HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հաշվեքննիչ պալատը ֆինանսական խախտումներ է հայտնաբերել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում

Հաշվեքննիչ պալատը մի շարք խախտումներ ու բացթողումներ է հայտնաբերել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում։ Թերացումները բազմադրվագ են՝ վարկային միջոցների օգտագործումից մինչև տրանսպորտային միջոցների շահագործում: Եզրակացությունը հրապարակվել է վերջերս:

Հաշվեքննիչ պալատն ուսումնասիրել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի 2017թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի ֆինանսատնտեսական գործունեությունը:

Պարզվել է, որ չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բաձրացման նպատակով Հիմնադրամը նպատակային փոխառության պայմանագրեր է կնքել ծրագրի մասնակից ֆինանսական կազմակերպությունների հետ: «Էներգաարդյունավետ» վարկերը պետք է տրամադրվեին Հայաստանի չգազաֆիկացված համայնքների իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ մաքուր էներգիայի զարգացման և էներգաարդյունավետության բարձրացման նպատակով։

Հիմնադրամի ֆինանսավորմամբ «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից 9 մարզերի 76 համայնքներին տրամադրվել են վարկեր: Սակայն երկու՝ Սյունիքի մարզի Շամբ և Արարատի մարզի Ուրցաձոր համայնքներն ընդգրկված չեն եղել չգազաֆիկացված համայնքների ցանում, մինչդեռ 4 շահառուների վարկ է տրամադրվել՝ 3 մլն 310 հազ. դրամի չափով:

Նույն ծրագրով «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ն էլ վարկեր է տրամադրել 9 մարզերի 75 համայնքներին: Սակայն դարձյալ Արարատի մարզի Ուրցաձոր և չգազաֆիկացված համայնքների ցանկում չներառված Վայոց ձորի մարզի Արփի համայնքների 4 շահառուների տրամադրվել է վարկ՝ 1 մլն 362 հազար դրամի չափով:

«Գլոբալ Կրեդիտ»-ի վարկավորմամբ համակարգերի տեղադրումն իրականացվել է միայն «Արփի Սոլար» ՍՊԸ-ի կողմից։ Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընկերության կողմից տեղադրված միևնույն տեսակի համակարգերի միջև՝ ըստ նույն մարզի համայնքների, տարբեր մարզերի համայնքների, ինչպես նաև նույն համայնքի ներսում առկա են գնային տարբերություններ։ Մոտավոր նույն պատկերն արձանագրվել է նաև վարկային միջոցներով «ԱԳԲԱ Լիզինգ»-ի կողմից վարկավորմամբ տեղադրված ֆոտովոլտային համակարգերի գների ուսումնասիրության արդյունքում, սակայն այստեղ համակարգերը տեղադրվել են ոչ թե մեկ, այլ 4 ընկերությունների՝ «Շտիգեն», «Ֆրիներջի», «Օպտիմում» և «Պրոֆպանել» ՍՊԸ-ների կողմից։

Հաշվեքննիչ պալատի մասնագետները եզրակացրել են, որ՝ համակարգերի տեղադրման աշխատանքների գների միջև առկա տարբերությունների պատճառը հիմնականում այդ աշխատանքներում տնտեսավարող սուբյեկտների ներգրավման աստիճանն է: «Գլոբալ Կրեդիտ»-ը համագործակցել է միայն «Արփի Սոլար» ՍՊԸ-ի հետ, որի արդյունքում, մրցակցության բացակայության պայմաններում, տեղադրված համակարգերը ձեռք են բերել ավելի բարձր գնային մակարդակ: Իսկ թե ինչու են գնային տարբերություններ արձանագրվել մրցակցային պայմաններում աշխատող մյուս վարկային կազմակերպության կողմից ֆինանսավորված ծրագրում՝ պատասխան չկա:

Բացթողումներ են հայտնաբերվել նաև հիմնադրամի  տրանսպորտային ծախսերում: Մասնավորապես՝ հիմնադրամի կողմից հաշվետու ժամանակաշրջանում շահագործվել են թվով 2՝ «Toyota Pradօ» և «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց շահագործման նպատակով 2017-2018թթ. ծախսվել է համապատասխանաբար՝ 5182 և 4275 լիտր վառելիք: 3950 լիտր վառելիքը 2018թ. հատկացվել է ուղեթերթիկներով, իսկ 325 լիտրը՝ 145.5 հազ. դրամ արժեքով, տրամադրվել է աշխատակիցներին՝ սեփական մեքենաներով գործուղման մեկնելու նպատակով։

Հաշվեքննիչ պալատի մասնագետների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենաների ուղեթերթիկներում վազքը ներկայացվել է շաբաթական, իսկ վառելիքի հաշվառումը կատարվել է ամսական կտրվածքով՝ առանց օրական հաշվարկի, ինչը հաստատվել է ուղեթերթիկներում մեկ ամսվա համար վարորդների ընդամենը մեկ ստորագրության առկայությամբ: Իսկ մի շարք դեպքերում՝ «NISSAN ALTIMA» մակնիշի ավտոմեքենայի ուղեթերթիկներում վազքի ցուցանիշների դիմաց ստորագրությունները բացակայել են:

Պարզվել է նաև, որ ծառայողական մեքենաներն առանց համապատասխան հրամանների և ձևակերպման, շահագործվել են նաև ոչ աշխատանքային և տոն օրերին, իսկ այդ օրերին վառելիքի ծախսը ներառվել է աշխատանքային շաբաթվա ընթացքում կատարված ծախսի մեջ։ Առանձին ուղեթերթում ավտոմեքենայի ամսական վազքն՝ ըստ արագաչափի ցուցմունքների, չի համապատասխանել կատարված հաշվարկային ցուցանիշին:

Որպես հիմնավորում, հաշվեքննիչ պալատին ներկայացվել է, որ Հիմնադրամի աշխատակիցների կողմից գործուղման մեկնելիս նրանց տրամադրվել է անհրաժեշտ բենզին, որն ամեն դեպքում պետք է ծախսվեր Հիմնադրամի ծառայողական ավտոմեքենայով գործուղման մեկնելու դեպքում: Տվյալ դեպքում բենզինի տրամադրման հետևանքով Հիմնադրամի վրա որևէ ֆինանսական բեռ չի ավելացել, այլ ընդհակառակը՝ Հիմնադրամի ծառայողական ավտոմեքենայի փոխարեն մաշվածության է ենթարկվել աշխատողի անձնական ավտոմեքենան: Բացի այդ, կարծում են, որ կառավարության համապատասխան որոշումը կիրառելի չէ այս դեպքում, քանի որ այն չի կարգավորում աշխատողի կողմից գործատուի կամ իր սեփական մեքենայով գործուղման մեկնելու հարաբերությունները, այլ սահմանում է միայն Հայաստանի պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների վառելիքի, յուղերի ու քսուկների ծախսի նորմաները:

Նշել են նաև, որ 2018թ. հունիսին հիմնադրամի աշխատակազմի ղեկավարի կողմից ներկայացվել է զեկուցագիր տնօրեին այն մասին, որ «NISSAN ALTIMA» մակնիշի ավտոմեքենայի 2018թ. հունիս ամսվա  29 օրերի վազքը կազմել է 1726 կմ, այն դեպքում, որ մեքենան շահագործվել է ներքաղաքային պայմաններում և հիմնադրամի տնօրենը եղել է արտերկրում՝ գործուղման մեջ: Առաջարկվել է կարգապահական տույժի ենթարկել վարորդին, ինչպես նաև հետագայում պայմանագիրը չերկարացնելու առաջարկություն է ներկայացվել: Հուլիսին լուծվել է վարորդի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter