HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Ստեփանակերտցի իրավաբան. «Չի կարող սահմանադրական գործընթացը ստեղծել սահմանադրական ճգնաժամ»

Ֆեյսբուք սոցիալական ցանցում չեն դադարում քննարկումները COVID-19-ի վարակի պատճառով Արցախում մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունները չեղարկելու ու արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ: Ըստ Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքի՝ արտակարգ դրության ժամանակ ընտրություններ չեն անցկացվում, իսկ արտակարգ դրության ավարտից հետո անցկացվում են նոր հերթական ընտրություններ:

Խոսվում է նաև այն մասին, որ արտակարգ դրություն հայտարարելու պարագայում կարող է սահմանադրական ճգնաժամ ստեղծվել: «Հետքը» այս հարցերի շուրջ զրուցել է Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակի իրավախորհրդատու Վաղարշ Աղաբեկյանի հետ:

-Պարոն Աղաբեկյան, ասում են, որ արտակարգ դրություն հայտարարելու ու ընտրությունները չեղարկելու դեպքում հնարավոր է կանգնենք սահմանադրական ճգնաժամի առջև: Ի՞նչ լուծումներ կան այս պարագայում:

-Իրականում սահմանադրական ճգնաժամ իմ պատկերացմամբ կարող է լինել, եթե արտակարգ դրություն հայտարարելու նախադրյալներ չլինեին։ Առկա առողջապահական, սոցիալական, տնտեսական ու մեր պարագայում նաև անվտանգության վտանգները առավել քան բավարար են արտակարգ դրություն հայտարարելու համար։ Սահմանադրական ճգնաժամ չի կարող առաջանալ Սահմանադրության չխախտման ու Սահմանադրության պահանջները կատարելու դեպքում։

-Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ սահմանադրական ճգնաժամ կարող է լինել, եթե արտակարգ դրություն հայտարարելու նախադրյալներ չլինեին

-Նայե՛ք՝ Սահմանադրությունը նախատեսում է, որ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հանրապետության նախագահը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին: Հատկանշական է, որ նույն կարգավորումը գործում է նաև ՀՀ-ում: Covid 19-ի պանդեմիան ՀՀ իշխանությունների կողմից իրավաչափորեն գնահատվել է որպես սահմանադրական կարգին սպառնացող վտանգ, և նրանց կողմից հղում անելով համապատասխան սահմանադրական նորմին, հայտարարվել է արտակարգ դրություն, իրականացվել համապատասխան միջոցառումներ և հետաձգվել հանրաքվեն: Այն դեպքում, որ ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են ՀՀ ՍԴ-ի շուրջ առկա ճգնաժամային իրավիճակի մասին, սակայն կողմ են դրել այդ բոլոր խնդիրները և հստակ սահմանել իրենց առաջնահերթությունները:

Այսինքն չի կարող սահմանադրական գործընթացը ստեղծել սահմանադրական ճգնաժամ:

-Լավ, ենթարենք արտակարգ դրություն է հայտարարվում: Ըստ Սահմանադրության՝ ի՞նչ սցենարներ կան, Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկե՞տն է երկարաձգվում, ո՞վ է ղեկավարելու երկիրը:

-Սահմանաադրության և Ընտրական օրենսգրքի համաձայն` արտակարգ դրության ժամանակ ընտրություններն ու հանրաքվեները չեն իրականացվում, այդ ընթացքում բնականաբար հանրային իշխանության գործող մարմինները շարունակում են իրենց աշխատանքը, արտակարգ դրության ավարտից հետո 50-65 օրվա ընթացքում նշանակվում են նոր ընտրություններ:

-Մինչև ե՞րբ կարող ենք արտակարգ դրությունը պահպանել:

-Արտակարգ դրությունը կպահպանվի այնքան ժամանակ, որքան առկա կլինի վտանգը: Արտակարգ դրության ժամկետը սահմանվում է 30 օր, ուղղակի այն կարելի է երկարաձգել:

-Տեղի՞ն է, արդյոք, ՀՀ-ում հետաձգված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որտեղ ընդամենը մի կետ պիտի փոխվի, համեմատել համապետական ընտրությունների հետ

-Հանրաքվեի օրինակը մի նպատակ էր հետապնդում` ցույց տալու, որ իրավական հիմքեր իրականում առկա էին, և պետք չէ «արդարանալ» Սահմանադրությամբ։ Խնդիրն այն է, որ առկա են շատ լուրջ առողջապահական, իրավական, քաղաքական, տնտեսական ռիսկեր, որոնք շատ ավելի լուրջ են, քան ենթադրյալ «սահմանադրական ճգնաժամը» կամ իշխանության փոխանցման խնդիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter