
Յակոբ Մեղապարտի տպագրած Ուրբաթագիրքը եւ նրա մերօրեայ հրատարակութիւնը
...Լուսինէ Աւետիսեանը Ուրբաթագրքի չափածոյ աղօթքները աշխարհաբարի վերածած է այնպէս, որ անոնք կը հնչեն նոյնքան գրաւիչ ու հրապուրիչ, որքան գրաբար բնագիրը՝ հաղորդելով թարգմանութեան հաճելի երաժշտականութիւն...
...Համոզուած ենք, որ սոյն թարգմանութիւնը եւ յարակից աշխատասիրութիւնը արժանի են բարձրագոյն գնահատանքի՝ համազգային չափանիշով։
Պրոֆ. Պօղոս Լեւոն Զէքիեան,Վենետիկ
Քաղաքակրթութեան մեծագոյն նուաճումներից է տպագրութիւնը, որի գիւտից յետոյ մարդկութեան պատմութիւնն ասես երկու մասի բաժանուեց՝ նախքան տպագրութիւնը եւ նրանից յետոյ։ Մեծագոյն այդ նուաճումն իր բոլոր զարգացումներով դեռ հաստատուն քայլում է տեղեկատուական տեխնոլոգիաներին զուգընթաց։
Մեզ հասած հնագոյն տպագիր գիրքը բուդդայական քարոզների ժողովածու է՝ տպագրուած Չինաստանում՝ 868 թ.-ին, «Ալմաստէ գիրք»-ը, որ հայտնաբերուել է 1900 թ.-ին «Հազար Բուդդաների քարանձաւում»։ Իւրաքանչիւր նշանի համար առանձին տառամարմիններով շարժական տառաշարն ստեղծել է Բի Շենը Չինաստանում, 1044-1048 թթ.-ին։ Եւրոպան 14-րդ դարում որոշում է բացայայտել չինական «գաղտնիքը», եւ արշաւախմբեր են մասնակցում այդ գործին, որոնց մէջ Մարկո Պօլոյի, Հայր Օդերիկի եւ այլոց հետ իր որոնումներով յայտնի է վենետիկցի հայ նաւապետ Անտոն Հայկազունը։
Քաղաքակրթութեան ճանապարհով առաջադէմ մարդկութեան հետ համընթաց քայլելու համար կա՛մ նոր բան պիտի հնարել, կա՛մ աչալուրջ լինել՝ հետեւելու համար աշխարհում տեղի ունեցող մեծ ու փոքր տեղաշարժներին եւ արագ իւրացնել ցանկացած նորոյթ։ Եւ ահա, գիւտարարի անունն աշխարհում փառաւորող տպագրութեան գիւտից մօտ կէս դար անց Վենետիկում լոյս աշխարհ եկաւ հայերէն առաջին տպագիր գիրքը, որ յաւէրժօրէն փառաբանելու է իրեն կեանք շնորհած Յակոբի խնկելի անունը՝ բոլոր էջերի յայտածումներում սրբազան դրոշմի պէս հպարտօրէն կրելով Մեսրոպ Մաշտոցի «ձեռագիրը»՝ որպէս յարատեւութեան երաշխիք։
Տպագիր առաջին գրքի ծնունդը վիճակուած էր ողջունել առանց պետականութեան, աւելին՝ գիրք տպագրել այդ պայմաններում, նշանակում էր՝ սխրանք գործել... առանց կասկածելու եւ հաստատ այն համոզուածութեամբ, որ անարեւ ներկայում միայն գի՜րքը կարող է անբացատրելի զօրութեամբ՝ արճիճէ նշանների մոգական զուգորդութիւններով հարիւրամեակներ շարունակ փոխարինել կորուսեալ պետականութիւնը...
Պետականութիւն ունեցող շատ ազգեր իրենց լեզուով տպագրութիւն հիմնելու փորձեր արեցին աւելի ուշ։ Ռուսերէն առաջին տպագիր գիրքը՝ «Апостол»-ը, լոյս տեսաւ «Ուրբաթագրքի» տպագրութիւնից 52 տարի անց միայն՝ 1564 թ.-ին։ Հարուստ մշակոյթ ունեցող մէկ այլ պետութիւն՝ Պարսկաստանը, առաջին պարսկալեզու գիրքը տպագրեց 1546 թ.-ին։ Արաբերէն առաջին գիրքը լոյս տեսաւ 1514 թ.-ին։ Նախկին ԽՍՀՄ-ի հանրապետութիւնների գրատպութեան պատմութեան մէջ վերստին «Ուրբաթագիրք»-ն է առաջինը։
![]() |
Կազմի մակետը |
Արեւմտեան աշխարհում առաջին տպագիր գիրքը Գուտենբերգի հրատարակած Աստուածաշունչն էր, տպագրական առաջին նշանները՝ լատինական տառերը։ Յակոբ Մեղապարտն ընտրեց նոյնպէս կրօնական, սակայն հասարակ ժողովրդի կենցաղում կիրառելի մի ժողովածու, եւ տպագրութիւնն իրականացաւ աշխարհի ամենակենսունակ գրերից մէկով, որը միաժամանակ ազգային է։ Յակոբ Մեղապարտի շնորհիւ հայերէնը արեւելեան եւ արեւմտեան շատ լեզուներից աւելի վաղ դարձաւ տպագրութեան լեզու։
Յակոբ Մեղապարտի ծննդեան ու մահուան թուականներն անյայտ են։ Յայտնի չէ նաեւ՝ հոգեւորական է եղել, թէ վաճառական։ Կարծիքներ կան, թէ պատշաճ կրթութիւն ստացած դպիր է եղել, եւ որ հենց ինքն է յետագայում սրբագրել իր հրատարակած գրքերը։ Գ. Լեւոնեանը «Հայ գիրքը եւ տպագրութեան արուեստը» գրքում գրում է, թէ Յակոբը եղել է վաճառական։ Անշո՛ւշտ, վաճառականների աւանդը մեծ է եղել գրատպութեան գործում։ Հնատիպ գրքերի յիշատակարաններում յաճախ նշուած է, թէ ում միջոցներով է լոյս տեսել գիրքը։
Սակայն Յակոբ Մեղապարտը գրքերի յիշատակարաններում գրեթէ ոչինչ չի թողել իր մասին։ Նրա հրատարակած գրքերից միայն «Պատարագատետր»-ն ունի հրատարակութեան թուականը, վայրն ու տպագրիչի անունը նշող յիշատակարան. «Գրեցաւ սուրբ տառս ի ՋԿԲ (1513), ի աստուածապահ քաղաք ի Վէնէժ ֆռանկստեան. ձեռամբ մեղապարտ Յակոբին. ով որ կարդայք մեղաց թողութիւն խնդրեցէք Աստուծոյ»։
«Մեղապարտ» մականունը, որ յաճախ է գործածուել գրչագիր մատեանների ու հնատիպ գրքերի յիշատակարաններում, Յակոբի պարագայում յատուկ անուան արժէք է ստացել:
Նրա տպագրած գրքերի վերջում կայ տպարանանիշ, որ որպէս խորհրդանշան զետեղել եմ նաեւ ներկայացուող հրատարակութեան վերջում։ Շրջանակի չորս մասերից իւրաքանչիւրում լատինական մէկ տառ կայ, որոնց վերծանութեան բազմաթիւ փորձեր են արուել, սակայն առաւել հաւանականը Կ. Բասմաջեանինն է. Dei servus (Աստծոյ ծառայ), Iakobus (Յակոբ), Zanni (Ծաննի՝ Յովհաննէս(եան)), Armenius (Հայ)։
«Ուրբաթագիրք»-ը բաղկացած է 124 էջերից, որոնցից համարակալուած են միայն մամուլների առաջին 4 կենտ էջերը՝ այբբենական կարգով, եւ նրանց վերջին էջերը՝ մամուլների հերթական համարներով։ Համարակալուած էջերի առաջին տառակապակցութիւնները զետեղուած են գրքի վերջում եւ իւրօրինակ բովանդակութիւն-ցանկ են յիշեցնում, որ հաւանաբար ստեղծուել է գրքի կազմումը հեշտացնելու նպատակով։ Ուրբաթագրքի էջերից իւրաքանչիւրը կրում է տպագրիչի պատուիրած 24 զարդախորագրերից մէկը։ Գրքում հանդիպում են չափերով բաւականին մեծ գեղագրուած ու զարդարուն 15 սկզբնատառեր, որոնք 10 տառամարմինների դրոշմուածքներ են։ Տպագրութիւնը երկգոյն է՝ կարմիր եւ սեւ։ Գրքում տեղ են գտել նիւթին առնչուող 4 վիմագրութիւններ։
Յակոբի տպագրական արուեստի աւանդներն օգտագործեցին յաջորդ հայ տպագրիչներ Աբգար Թօխաթեցին1, Սուլթանշահը2 եւ ուրիշներ։ Եւ ոչ միայն հայեր։ Ռուս ականաւոր պատմագէտ Ալեքսեյ Սիդորովը կարծում է, որ Յակոբ Մեղապարտի տպագրական արուեստից, զարդաձեւերից օգտուել են ռուս առաջին տպագրիչ Իւան Ֆէոդորովը եւ եւրոպացի տպագրիչներ։ Ընդհանրապէս, արաբեսկ ոճի զարդերի օգտագործումը ռուսական վաղ շրջանի գրքերի մէջ գիտնականը կապում է Յակոբ Մեղապարտի տպագութեան հետ։
Երկար ժամանակ կարծում էին, թէ «Ուրբաթագիրք»-ը ձեռագիր գիրք է։ Պատճառն այն էր, որ Յակոբ Մեղապարտի պատուիրած շարժական տառերը, ինչպէս եւ կարելի էր ենթադրել, ձուլուել են ձեռագրերի նմանութեամբ՝ ակամայ թաքցնելով, որ իրենք են տպագրական նշանների նախանմուշները։
![]() |
![]() |
Բնօրինակը | Զուգահեռ թարգմանությունը |
Մինչեւ 1970-ական թուականները հայերէն առաջին տպագիր գիրքը թիւրիմացաբար համարւում էր «Պարզայտումարը». 1912 թուականին, երբ պետականութիւն չունեցող ժողովուրդը տօնում էր իր համար այնքան կարեւոր երեւոյթի տարեդարձը, հայ առաջին տպագրիչի երախայրիքը համեստօրէն իր տեղը զիջել էր «Պարզայտումար»-ին։ Ժամանակագրութիւնը ճշտել օգնեցին Յակոբի գրքերի էջերը պսակող ժապաւէնաձեւ ճակատազարդերը, որոնց մաշուածութեան աստիճանով էլ Ռաֆայէլ Իշխանեանը որոշեց գրքերի տպագրութեան յաջորդականութիւնը՝
ա. «Ուրբաթագիրք»-1512 թ.,
բ. Հայ Առաքելական Եկեղեցու խորհուրդների ժողովածու «Պատարագատետր»-1513 թ.,
գ. աստղագուշակութեան, աստղաբաշխութեան, գործնական բժշկութեան նուիրուած տեքստերի ժողովածու «Աղթարք»-1513/14 թ.,
դ. օդերեւութաբանական կանխատեսումներ, տօնացոյց, արտաքին նշաններով բնաւորութեան գուշակութիւններ, լուսնային բարենպաստ օրերի ամրագրում պարունակող «Պարզայտումար»-1513/14 թ. եւ
ե. Գրիգոր Նարեկացու, Ներսէս Շնորհալու, Յովհաննէս Թլկուրանցու, Մկրտիչ Նաղաշի եւ այլ տաղերգուների երկերի ժողովածու «Տաղարան»-1513/14 թ.։
Որոշ բանասէրներ Յակոբ Մեղապարտին են վերագրում նաեւ մի «Սաղմոսարան»-ի տպագրութիւնը, որ մեզ չի հասել։
Հայերէն առաջին տպագիր գրքի համար հիմք են ծառայել ձեռագիր «Ուրբաթագիրք»-երը, որոնք ժողովածուներ էին՝ կազմուած տարբեր տեքստերից՝ հիմնականում հմայական աղօթքներ, հատուածներ Աւետարանից, մէկ գլուխ Գրիգոր Նարեկացու «Մատեան»-ից, կիսաառասպելական զրոյցներ, ինչպիսին է Ս. Կիպրիանոսի պատմութիւնը իր գործած չարիքների, ապա՝ հրաշքների մասին, Ուստիանէ կոյսի պատմութիւնը, սրբերին ու «Սուրբ Խաչ»-երին ուղղուած աղերսներ, սաղմոսներ, չար աչքից ու խայթոցներից պաշտպանող պահպանագրեր եւ այլն։ Ի դէպ, Մատենադարանում պահուող հնագոյն ձեռագիր «Ուրբաթագիրք»-ը 1476-ով թուագրուող թիւ 3248 ձեռագիրն է։
Լինելով առաջինը՝ «Ուրբաթագիրք»-ը չպիտի զերծ լինէր արհեստագիտական թերութիւններից։ Շատ էջերում կարելի է հանդիպել գլխիվայր շրջուած տառերի։ Գրաշարելիս որոշ տառեր սայթաքել են իրենց տիրոյթից՝ ընկնելով հարեւան կամ յաջորդ տողում գտնուող որեւէ բառի մէջ, դժուարացնելով տեքստի վերծանումը, մանաւանդ որ բառերը, ինչպէս ձեռագիր մատեաններում, շաղաշարուած են, եւ անհրաժէշտ է նախ՝ տարանջատել դրանք միմեանցից։ Այս առումով՝ ընթերցողն իր հետաքրքրասիրութիւնը կարող է բաւարարել՝ ուսումնասիրելով բնօրինակ տեքստի պատճէնը, որն ուղեկցում է իմ պատրաստած հրատարակութիւնը։
![]() |
գրքի երկրորդ էջը |
Ինչ վերաբերում է լեզուին, ապա այն մաքուր գրաբարը չէ եւ ժողովրդախօսակցական տարրերով խառն է։ Որոշ բառեր ու արտայայտութիւններ ընկալւում են որպէս մոգական խօսքեր, որոնք հնարաւոր չէ թարգմանել. դրանք պէտք է միայն արտաբերել, ինչպէս, օրինակ՝ գազայ, պինայ եւ մանեայ (էջ 136) կամ՝ Սեռակին, արփիակին, առ Փիլատորին։ Այդպիսի խօսքեր յաճախ են հանդիպում նման տեքստերում։
Հայ ժողովուրդը ակնածանքով ու երկիւղածութեամբ է վերաբերուել գրքին, անգամ գրել-կարդալ չիմացողները գիտէին գրքի յարգը։ Պատուհասից ու չարից պաշտպանող այդ հրաշագործ մասունքը իւրօրինակ պաշտամունքի առարկայ էր, որը սրբութեամբ պահում էին նրբօրէն ասեղնագործուած կերպասէ ծրարում, տան ամենաապահով վայրում։ Հաւատում էին խօսքի զօրութեանը՝ յատկապէս գրաւոր խօսքի։ Իրենց ցանկութիւնն ի կատար ածելու համար այն ամրագրելու խնդրանքով դիմում էին «գիր անող»-ներին, որոնք ասես կերպաւորումն էին հնագոյն Տիր աստծոյ՝ Գրողի, որին պաշտում եւ որից վախենում էին, որովհետեւ նրանից էր կախուած անգամ աստուածների ճակատագիրը։
Ժողովրդի պատկերացումներում «Ուրբաթագիրք»-ը Նարեկի պէս բուժիչ զօրութիւն է ունեցել։ Այն պաշտպանել է չար ուժերից. նրանում «կապքի աղօթք»-ներ կան, որոնք հմայական բանաձեւեր ու երդմնեցումներ են։ Թէեւ այդ աղօթքները քրիստոնէական հանդերձաւորումով են ներկայանում, սակայն գալիս են խոր հնութիւնից։
Տիեզերածնական առասպելներից ժառանգուած սիմվոլներ կան շատ էջերում, ինչպէս չար աչքը խափանող գրում, որտեղ Յորդանան գետով հոսող-եկող խաչը ներկայանում է որպէս սերովբէներով ու քերովբէներով շրջապատուած պատուական մի ծառ եւ ճշմարիտ մարմնաւորումն է Տիեզերական ծառի։
Իմ պատրաստած հրատարակութիւնը, ըստ էութեան փոքրիկ մի հատուցում է Յակոբ տպագրիչի կատարած մեծ բարերարութեան դիմաց։ 500-ամեայ պատմութեան մեջ առաջին անգամ Ուրբաթագիրքը ներկայանալու է աշխարհաբար թարգմանութեամբ։
Հրատարակութիւնն ընդգրկում է՝
Առաջաբան,
ա) բնօրինակ տեքստի պատճէնը, որը հնարաւորութիւն է տալու ուսումնասիրել բնօրինակը առանց միջնորդի եւ դիտել առաջին գրքի ձեւաւորումն ու առաջին ձուլածոյ տառերի դրոշմուածքը,
բ) գրաբար-աշխարհաբար զուգահեռ տեքստերը,
դ) Ուրբաթագրքում վկայակոչուած Ս. Խաչ եւ Ս. Նշան եկեղեցիների ցանկը,
ե) նրանց մասին գիտական ու բանահիւսական աղբիւրներից քաղուած տեղեկատու,
զ) նշուած եկեղեցիների տեղաբաշխման քարտէզ,
է) ծանօթագրութիւններ,
ը) տեղանունների եւ անձնանունների ցանկեր,
գ) մի քանի թեմատիկ մանրանկարներ՝ իրենց հակիրճ տեղեկատւութեամբ, որոնք ոչ միայն հետաքրքիր են դարձնում գիրքը, այլեւ լուռ կերպով քարոզում են հայկական մշակոյթի հրաշալի մի շերտ։
Ինքս եմ կատարել գրքի գեղարուեստական ձեւաւորումը, հեղինակն եմ նաեւ կաշուէ կազմին զետեղուող հարթաքանդակի։
Առաջաբանում ներկայացրել եմ նաեւ 1512-1920 թթ.-ի հայ գրատպութեան վիճակագրութեան աղիւսակ։
Աւելացնեմ, որ գիրքը հրատարակւում է դասական ուղղագրութեամբ, որով 405 թուականից գծուել են մեր Հոգեւոր Հայրենիքի սահմանները։ Այդ ուղղագրութեամբ է այսօր ընդգծւում Հոգեւոր մեր Հայրենիքի անսահմանութիւնը. դասական ուղղագրութիւնը հարազատ ձայնագրութիւնն է մեր ազգի մտածողութեան եւ այդ մտածողութեան ամենաանհրաժէշտ պայմանականութիւնը։
Այս առումով՝ գիրքը նաեւ համախմբման խորհուրդ ունի. լեզուն արեւելահայերէնն է, գրութիւնը՝ դասականը։ Եւ քանի որ գիրքը հասցէագրուած է համայն հայութեանը, երկու հատուածներն էլ հաղթահարելու դժուարութիւն կունենան, որը, կարծում եմ, փոքրիկ քայլ է դէպի միաւորում։ Ուստի, անհրաժէշտ էր, որ գիրքը ներկայանայ մեսրոպաւանդ ուղղագրութեամբ։
Լուսինէ Աւետիսեան
բանասիրական գիտութիւնների թեկնածու
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել