HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նախատեսվում է թափանցիկ դարձնել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառումը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է թափանցիկ և վերահսկելի դարձնել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառման գործընթացը։

Մասնավորապես՝ նախարարությունն առաջարկում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տվյալները ի սկզբանե մուտքագրել «Մանուկ» տեղեկատվական համակարգում։ «Մանուկ»-ը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման համակարգ է։

Նշենք, որ գործող կարգով՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սկզբնական հաշվառումն իրականացվում է հաշվառման մատյաններում։

«Արդյունքում՝ տեղեկատվությունը հաճախ լրացվում է թերի և ոչ լիարժեք, ավելին՝ տեղեկատվության հետագա ամբողջական պահպանման հնարավոր ռիսկերը ևս առկա են: Հաշվի առնելով դա՝ իրավական ակտում անհրաժեշտություն է առաջացել իրականացնել փոփոխություններ՝ տեղեկատվության մուտքագրումը բացառապես առցանց համակարգում իրականացնել։ Դա երաշխիք կլինի ամբողջական տեղեկատվություն մուտքագրելու»,- հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Նախարարությունն այս փոփոխությամբ ցանկանում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների միասնական և համապարփակ վիճակագրության որակը բարելավել, երեխայի այլընտրանքային խնամքի, այդ թվում՝ որդեգրման գործընթացում հնարավոր ռիսկերը նվազեցնել։

Նախարարությունը նաև ընդգծել է, որ «Նորք» տեղեկատվական վերլուծական կենտրոնի հետ համատեղ իրականացվում են «Մանուկ» տեղեկատվական համակարգի արդիականացման և բարելավման աշխատանքներ։

Դրա շրջանակներում կներդրվի այնպիսի հնարավորություն, որով պարտադիր դաշտերի առկայության պարագայում կբացառվի տեղեկատվության թերի լրացումն ու ներբեռնումը: 

Արդյունքում՝ մարզպետարանի, Երևանի քաղաքապետարանի և նախարարության մասնագետները կտեսնեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասին լիարժեք տեղեկատվություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter