HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճոճկան, Մեծ Այրում, Շնող և Թեղուտ բնակավայրերի վարելահողերն ու այգիները ոռոգվում են Դեբեդ և Շնող գետերի խիստ աղտոտված ջրերով

«Լոռի» ջրօգտագործողների ընկերության «Լոռու ջրանցք» տեղամասի պետ Արսեն Ղարիբյանը պատմում է, որ ոռոգման ընթացքում հողատերերի խնդրանքով դադարեցնում են ոռոգումը՝ ոռոգման ջրի հետ այգիներ և դաշտեր լցվող մեծ քանակությամբ պոչանքային հոսքերի պատճառով: Ա. Ղարիբյանի խոսքով, այդ ժամանակ պոմպավարները սպասում են «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի արտանետումներից Դեբեդի «մաքրվելուն», ապա վերսկսում են ոռոգումը:

«Գյուղացիները համաձայնում են Դեբեդի ջրով իրենց դաշտերն ու այգիները ոռոգել, քանի որ ոռոգման ջրի այլընտրանք չունեն»,- բացատրում է Արսեն Ղարիբյանը:

2019 թվականին Ճոճկանի, Մեծ Այրումի և Շնողի 2200 հա հողատարածքներից ոռոգվել են 373 հա այգի ու վարելահողեր: Ոռոգման համար Դեբեդից այդ բնակավայրեր մղվել է 690 հազար խմ ջուր:

«Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ին պատկանող «Նահատակ» պոչամբարից թափվող պոչանքային հոսքերը Ախթալա գետով լցվում են Դեբետ գետի մեջ։ «Թեղուտ» ՓԲԸ-ի պոչամբարի պոչանքները, հանքի և դատարկ ապառների լցակույտերից հոսող ջրերը, երբեմն նաև պոչամբարի պոչանքները Շնող գետով նորից լցվում են Դեբետ գետ: 

Հողագործները դժգոհում են, որ Դեբեդի ջրով ոռոգելիս պոչանքային շերտեր են նստում իրենց հողատարածքների մակերևույթին:

«Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի մոնիթորինգի արդյունքներով, Դեբեդ, Ախթալա և Շնող գետերն ունեն աղտոտվածության 5-րդ դաս: Գյուղացիների հետ կնքած պայմանագրերով «Լոռու ջրանցք» տեղամասը որևէ պատասխանատվություն չի կրում իր կողմից մատակարարվող ռոգման ջրի որակի համար։ Աղտոտված ջրի 1 խմ-ը հողատերերին վաճառվում է 11 դրամով:

Ճոճկան բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Վարդումյանը շատ դեպքեր է հիշում, երբ Ճոճկանի դաշտերում ոռոգման ընթացքում հողի մակերևույթին նստել են պոչանքային շերտեր: Նման դեպքեր արձանագրվել են նաև Մեծ Այրումի և Շնողի այգիներում ու դաշտերում:

«Պոչանքները ոնց կարող են չազդել մեր արտադրած մրգերի և բանջարեղենի որակի և անվտանգության վրա: Ես ասում եմ, որ Դեբեդի ջրերով մեր հողատարածքները ոռոգելը վնաս է, դա բոլորս էլ գիտենք,  բայց գնորդներն այդ խնդիրը մեր առաջ չեն դնում»,- ասում է Արթուր Վարդումյանը:

Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի 2019թ.-ի տեղեկագրի համաձայն, Դեբեդի ջրի որակը Այրում քաղաքից վերև, պայմանավորված մոլիբդենով և կախյալ նյութերով,  գնահատվել է վատ (5-րդ դաս): Ախթալա գետի ջրի որակը գետաբերանին վատ (5-րդ դաս) է գնահատվել` պայմանավորված ցինկով, պղնձով, կադմիումով, մոլիբդենով, մանգանով, սուլֆատ իոնով և կախյալ նյութերով:

Շնող գետի ջրի որակը գետաբերանի հատվածում գնահատվել է նույնպես վատ (5-րդ դաս)` պայմանավորված պղնձով և մոլիբդենով:

««Թեղուտ» ՓԲԸ-ի վերաբացումից հետո բաց հանքի և ընդհանրապես ընկերության ամբողջ տարածքից դեպի Շնող գետ աղտոտված ջրերի արտահոսք չկա: Ուստի  Շնող գետի էկոլոգիական վիճակի մասին մեր գնահատականը դրական է»,- հայտնում է համայնքապետ Դ. Ղումաշյանը:

«Ինչ կապ ունի այս պահին գետը պոչանքներ լցնում են, թե չէ: Տարիներ շարունակ Շնող գետը պոչանքներ են լցրել։ Բացի դա, Շնող գետը միայն պոչամբարից չի աղտոտվում, աղտոտվում է նաև հանքից ու դատարկ ապարների լցակույտերից հոսող ջրերից»,- ասում է Հայաստանի բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագետ Լևոն Գալստյանը։

Շնող գետի ջրով ոռոգվում են Շնողի և Թեղուտի 329 հա այգիներն ու վարելահողերը: ԱՄՆ–ի Այդահոյի համասարանի էկոլոգիական գիտությունների բաժնի դոկտորանտ, գիտաշխատող Լուսինե Թասլակյանն անթույլատրելի է համարում, որ Հայաստանում առ այսօր մշակված չեն և չեն գործում ոռոգման ջրի նորմեր:

«Իհարկե, առողջ տրամաբանությունը հուշում է, որ աղտոտվածության հինգերորդ դասի ջրով ոռոգում իրականացնել չի կարելի, քանի որ Դեբեդի ավազանում, հատկապես Ախթալայի հատվածում, ծանր մետաղներով աղտոտումը սարսափելի մակարդակների է հասնում, իսկ ՋՕԸ-ն պայմանագիր է կնքում հողօգտագործողի հետ, ընդամենը սահմանված ժամկետում համապատասխան ծավալի ջուր մատակարարելու համար»,- ասում է Լ. Թասլակյանը և ավելացնում, որ ոռոգման ջրի նորմեր մշակելու մասին վերջին տարիներին Հայաստանում շատ է խոսվում, սակայն այն չի իրականացվում:

Ջրային ռեսուրսների կառավարման փորձագետ Վահագն Տոնոյանի խոսքով, 5-րդ դասի աղտոտվածություն ունեցող ջրով վարելահողերի ու այգիների ոռոգման գործում կա իրավական բաց՝ Հայաստանում ոռոգման ջրի նորմեր սահմանված չեն:

«Ըստ այդմ, որևէ իրավական հիմք չկա գնահատելու, թե ինչ որակի ջրով կարելի է իրականացնել ոռոգումը»,- ասում է փորձագետը:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, հղում անելով Չեխական «ԱՐՆԻԿԱ» կազմակերպության 2018-2019թթ. իրականացված հետազոտություններին, հայտնում է, որ Դեբեդ գետի ջրի, այդ թվում դրանով ոռոգվող Ճոճկան և Մեծ Այրում բնակավայրերի հողի, միրգ-բանջարեղենի նմուշառումները ցույց են տվել ծանր մետաղների բարձր կոնցենտրացիաներ, որոնք բազմաթիվ անգամներ գերազանցում են հայկական և միջազգային ստանդարտները: Մասնավորապես, մեծ են մկնդեղի, կադմիումի և պղնձի քանակները: «Ըստ չեխ բժիշկներ՝ նմուշառման բոլոր կետերում նմուշառումները ցույց են տալիս այդ տարածքներում կոնցերոգեն և ոչ կոնցերոգեն հիվանդությունների բարձր ռիսկեր»,- ասում է Օ. Դուլգարյանը:

Մինչեւ 2018 թվականը Ճոճկանին ոռոգման ջուր մատակարարվել է գյուղի 32 կմ երկարությամբ «Լալվար-Ճոճկան» և 6 կմ երկարությամբ «Այչխան» ինքնահոս ջրատարներով։

Հողօգտագործող Սուրեն Խուդինյանը պատմում է, որ Արկադի Թամազյանի` Ճոճկանի նախկին գյուղապետի, ապա Ախթալա համայնքի ղեկավար աշխատելու տարիներին այդ ջրատարները այլեւս չեն գործել։ Սամվել Սիրադեղյանը պատմում է, որ նախկինում ճոճկանցիները իրենց 110 հա տնամերձերը ոռոգել են «Լալվար- Ճոճկան» ինքնահոս ջրատարի ջրով: Այժմ տնամերձերը գյուղացիները ոռոգում են Ագարակից եկող խմելու ջրով՝ խմ-ն 153 դրամով:

«Մենք մինչև օրս չգիտենք «Լալվար –Ճոճկան» ջրատարը չօգտագործելու պատճառը»,- ասում են Ս. Խուդինյանը:

Համայնքապետ Արկադի Թամազյանը պարզաբանեց, որ «Լալվար –Ճոճկան» ջրատարը մինչև 2018թ. համատեղ օգտագործել են Ճոճկանի և Մեծ Այրումի բնակիչները:

«2018թ.-ից ջուրն իմ կողմից ուղղվել է Մեծ Այրում և Փոքր Այրում, քանի որ այնտեղ ընդհանրապես ջուր չունեին: Արդեն շահագործվել է Ագարակի ջրագիծը, երկու գյուղերն այս պահին 24-ժամյա ջուր ունեն: Հիմա արդեն «Այչխան» ջրագծի ջուրը կբաշխվի Ճոճկանի և Մեծ Այրումի միջև»,- բացատրեց Ա. Թամազյանը:

Վերադառնալով «Լալվար –Ճոճկան» ջրատարին՝ Ա. Թամազյանը հայտնեց, որ այդ ջրատարում ոռոգման ջուրը շատ է պակասել։

«Թող այդ պակասած ջուրը տա գյուղացիներիս»,- պահանջում է Սամվել Սիրադեղյանը:

Արկադի Թամազյանն ասում է, որ որոշել է գտնել Ախթալա համայնքի զարգացման ոսկե միջինը՝ զուգահեռաբար զարգացնել հանքարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը:

«Համարում եմ, որ հանքահանման հետևանքով աղտոտված տարածքներում գյուղատնտեսության զարգացումը ոչ միայն անհամատեղելի է, նաև լուրջ առողջապահական ռիսկեր է պարունակում։ Դրա համար պետք է հավաստի ու վստահելի առաջնային տվյալներ ունենալ բնական միջավայրի աղտոտման մակարդակների վերաբերյալ»,- ասում է Լևոն Գալստյանը։

«Մենք Ախթալա համայնքի էկոլոգիական ծանր վիճակի մասին պարբերաբար տեղեկացնում ենք համայնքապետ Արկադի Թամազյանին»,- հայտնեց Օլեգ Դուլգարյանը:

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբարից և Ախթալա գետակից Դեբեդ թափվող պոչանքներից խուսափելու համար, Արկադի Թամազյանը ուզում է Ալավերդու Սանահինի Քարե կամրջի մոտից խողովակներով  ինքնահոս ջուր տեղափոխել Ճոճկան -1 պոմպակայանի մոտ: Ասում է՝ արդեն մի անգամ Դեբեդի ինքնահոս այդ ջրի հարցը բարձրացրել է Կառավարության առաջ: Ա. Թամազյանը դա համարում է Ճոճկան և Մեծ Այրում գյուղերի զարգացման համար ամենակարևոր հարցը: Համայնքապետն ասում է՝ «Ախթալա ԼՀԿ-ն» իր «Նահատակի» պոչամբարը ռեկուլտիվացիա պետք է անի։ «Ոչ պոչանքի տեղ ունեն լցնելու, ոչ այլևս կարող են բարձրացնել պոչամբարի պատնեշը: Իրենք հիմա գնում են այդ քայլին»,- ասում է Ա․ Թամազյանը:

Մեկնաբանություններ (1)

Լևոն Գալստյան
«Կախված տեղանքի առանձնահատկություններից՝ յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի ջրի որակի ապահովման նորմերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշման մեջ հստակ նշված է, որ 5-րդ կարգի, վատ դասի ջրերը չի կարելի օգտագործել ոռոգման նպատակով, նաև այդ ջրի pH-ը՝ ջրածնային ցուցիչը, պետք է լինի 6,5-8,5 միջակայքում։ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=65705

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter