
Մայիսի 1-ից մինչ հուլիսի 31-ը նախատեսվում է հայտարարել ամառային զորակոչ
Պաշտպանության նախարարությունն առաջարկում է մայիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ հայտարարել ամառային զորակոչ։
Նման նախագիծ է քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում։
Ըստ նախագծի՝ բանակ կզորակոչվեն Հայաստանի արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև հունիսի 30-ը ներառյալ:
Ամառային զորակոչի շրջանակներում մինչև հուլիսի 31-ը ներառյալ կզորացրվեն նաև շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:
Ամառային զորակոչից խուսափող Հայաստանի քաղաքացիների տվյալներն ուղարկվելու են ոստիկանություն, իսկ զորակոչի ավարտից հետո նրանց վերաբերյալ կազմված նյութերը՝ Քննչական կոմիտեի կայազորային քննչական բաժիններ:
Նշենք, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ:
Մեկնաբանել