Էդվարդ Նալբանդյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Պրահայում
Մարտի 5-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Պրահայում մասնակցեց ԵՄ արևելյան գործընկերության անդամ երկրների, Վիեշագրադյան քառյակի՝ Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, և մի շարք այլ եվրոպական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը: Ներկա էին նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Նիստում Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ և ներկայացրեց Հայաստան-ԵՄ համագործակցության բնագավառում արձանագրված առաջընթացը՝ ընդգծելով, որ արդեն համաձայնեցվել է Ասոցացման համաձայնագրի 24 գլուխ, սկսվել են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ բանակցությունները, և առաջիկայում կմեկնարկի խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցային գործընթացը:
Պրահայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:
Զրուցակիցները քննարկեցին մարտի 6-ին Բրյուսելում Եվրոպական կառույցներում մեկնարկող ՀՀ նախագահի այցի օրակարգային հարցերը: Նրանք մանրամասն անդրադարձան Հայաստան-Եվրոպական միություն մերձեցման գործընթացին՝ գոհունակություն հայտնելով արձանագրված առաջընթացի առթիվ: Է.Նալբանդյանն ու Շ.Ֆյուլեն մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումների վերաբերյալ:
Հանդիպման օրակարգում էին նաև Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացը:
Է.Նալբանդյանը, արձագանքելով Հարավային Կովկասի վերաբերյալ ԵՄ խորհրդի ընդունած փաստաթղթին, նշեց, որ այն արձանագրում է Հայաստանի և ԵՄ դիրքորոշումների ընդհանրությունը՝ ԵՄ հետ խորացված գործընկերության ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:
Խոսելով նույն փաստաթղթի՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածի մասին՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Ողջունում ենք Եվրոպական միության մոտեցումն՝ ի աջակցություն Մինսկի խմբի համանախագահների հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերին»:
Նախարարական հանդիպման շրջանակներում Էդվարդ Նալբանդյանն ու ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը խոսեցին Հայաստան-ԵՄ և տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպում ունեցավ նաև Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետի հետ: Բանակցությունների օրակարգում էին երկկողմ հարաբերությունների և Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն առնչվող հարցեր:
Հունգարիայի ԱԳ նախարար Յանոշ Մարտոնիի հետ Էդվարդ Նալբանդյանը քննարկեց Հունգարիա ՀՀ նախագահի պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ նույն օրը, ավարտելով այցելությունը, Էդվարդ Նալբանդյանն ուղևորվեց Բրյուսել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել