HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

80 տարի է պետք բոլոր դպրոցները կառուցելու համար

Մատաղիսը Լեռնային Ղարաբաղի հյուսիս-արեւելքում է։ Սահմանամերձ գյուղ է։ Պատերազմի ընթացքում անցել է ադրբեջանցիների ձեռքը, հայաթափվել ու հիմնովին ավերվել։ Մատաղիսի համայնքի ղեկավար Արթուր Մեժլումյանն ասում է, թե ազատագրումից հետո բնակչությունը մոտ երեք անգամ պակասել է, մինչդեռ գյուղը կարեւոր նշանակություն ունի Ղարաբաղի համար։ Եւ այդ պատճառով «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի (Կանադա) տեղական մարմինը ստանձնել է գյուղի դպրոցի շինարարության ծրագիրը։

Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանն ասում է, որ Մատաղիսի ընտրությունն առաջին հերթին պայմանավորված է գյուղի սահմանամերձ լինելով։ «Մեզ համար Արցախի ապագան շատ կարեւոր է, իսկ Արցախի ապագան երեխաներն են»։

Տորոնտոյի տեղական մարմինը Ղարաբաղում երեսունից ավելի ծրագիր է իրականացրել։ Սա կանադահայերի կառուցած երրորդ դպրոցն է։ Առաջինը Ստեփանակերտի ֆիզիկամաթեմատիկական գիշերօթիկն էր՝ կառուցված Ֆրանսիայի եւ Արգենտինայի հայության մասնակցությամբ, երկրորդը՝ Շոշի դպրոցը։

«Մենք որեւիցե բան կիսատ չենք թողնում,- ասում է Մկրտիչ Մկրտիչյանը։- Երբ հարյուրեն-հարյուր շինությունն ավարտի, կահույքը պիտի ուղարկենք, եւ կահույքին հետ անմիջապես հետո' կոմպյուտորներ, եւ պիտի ըլլա կոմպյուտորի սենյակ։ Եվ, ուրեմն, ամեն կահույքով, ամեն կոմպյուտորներով պիտի դառնա արդիական մի դպրոց»։

Մատաղիսի դպրոցի շինարարության համար գումար հանգանակելիս տեղական մարմինը Տորոնտո է հրավիրել Արցախի մեծ բարեկամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին։ Բարոնուհին սիրով համաձայնել եւ մասնակցել է Տորոնտոյի հայերի կազմակերպած դրամահավաքին։ Եւ հիմա այնպես է ստացվել, որ թեեւ դպրոցի շենքը լիովին պատրաստ չէ շահագործման, բայց մատաղիսցիները պատեհություն ունեցան հյուրընկալելու եւ՛ բարոնուհի Քոքսին, եւ՛ Տորոնտոյի տեղական մարմնի ներկայացուցիչներին։

Մատաղիսում Քերոլայն Քոքսը հյուր չէ։ Շատերի համար նա հարազատ մարդ է, որովհետեւ մատաղիսցիների կողքին է եղել եւ՛ բռնագաղթի ծանր օրերին, եւ՛ գյուղի ազատագրումից հետո, եւ՛ հիմա, երբ կարեւոր մի քայլ է արվում գյուղի զարգացման ուղղությամբ։

Նա Մատաղիսի հետ կապված շատ հուշեր ունի, բայց ամենատպավորիչը 1993-ին փոքրիկ Գեղամի գրած բանաստեղծությունն է, որի անգլերեն թարգմանությունը բարոնուհին կարդաց ներկաների համար։

Մինչեւ Նոր տարի Մատաղիսի դպրոցը պատրաստ կլինի եւ կընդունի գյուղի 67 աշակերտներին։

Համայնքի ղեկավար Արթուր Մեժլումյանը վստահ է, որ դրանից հետո աշակերտների թիվը մեծանալու է։ «Հաշվի առնելով, որ դպրոցի վիճակը նորմալ չի, սպաների մեծամասնությունը ընտանիքներին չի տեղափոխում այստեղ։ Հիմա նոր դպրոցը, որ կառուցվում ա, սպաներն արդեն իրանց ընտանիքները կբերեն, եւ նորմալ աճը կզարգանա»։

Մատաղիսի դպրոցի շինարարության ավարտից հետո Տորոնտոյի տեղական մարմնի ֆինանսավորմամբ դպրոցական շենք կկառուցվի նաեւ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղում։ Շարունակական այս ծրագրերը նաեւ աշխատատեղեր են ապահովում ղարաբաղցիների համար, ինչը պակաս կարեւոր չէ։ «Մենք, օրինակ, այս դպրոցը կառուցելով 80-100 հոգիի աշխատանք ենք ստեղծել։ Եւ նկատելով, որ մենք հաջորդ դպրոցը այս ավարտած հաջորդ օրը պիտի սկսինք կառուցել, 80-100 հոգին պիտի շարունակի իրենց գործերը մի ուրիշ տեղ անել։ Ուրեմն, մենք այս ամենի մասին չենք մտածում, բայց Հիմնադրամը այդ գործն ալ անուղղակի կերպով իրականացնում է»,- ասում է Մկրտիչ Մկրտիչյանը եւ կոչ անում աշխարհասփյուռ հայությանն ավելի առատաձեռն լինել։ «…Որովհետեւ չենք կարող ամեն մի տարի մեկ դպրոց բանալ, ութանասուն տարի կտեւի Արցախի բոլոր դպրոցները ավարտել։ Ոչ մի մարդ չի սպասի ութանասուն տարի իր երեխան դպրոց ղրկելու համար»։

Լուսանկարներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter