
Արմավիրի մարզի գյուղերում հարկերը չվճարողներին «զգուշացնում» են տեղեկանքներ չտրամադրելու մասին
Արմավիրի մարզի մի շարք համայնքներում հայտարարություն է փակցվել, որ տեղեկանքներ չեն տրամադրելու հարկային պարտավորություններ ունեցող անձանց: Մարզի Խորոնք համայնքում հայտարարությունը փակցված է համայնքապետարանի շենքում:
«Հարգելի համագյուղացիներ, համայնքապետարանը չի կարող որևէ տեղեկանք տրամադրել այն անձանց, ովքեր ունեն հողի հարկի և գույքահարկի պարտքեր համայնքապետարանին»,- այս գրությունը փակցված է համայնքապետի աշխատասենյակի դիմաց:
Խորոնքի համայնքապետ Սարգիս Նահապետյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ խոսքը ոչ թե նոր պարտքերի մասին է, այլ՝ 10 տարվա:
«Մարդ կա 10 տարի պարտք է, չի տալիս, ի՞նչ անեմ»,- ասում է Խորոնքի համայնքապետը: Հարցին` արդյոք ընդդեմ պարտավորություն ունեցող գյուղացիների դիմել է դատարան՝ գումարի բռնագանձման պատճառով, համայնքապետը բացասական պատասխան տվեց:
«Ամբողջ գյուղն իրար բարեկամ է, խնամի է, ընկեր է, դատարան դիմելով չի: Մեկ տարի, երկու տարի հասկացանք, մարդ կա տաս տարի է` հարկերը չի տվել: Միայն նրանց է վերաբերվում: Եթե կարդացել եք, գրված է, որ հին պարտքեր ունեցողներին չի տրամադրվում տեղեկանք»,- ասում է Սարգիս Նահապետյանը, այդպես էլ չհամոզվելով, որ գրության մեջ «հին» և «նոր» պարտավորությունների մասին խոսք չկա: Բացի այդ, օրենքով նախատեսված չէ, որ բնակիչները պարտավորությունների համար տեղեկանքներ չստանան:
Համայնքապետի խոսքերով, մոտ 7 մլն դրամ են կազմում հին ապառքները, ինչը հավաքագրելը մեծ դժվարություն է:
«Մարդ կա 10 տարի հարկ չի տվել, որ ասում ես տեղեկանք չենք տալիս, բերում մասնակի՝ 10-20 հազար դրամ մուծում է, լրիվ չեն տալիս, բայց մի մաս տալիս են: Խնդրելով, աղաչելով մի որոշ մաս վճարում են, ինչ անենք: Ընտրովի մարմին ենք, չենք էլ կարող: Մարդկանց հետ թշնամանա՞նք, գյուղում ապրում ենք, դրանից հետո կյանք կա, էրեխեքն այդտեղ են ապրում, հո չենք թշնամանա բոլորի հետ»,- ավելացրեց Ս. Նահապետյանը:
Առատաշեն համայնքում հունվարի վերջին նմանատիպ հայտարարություն հրապարակվել էր նաև համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում, որը վերաբերում էր աղբահանության պայմանագրերի կնքմանը: Այստեղ էլ զգուշացրել են, որ «համայնքապետարանի հետ կապված ոչ մի գործարք չի կատարվելու այն անձանց հետ, ովքեր խուսափում են պայմանագրի կնքման գործընթացից»:
Առատաշենի համայնքապետ Վահրամ Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է լսում, որ նմանատիպ հայտարարություն է հրապարակվել, այդ թվում տեղադրվել համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:
«Անկեղծորեն, այդպիսի դեպք չի եղել, որ խնդիր լինի: Մենք ամեն օր աղբաթափություն ենք անում, բայց դե բնակիչները պիտի պայմանագիր կնքեն, էլի: Ոնց որ թե չեմ հիշում դեպք, որ գյուղացին գա, ասի՝ պայմանագիր չեմ կնքում, մենք էլ տեղեկանք չտանք»,- ասաց Վ. Հարությունյանը՝ հավելելով, որ կհրահանգի ֆեյսբուքյան էջից հեռացնել այդ հայտարարությունը:
Առատաշենի համայնքապետը նշեց, որ բնակիչները «սովոր չեն» վճարել աղբաթափության համար, քանի որ համայնքն իր բյուջեից հատկացված միջոցներով է արել: Սակայն նշեց, որ բնակիչները պարտավոր են վճարել այդ ծառայության համար, ինչը մեծ գումար չէ՝ 1 շնչի համար տարեկան 1000 դրամ:
«Մարդը տարիներով հարկ չի վճարում, էլի տեղեկանքը տալիս ենք, ինչ մնաց պայմանագիր չկնքելու համար տեղեկանք չտանք»,- նշեց Վահրամ Հարությունյանը:
Մեկնաբանել