HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարակակիրների վերաբերյալ համապարփակ տվյալներ Առողջապահության նախարարությունը չի տրամադրում

«Հետքը» մարտի 13-ին տեղեկատվության հարցում էր ուղարկել Առողջապահության նախարարություն՝ խնդրելով մանրամասնել կորոնավիրուսով վարակված անձանց ժողովրդագրական պատկերը՝ սեռը, տարիքը, բնակության վայրը (ոչ հասցեն): 

Նախարարությունը տասը օր անց պատասխանել է հարցմանը՝ նշելով. «Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված քաղաքացիների վերաբերյալ վիճակագրական տվյալները այս պահին քարտեզագրման փուլում են»։ 

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանից փորձեցինք ճշտել, թե ի՞նչ է նշանակում վերոնշյալ ձևակերպումը և ե՞րբ կկարողանան տրամադրել հարցվող տեղեկատվությունը։

Ստորև վերարտադրված է Լիլիթ Բաբախանյանի հետ խոսակցությունը. 

- Այն տվյալները, որ դուք հիմա ուզում եք, հիմա քարտեզագրվում է, նախարարն էլ ասուլիսի ժամանակ ասաց, որ դա հանրային կերևա։ Այն, ինչ պատասխանել եմ, այդքանն է պատասխանը։ 

- Մենք հասկանում ենք, որ աշխատանքը շատ է, բայց ուզում ենք իմանալ հանրային ի՞նչ կերևա՝ ըստ սեռի, տարիքի, բնակության վայրի տվյալներ կդրվե՞ն։

- Չունեմ այդպիսի ինֆորմացիա, բայց գիտեմ, որ քարտեզագրվում է, որ ավելի շատ ինֆորմացիա կարողանանք տրամադրել։ Բնականաբար, այնպիսի տվյալներ, որոնք չնույնականացվեն անձի հետ։ Եթե նայեք էջը, որտեղ մենք ինֆորմացիան հրապարակում ենք, առաջ ավելի սուղ էր, հետո սկսեց ընդարձակվել, այսինքն՝ փուլ առ փուլ ավելի շատացնում ենք ինֆորմացիան։ 

- Այսինքն՝ տվյալները հավաքագրվում են, թիմ կա, որ աշխատում է բազայի վրա։ 

- Իհարկե, հավաքագրվում են։ Ինչպե՞ս կարող է չունենանք, եթե մարդու հետ ենք գործ ունենում։ 

- Եթե հավաքագրվում են, ո՞րն է դժվարությունը, որ այդ բազայից ներբեռնեք տվյալները և պատասխանեք մեր հարցմանը։ Մենք նույնպես լարված աշխատում ենք, և հանրությանը տեղեկատվություն տրամադրելը պակաս կարևոր չէ։ 

- Ճիշտ եք, բայց այս պահին քանի որ քարտեզագրվում է, այս տեղեկատվությունը հասանելի չէ։ 

- Ուղղակի անհասկանալի է, թե ինչն է խնդիրը, եթե ունեք բազայում…

- Խնդիր չկա, հիմա ընթացքի մեջ են աշխատանքները, կարվի, կտանք։

- Ե՞րբ կտաք։ Որովհետև տասը օր պահել եք հարցումը։

- Երբ որ ավարտվի։ Անկեղծ ասած՝ ես կարող էի երկարացնել [ժամկետը,-խմբ.], բայց չեմ երկարացրել, որովհետև ուզում եմ ավելի շուտ պատասխանել։ 

- Արտակարգ դրության սահմանափակումները տեղեկատվություն ստանալու իրավունքը չեն սահմանափակում։ Տեղեկատվություն ստանալու օրենքը փոփոխության չի ենթարկվել։ 

- Ճիշտ եք, մյուս անգամ կերկարացնեմ ժամկետը։ 

- Օրենքով սահմանված կարգով երկարացրեք, բայց դրա արդյունքում տեղեկատվությունը պետք է տրամադրեք։ Որովհետև եթե լրագրողներին տեղեկատվություն չեք տրամադրում, ինչ-որ առումով խոչընդոտում եք մեր աշխատանքը։

- Տրամադրել եմ տեղեկատվություն։ 

- Ձեր տրամադրած տեղեկատվության մեջ որևէ թիվ չկա։ 

- Դա դեռ պրոցեսի մեջ է։ Չկա, ինչ ասեմ։ 

- Սա նշանակում է, որ Դուք երկարաձգում եք պատասխանը։ 

- Ես չեմ երկարաձգում, ես պատասխանել եմ, որ պրոցեսի մեջ է։ 

- Ի՞նչ եք առաջարկում, այս իրավիճակում համագործակցային աշխատո՞ւմ ենք, թե՞ ստիպված պիտի հանրությանը տեղեկացնենք, որ նախարարությունը տեղեկատվություն չի տալիս՝ օրենքով սահմանված կարգով։ 

- Ի՞նչ ասեմ, դա ձեր իրավունքն է, ես կարո՞ղ եմ որևէ բան ասել։

Նախարարությանը հարցեր էինք ուղղել նաև մեկուսացման և թեստավորման կարգի վերաբերյալ, որոնց մասին տեղեկատվություն տրամադրվել է։ 

«Հետքն» այսօր երկրորդ անգամ է տեղեկատվության հարցում ուղարկելու պարետատուն՝ ակնկալելով իրացնել լրատվամիջոցի տեղեկատվություն ստանալու իր իրավունքը։ 

Մեկնաբանություններ (1)

ani
Mr. PM Pashinian must SUSPEND the salary of all the Health Ministry employees, ( incl. minister ! ) until ALL the figures are communicated to the government AND press Duty is duty -- for all

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter