ գետից ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար։ Ընկերությունը թույլտվություն է ուզում ստանալ «Նարեկ» փոքր հէկի շահագործման համար։

«Էներգացանցշին» ԲԲԸ-ն ղեկավարում է Լավրենտի Միքայելյանը։ Նա մեր ընթերցողներին հայտնի «Յուկոս»-ի հայաստանյան դուստր ընկերության ղեկավար Արմեն Միքայելյանի հայրն է։

Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների՝ «Էներգացանցշին» ԲԲԸ-ն 2002 թվականից Հրազդանի ցեմենտի գործարանի տեխնիկական ջրատարի վրա շահագործում է 1200 կՎտ հզորության հաշվարկային «Նարեկ» հէկը։

Ջրօգտագործման թույլտվությունը նոր հէկի համար է, թե հնի, նախագծի հայտարարությունից պարզ չէր։ Ընկերության հեռախոսահամարը չէր պատասխանում զանգերին։

Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Փիրումյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ ընկերությունը նախկինում ունեցել է Մարմարիկից ջրառ իրականացնելու թույլտվություն, սակայն դիմել է երկարացման համար։ Ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ պետք է փոխել նախկին ռեժիմը և նոր ռեժիմի համար ջրօգտագործման թույլտվություն տալ։ Հայտը հենց դրա համար է ներկայացվել և դրվել քննարկման։

Շրջակա միջավայրի նախարարությունը ջրթույլտվություն ստանալու հայտարարությունը հրապարակել է իր պաշտոնական կայքում և բոլոր շահագրգիռ անձանց առաջարկում է ծանոթանալ նախագծին ջրային ռեսուրսների կառավարման մարմնում։ Իսկ փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2020 թվականի մարտի 31-ին՝ նախարարության շենքի 5-րդ հարկում։ Էդգար Փիրումյանը հայտնեց, որ առաջարկություններն ու դիտողությունները էլեկտրոնային ռեժիմով են կազմակերպելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter