HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարտքի պատճառով հոսանքազրկվել է բժշկական ծառայություններ մատուցող կենտրոնը. շտապօգնությամբ տեղափոխված հիվանդը մնացել է միջանցքում

Այսօր կեսօրին պարտքի պատճառով հոսանքազրկվել է «Ուլտրաիմիջինգ»  ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը: Այն գտնվում է Պարույր Սևակի փողոցի 5/7 հասցեում: «Ուլտրաիմիջինգ»-ի տնօրինությունը «Հետք»-ին ահազանգեց, որ հոսանքազրկման պահին շտապօգնության մեքենայով ծանր հիվանդ էր տեղափոխվել կենտրոն, որը պատգարակով հայտնվել էր հոսանքազրկված կենտրոնի միջանցքում:

«Ուլտրաիմիջինգ»-ի բժշկական գծով տնօրեն Արամ Քոչարյանը պատմեց, որ իրենց կենտրոնը դժվարամատչելի հետազոտություններ է իրականացնում` «ԿՏ», «ՄՌՏ», «Դուպլեքս»: «Մեզ կարգադրված է, որ ընդունենք միայն շտապ հիվանդներ: Շտապօգնության հիվանդին բերել էին, մենք էլ պատրաստվում էինք օգնել, բուժօգնություն ցուցադրել, պիտի հետազոտեինք: Հիվանդին մտցրեցին շենք, պիտի գլխուղեղի հետազոտության անեին, հոսանքազրկեցին»,- պատմեց Արամ Քոչարյանը:

Փորձել են ՀԷՑ-ի հետ կապ հաստատել, սակայն հեռախոսահամարներին պատասխանող չի եղել:

Արամ Քոչարյանը պատմեց, որ ՀԷՑ-ի մատակարարած հոսանքի գումարի մեծ մասը կենտրոնը վճարել էր, մնացել էր 500 հազար դրամի չափով պարտք:

Կենտրոնը նաև մասնաճյուղ ունի Ախուրյանում, որի սպառած էլեկտրաէներգիայի ողջ գումարը վճարված է:

«Ուլտրաիմիջինգ» -ի տնօրինությունը 10 օր առաջ նամակով դիմել է ՀԷՑ-ին, որպեսզի պարտքերի մարման ժամկետը երկարաձգեն մինչև մարտի 31-ը, քանի որ կենտրոնը դոլարային վարկի ձևակերպման փուլում է եղել` պարտքերը մարելու նպատակով: Մինչ օրս որևէ պատասխան չեն ստացել ՀԷՑ-ից:

«Մենք անում ենք դժվարամատչելի, ծանր տեխնիկայով ախտորոշում, և տեխնիկան հիմա մեծ վտանգի տակ է, որովհետև ՄՌՏ նորագույն սարք է»,- նշեց Արամ Քոչարյանը:

Արամ Քոչարյանը տեղեկացրեց, որ երեկ դոլարային վարկ են վերցրել և ամբողջությամբ մարել հարկային պարտավորությունները, վճարել են 70 % աշխատակիցների աշխատավարձը, ոչ մի աշխատող աշխատանքից չի ազատվել և տուն չեն ուղարկել, մարտի 1-ից նոր աշխատակից է ընդունվել: «Ուլտրաիմիջինգը» նորից էր դիմել վարկի համար, որպեսզի մարեր էլեկտրաէներգիայի պարտքը: Այսօր վարկը պետք է հաստատվեր: Սակայն ժամը 12-ի սահմաններում էլեկտրաէներգիան անջատվել է:

ՀԷՑ-ի հասարակայնության և կորպորատիվ կապերի հետ դեպարտամենտի պետ Նատալյա Սարաջանյանը պարզաբանեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` իրավիճակը ֆորս մաժոր ճանաչելու հայտարարությունը վերաբերում էր միայն քաղաքացիների պարտքերին, սակայն ՀԷՑ-ը կվերականգնի «Ուլտրաիմիջինգի» էլեկտրաէներգիայի մատակարարումը: Նատալյա Սարաջյանը նշեց, իրենք նամակ չեն ստացել ընկերությունից:  Թե ինչ հասցեով են ուղարկել, ուր են ուղարկել, իրենք տեղյակ չեն:

«Ելնելով իրավիճակից` եթե մարդիկ տվյալ օրը չեն կարող վճարել և ասում են, որ էսինչ օրը կվճարեն, մենք կգնանք զիջման: Հիմա կվերականգնենք կենտրոնի մատակարարումը, իրենք խոստացել են 31-ին վճարել, հուսով ենք, որ կվճարեն»,- ասաց Նատալյա Սարաջյանը:

Քիչ անց «Ուլտրաիմիջինգ» կենտրոնից տեղեկացանք, որ հոսանքի մատակարարումը վերականգնվել է, սակայն ոչ թե ՀԷՑ-ի բարի կամքի դրսևորման արդյունքում, այլ միայն վճարումը կատարելուց հետո: Կենտրոնի վարկավորումը կազմակերպվել է, և պարտքը մարվել:

Շտապօգնության մեքենայով կենտրոն բերված հիվանդին, մինչ էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնումը, տեղափոխել են այլ բժշկական կենտրոն:

«Ուլտրաիմիջինգ»-ի տնօրինությունն ասում է, որ ստեղծված իրավիճակը երկրի և ՀԷՑ-ի ղեկավարության, ինչպես նաև պարետի և հանրային ոլորտը կարգավորող հանձնաժողովի ուշադրության կենտրոնում պետք է լինի:  

Մեկնաբանություններ (1)

Գևորգ Մարտիրոսյան
էդ ՀԷՑ-ի և ԳԱԶպրոմի հանդեպ կառավարությունը պետք է մի քիչ ավելի խիստ մոտեցում ցուցաբերի թե չէ արդեն լրիվ չափերն անցել են.... իրենք ինչ է, անկախ հիմնարկներ են և չպետք է երկրի ընդհանուր օրենքներին ենթարկվեն հա....? ահավասիկ օրինակն աչքի առաջ է՝ "կեղծ բարի կամքի ցուցաբերում"...բայց փաստորեն մինչև չեն վճարել, հոսանքը չեն միացրել...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter