HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարարություն, ընդունե´ք, որ պատասխան չունեք մեր հրապարակմանը

Շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանել է «Մանիպուլյացիաներ Արարատյան դաշտի խնայված ջրի ծավալի շուրջ» հոդվածին՝ մեզ մեղադրելով «խեղաթյուրված» տվյալներ հրապարակելու մեջ:

Նախարարությունից, իհարկե, պատասխան ակնկալում էինք: Ցանկալի էր, որ գոնե հոդվածը հրապարակելուց հետո պատասխանեին ամենակարեւոր հարցին՝ Արարատյան դաշտի խորքային հորերը կոնսերվացնելու եւ փականային ռեժիմի բերելու աշխատանքներն իրականացնելու համար ինչպե՞ս են ընտրվել հենց այդ ձկնաբուծական տնտեսությունները: Սա վիճակահանությամբ լուծվող հարց չէ, բայց նախարարության «պատասխանը» կրկին շրջանցում է, թե ինչ սկզբունքով են ընտրվել հենց այդ օբյեկտները:

Ոլորտի բոլոր մասնագետները պնդում են, որ 2019թ.-ի խնայված ջրի ցուցանիշ չեն կարող համարվել 2016թ.-ից չգործող ձկնաբուծարանին կամ գործարանին երբեւէ տրված խորքային հորի ջրառի տվյալները, 2014թ.-ին եւ դրանից էլ առաջ ցամաքած խորքային հորերի երբեւէ ունեցած ջրտվության տվյալները: Նախարարությունն ա՞յլ կարծիք ունի այս հարցի վերաբերյալ, եթե ունի, պետք է ներկայացներ իր պատասխանում:

Դուք չեք պարզաբանում, թե ինչպե՞ս է ստացվել, որ երկրի ղեկավարները 2019թ.-ին խնայված ջրաքանակի մասին իրարից շատ տարբեր թվեր են ներակայացրել, դա իմ՝ լրագրողի՞ս խեղաթյուրումն է:

Հոդվածում ներկայացրել եմ հատվածներ քննված քրեական գործից, որտեղ անուն առ անուն հիմնավորվել է, որ նույնիսկ ջրօգտագործման թույլտվություն (ՋԹ) ունեցող ձկնաբուծական տնտեսություններում առկա է թույլատրված չափաքանակից ավելի, որոշ դեպքերում՝ կրկնակի ջրառ: «Փորձագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձկնաբուծական նպատակով հորատված որոշ հորատանցքերի կառուցվածքներն արհեստականորեն մեծացված են, որի հետեւանքով ստացված ջրաելքերը զգալիորեն գերազանցում են ՋԹ-ով տրամադրված ջրաքանակը...»,- արձանագրվել է քննության արդյունքում:

Չեք պատասխանում՝ արդեն վերացրե՞լ եք այդ անօրինականությունը, եւ դրա արդյունքում որքա՞ն ջուր եք խնայվել: Պարզե՞լ եք, թե փոքր ձկնաբուծարաններն ինչպես են իրացնում իրենց աճեցրած ձուկը: Նրանք ասում են, որ վաճառում են խոշորներին, իսկ խոշոր ձկնաբուծարանները որպես սեփական արտադրանք են ցույց տալիս եւ այդ քանակի չափով ջուր պահանջում ձեզնից:

Ստացվում է, որ նախարարությունը միեւնույն քանակի ձուկ աճեցնելու համար կրկնակի ջուր է տրամադրում՝ մեկը փոքր ձկնաբուծարանին ձուկ աճեցնելու համար, խոշորին՝ ներկայացված փաստաթղթերի հիման վրա: Դուք ջրախնայողությունն արել եք ձուկն աճեցնող փոքր ձկնաբուծարանից 0,5 լ/վրկ ջուր կրճատելով եւ դա որպես ցուցանիշ եք ներկայացնում, սակայն չեք ասում, թե ինչ եք արել խոշոր ձկնաբուծարաններում անօրինականությունը կանխելու համար:

Մեր հրապարակման մեջ ներկայացրել ենք քննված քրեական գործից մի հատված, որտեղ ասվում է, որ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն Սիս գյուղում շահագործում է 10 խորքային հոր, որից 5-ի համար ՋԹ ունի, եւ հորերից ոչ մեկը ջրաչափ չունի: Հետագա քննչական գործողությունների ժամանակ այլեւս անդրադարձ չկա գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող այս ձկնաբուծարանին: Ակնկալում էինք, որ նախարարությունն, ի վերջո, կպատասխանի, թե ինչ եղան այդ 5 անօրինական հորերը՝ լուծարվեցի՞ն, կոնսերվացվեցի՞ն կամ գուցե օրինականացվեցի՞ն:

Եթե չեք պատասխանում այս հարցերին, ուրեմն ընդունեք, որ պատասխան չունեք մեր հրապարակմանը: Եթե նախարարությանը հաջողվել է 2019թ.-ին, օրինակ, 50 լ/վրկ ջուր խնայել, ավելի ազնիվ կլինի ասել, որ այդքան է խնայվել, ոչ թե 3010 լ/վրկ ջուր կամ տպավորություն գործելու համար չասել՝ «այն ավելին է, քան Երեւան քաղաքի 1 տարվա խմելու ջրի սպառման ծավալները»:

Հասկանում ենք, որ Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի թեման շատ ցավոտ է, խոցելի, սակայն ուռճացված ցուցանիշներ հորինելն այս դեպքում լավագույն լուծումը չէ: Ի վերջո, խնայված ջրաքանակի ծավալը կգնահատեն Արարատյան դաշտի գյուղերում բնակվողները՝ ոռոգման ջուր կունենա՞ն այս տարի եւ որքա՞ն:

Մենք հոդվածում ներկայացրել ենք բացառապես փաստեր, որոնք վերցրել ենք պաշտոնական փաստաթղթերից եւ մեր եզրակացությունները կատարել ենք այդ փաստերը համադրելով: Նախարարության հրապարակած տեքստում «խեղաթյուրված» փաստարկների հերքումը չկար։

Մեկնաբանություններ (2)

Արթուր Աթոյան
,,Հայ Տնտեսվարողների և Սպառողների Իրավապաշտպան կենտրոնՙՙՙ -ի կողմից արձանագրվել են փաստեր, ապացույցներ, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության և ղեկավարի կողմից սարքովի բանսարկությունների, խարդավանքների վերաբերյալ, որոնց առկայությունն ու բնույթը հավաստում է ստացված տպավորությունները: Պատասխանատու եմ յուրաքանչյուր բառի, մտքի, արտահայտության համար: Հարգանքով՝ Արթուր Աթոյան:
Սամվել Հովասափյան
Հարգելի Սառա Պետրոսյան, Ուղղակի անհավատալի է, նաև զարմանալի, թե դեռ որքան կարող և ազդեցիկ են, Արարատյան դաշտն ամայացնող այդ բարոնները։ Պարզվում է, որ հեղափոխությունը դեռ այդտեղ մուտք չի գործել, կամ էլ հներն ու նորերը իրար լավ հասկացել են։ Ես խոսք էի տվել, իմ բողոքները տեղափոխել Բեռլինում ՀՀ դեսպանատան առաջ, սպասում եմ հնարավորության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter