HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շատ բանտարկյալներ մեկուսացման մեծ փորձ ունեն

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից  

Հետաքրքիր է` ե՞րբ է առաջին անգամ մարդն ինքնամեկուսացել: Հավանաբար նախանադարում քարանձավի մեջ պատսպարվել է գիշատիչներից, կամ պարզապես հոգնել է ցեղախմբի բարքերից և որոշել է մենակ մնալ` խորհելու համար կյանքի իմաստի շուրջ և իր դերի մասին այս աշխարհում: Որքանով տեղյակ եմ` բոլոր կրոններում հոգևորականներն ունեն այս կամ այն ժամանակով ինքնամեկուսացված լինելու ավանդութ: Ինքնամեկուսացումն, ասես, յուրօրինակ ինքնամաքրման, կյանքի վերարժևորման հնարավորություն լինի: 

Անշուշտ, նաև գիտական հետաքրքրություն է ներկայացնում որպես պատիժ մարդուն մեկուսացնելու գաղափարը: Երբ փոքր տարիքում երեխան չարություններ է անում, նրան ծնողները կամ ուսուցիչը անկյուն են կանգնեցնում: Առաջին` դեմքով դեպի պատը կանգնած երեխան չի տեսնում շրջապատող աշխարհը, սակայն լսում է: Երկրորդ` նա դառնում է ուշադրության կենտրոն: Երրորդ` այս ամենն արվում է հրապարակայնորեն, որպեսզի բոլորին դաս լինի:

Այսօր ցանկանում եմ ձեզ հետ կիսվել դաժանագույն պայմաններում մեկուսացված լինելու իմ փորձով` աշխարհում ստեղծված ներկայիս իրավիճակի տեսանկյունից: 1996 թվականի ամռանը 18մ² բանտախցում փակված լինելով 15 այլ ազատազրկվածների հետ` առաջին հերթին բախվեցի սանիտարահիգիենիկ խնդիրներին: Զուգարանը` հատակի մեջ անցքը և լվացարանը գտնվում էին ընդամենը մինչև գոտկատեղը խցից առանձնացված պատով 1,5 մ² տարածության վրա: Այսինքն` այդ զուգարան կոչվածում 24 ժամվա ընթացքում 15-20 տղամարդ պետք է հա՛մ բնական կարիքները հոգան, հա՛մ լվացվեն, լողանան, սափրվեն, հա՛մ աման-բաժակ լվանան, հետն էլ ամեն օր տասնյակ շշերով ջուր հավաքեն, քանի որ 1 ժամ առավոտյան, 1 ժամ երեկոյան էր ջուրը գալիս: Այս ամենի հետ մեկտեղ, երբ տեսա, որ լվացվելու համար դրված է մեկ օճառ, զարհուրեցի: Դա չէր կարող ընդունելի լինել: Օրեր անց ծնողներս հանձունքով սննդից բացի, ուղարկեցին հիգիենայի պարագաներ: Ու արդեն 24-րդ տարին մշտապես ունեմ իմ առանձին օճառը: Նույնիսկ վերջին տարիներին, երբ ստանում եմ նաև հեղուկ օճառ, միևնույնն է, այն առանձին է, քանի որ, այնուամենայնիվ, մատով դիպչում ես գլխիկին, երբ սեղմում ես: Այս բծախնդրությունն, որը այժմ թելադրվում է ամբողջ աշխարհին, իմ մոտ ձևավորվել էր դեռ բժշկական համալսարանում սովորելու առաջին տարիներին: Այն ժամանակ գոյություն ուներ սանիտարահիգիենայի ֆակուլտետ, որտեղ ես սովորեցի 2 տարի և հետո նոր տեղափոխվեցի ստոմատոլոգիական ֆակուլտետ: Հիշում եմ, որ ընդամենը մեկ կիսամյակ, որպես փորձնական տարբերակ նորամուծություն էր` լսում էինք դասախոսություններ «սոցիալական հիգիենա» առարկայից: Իմացա, որ առհասարակ այդ ֆակուլտետը վաղուց փակվել է: Միգուցե այս համաճարակը պատճառ հանդիսանա, որ նման ֆակուլտետ ունենալու անհրաժեշտությունը գիտակցեն կրկին: Սանիտարահիգիենիկ ֆակուլտետի ուսանողները մասնագիտացված լինելով մանրեների աշխարհում տիրող բարքերին և կենսագործունեությանը` աչալուրջ հետևում էին հանրային վայրերում, այդ թվում՝ ռեստորաններում, սրճարաններում, խանութներում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանը: 

Հաջորդ կարևոր խնդիրը, որին մարդ բախվում է որոշակի խմբով մեկուսացված լինելու պայմաններում, հոգեբանական համատեղելիության հարցն է: Այն դառնում է արդիական և սրվում է նույնիսկ ընտանիքներում, որտեղ համերաշխությունն է տիրում: Սովորական կյանքում ընտանիքի անդամները գնում են աշխատանքի, այլ հարցերով կարող են ինչ-որ տեղ գնալ, իսկ երբ օրեր, ամիսներ շարունակ պետք է գտնվեն որոշակի փակ տարածքում` սկսում են ի հայտ գալ նևրոտիկ երևույթներ: Որպես կանոն այս կամ այն ձայներն են ազդում, հետո նաև այս կամ այն դեմքի արտահայտությունը, շարժուձևը: Նույնիսկ բարձր ինտելեկ ունեցող և հատուկ պատրաստվածություն անցած տիեզերագնացները լրջագույնս ընտրվում են համատեղելիության հարցը լուծելիս և տիեզերանավում ունենում են առանձնանալու հնարավորություն: Հոգեբանական և ֆիզիոլոգիական հետազոտությունները ցույց են տվել, որ մարդը ժամանակ առ ժամանակ մենակ մնալու անհրաժեշտություն ունի: Այնպես որ, այս վիրուսը բոլորիդ տվել է նաև լավ հնարավորություն` ավելի մոտիկից ճանաչել ընտանիքի անդամներին և ինքներդ ձեզ: 

Պատկերացնու՞մ եք, թե ինչ իրավիճակում է հայտնվում մարդը, երբ նրան փակում են բանտախցում այլ` բոլորվին օտար մարդկանց հետ: Ես չեմ ծխում և 24 տարվա մեջ հանդիպել եմ ընդամենը 2 հոգու, ովքեր թարգեցին ծխելը, երբ իմ հետ նույն խցում էին գտնվում: Պատկերացրեք 18մ² տարածքում մարդկանց, որոնցից քչերն են սիրում գիրք կարդալ և անտարբեր չեն ուսման նկատմամբ, իսկ մեծամասնությունը իմաստ չի տեսնում գրքերի մեջ, ոմանք էլ ատում են կրթվածներին: Պատկերացրեք, որ խցում 8-15 տղամարդ են և մեծամասնությունը գիշերը չի քնում` զրուցում են, վիճում, հեռուստացույցը միացրած է: Եթե մեկն էլ գրիպով հիվանդացավ, նրան այլ խուց չեն տանում: Մի խոսքով` գժվել կարելի է: Ոմանք իսկապես խելագարվեցին:

Հաջորդ, միգուցե ամենակարևոր խնդիրը մեկուսացվածության իրավիճակում` ժամանակը ճիշտ օգտագործելն է: Օրինակ, ես բանտում գտնվելով՝ անընդհատ զբաղված եմ: Փորձեք ստեղծագործել, ինչու ոչ` նկարեք, ձեռագործ արեք, կավից կամ պլաստիլինից ինչ-որ բան քանդակեք: Կարող եք կարդալ այն գրքերը, որոնք միշտ ցանկացել եք, բայց ժամանակ չեք ունեցել: Ինքներդ գրեք բանաստեղծություններ կամ պարզապես ձեր հետաքրքիր մտքերը գրի առեք: Հանգիստ, ուշադիր դիտեք այն ֆիլմերը, որոնք ձեզ շատ են դուր եկել երիտասարդ տարիքում, նաև մուլտֆիլմերը, որոնց համար գժվում էիք մանուկ հասակում: Իսկ ամենակարևորը` ընթերցեք հեքիաթները, որոնք ձեզ կարդում էր մայրիկը, տատիկը, հեքիաթներ, որոնք ինքներդ էիք կարդում: Միգուցե սկսեք գիտակցել, որ դուք ձեր կյանքում թաքնված կերպով ընդօրինակում եք հեքիաթի կամ մուլտֆիլմի այս կամ այն հերոսին… 

Եվ վերջում, եթե մենք չենք հասկանում մոլորակի բոլոր անկյուններում և բոլոր կենդանի արարածների մեջ ապրող մանրէներին, դեռ չի նշանակում, որ նրանք չունեն բանականություն…      

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter