HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է Քշիշտոֆ Պենդերեցկին

Կրակովում մահացել է լեհ հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին։ Նա 86 տարեկան էր։ Լեհաստանի մշակույթի նախարարությունը հայտնել է, որ կոմպոզիտորը մահացել է ծանր երկարատև հիվանդությունից հետո։ 

Քշիշտոֆ Պենդերեցկին մերօրյա ամենահայտնի կոմպոզիտորներից մեկն էր, «Գրեմմի»-ի քառակի դափնեկիր ։ Նրա ստեղծագործությունները դարձել են մի շարք ֆիլմերի սաունդթրեքեր։ 

Հայտնի կոմպոզիտորը բազմիցս հանդես է եկել նաև Հայաստանում։ Հայաստան իր այցելություններից մեկի ժամանակ նա պատմել է, որ ունի հայկական արմատներ։  Մաեստրոն խոստովանել էր, որ իրեն քառորդ հայ է զգում, քանի որ իր տատն ազգությամբ հայ էր։ 

Կոմպոզիտորի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է․ 

«Ցավով տեղեկացա լեհ մեծանուն կոմպոզիտոր և երաժշտարվեստի ռահվիրա Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան մասին: Նա հիրավի 20-րդ դարի, ինչպես նաև մեր դարաշրջանի երկու տասնամյակների դասական երաժշտության ամենակարկառուն ներկայացուցիչներից էր: Պենդերեցկու ստեղծագործություններին քաջածանոթ էին աշխարհի բոլոր անկյուններում, իսկ դրանց կատարումներով հանդես էին գալիս հայտնի նվագախմբեր և մենակատարներ: Դրա վառ վկայություններն են բազմաթիվ միջազգային երաժշտական մրցանակները և պետական ու հանրային մակարդակով դրսևորված գնահատանքը:

Տաղանդաշատ ստեղծագործողը սերտ կապեր էր պահպանում իր նախնիների հայրենիքի` Հայաստանի հետ և տարբեր առիթներով այցելում: Նրա ներդրումը համաշխահային երաժշտարվեստին մշտապես հավուր պատշաճի գնահատվել է նաև Հայաստանում:

Պենդերեցկու հսկայական երաժշտական ժառանգությունը վստահաբար կշարունակի ապրել` հարստացնելով մեզանից յուրաքանչյուրին»:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Նրա նորարական երաժշտական լեզվի, էքսպրեսիվ երաժշտական ձևերի, նրա արվեստի հոգևոր բովանդակության մասին շատ է գրվել և ավելի շատ է գրվելու ապագայում: Երախտագիտության խորին զգացումով ենք հիշելու նրա այցերը Հայաստան՝ «Երևանյան հեռանկարների», Արամ Խաչատրյանի անվան մրցույթի, «Հովեր» երգչախմբի, ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցության շրջանակներում»։

Պենդերեցկին ծնվել էր 1933 թվականի նոյեմբերի 23-ին, Լեհաստանի Դեմբիցե քաղաքում։ Կոմպոզիտորի առաջին խոշոր ելույթը տեղի էր ունեցել 1959 թվականին Վարշավայի աշնանային փառատոնում։  Իր ստեղծագործություններում նա կիրառել է ինչպես սիմֆոնիկ երաժշտություն, այնպես էլ ժամանակակից օպերա և ավանգարդ։ Նրա կյանքում մեծ դեր է ունեցել նաև հոգևոր երաժշտությունը։ Կոմպոզիտորը վերջին անգամ Հայաստան էր ժամանել 2019 թվականի նոյեմբերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter