Հրազդանի բնակիչը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ ավազակության և ապօրինի կերպով զենք պահելու համար
Դատարանն ապացուցված է համարել ավազակություն կատարելու և ապօրինի կերպով զենք պահելու համար Ն. Կիրակոսյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել երկարատև ազատազրկման:
Դատարանում հիմնավորված ապացույցների համաձայն՝ Հրազդան քաղաքի բնակիչ Ն. Կիրակոսյանը 2008թ. հունիսին նախնական համաձայնության է եկել իր ծանոթներ Վ. Հովհաննիսյանի, Ա. Հեպոյանի, Կ. Թոռչյանի և Հ. Թորոսյանի հետ՝ ոսկյա իրերի առևտրով զբաղվող Է. Գրիգորյանից ավազակային հարձակման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու վերաբերյալ:
Ավազակային հարձակման եղանակով հափշտակությունը կատարելու համար ձեռք են բերել դիմակներ, ինքնաձիգ և մուրճ: Մշակված ծրագրի համաձայն՝ առավոտյան 08:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 106-րդ և 107-րդ շենքերի մոտ դարանակալել են և սպասել Է. Գրիգորյանին: Տեսնելով Է. Գրիգորյանի ավտոմեքենան՝ անմիջապես փակել են մեքենայի ընթացքի ճանապարհը և ինքնաձիգի գործադրմամբ ավազակային հարձակում գործել Է. Գրիգորյանի և նրա որդի Կ. Գրիգորյանի նկատմամբ: Բացելով մեքենայի դռները՝ մեքենայի հետևի նստատեղի վրայից վերցրել են կոշիկի տուփերում առկա առանձնապես խոշոր չափերի՝ 33 555 000 դրամ արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերն ու հեռացել:
Ն. Կիրակոսյանը, Ա. Հեպոյանը և Կ. Թոռչյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, սակայն վերջիններիս մեղադրանք չի առաջադրվել՝ նրանց գտնվելու վայրը պարզ չլինելու պատճառաբանությամբ: Հանցագործությունը կատարելուց հետո հիշյալ անձինք թաքնվել են, իսկ Թոռչյանը մեկնել է հանրապետությունից: Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Հետագայում պարզվել է, որ Ռուսաստանում գտնվող Կ. Թոռչյանը մահացել է:
2009թ. հունիսի 17-ին քրեական գործից Վ. Հովհաննիսյանի և Հ. Թորոսյանի վերաբերյալ մասը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ և կայացվել է դատավճիռ:
Բացի դրանից՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ն. Կիրակոսյանը ապօրինի կերպով ձեռք է բերել Բրոունինգ տեսակի ատրճանակ: Նշված հրազենն ու ռազմամթերքը 2011թ. մարտի 14-ին հայտնաբերվել են Ն. Կրակոսյանի ձռքի պայուսակում նրա անձնական խուզարկության ժամանակ:
Կատարած հանցանքերի համար Ն. Կիրակոսյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է, լրացվել, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և ուղարկվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
«Կոտայքի մարզի ընդհաուր իրավասության դատարանի՝ 2012թ. փետրվարի 22-ի դատավճռով Ն. Կիրակոսյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ 11 տարի ժամկետով»,- հայտնում է գլխավոր դատախազությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել