
Նախատեսվում է աղետի գոտու 228 ընտանիքի բնակարանով ապահովել
Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է աղետի գոտու 228 ընտանիքի բնակարանով ապահովել և դրանով ավարտել աղետի գոտու ընտանիքների նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունները։
Սպիտակի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրն իրականացնելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է պետական բյուջեից 3 միլիարդ դրամ հատկացնել։
Նման նախագիծ է քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում։
Ըստ նախագծի՝ հատկացված գումարից 2 միլիարդ դրամ կփոխանցվի Լոռու 161 ընտանիքի, իսկ 812 միլիոն դրամ՝ Շիրակի 59 ընտանիքի բնակարանի ապահովման համար։ Բացի այդ, 118 միլիոն դրամ կտրամադրվի Արագածոտնի մարզպետարանին՝ մարզի գյուղական բնակավայրերի 8 ընտանիքի համար բնակելի տներ կառուցելու նպատակով:
Քաղաքաշինության կոմիտեն հայտնել է, որ 2008-2017 թվականներին մոտ 65 միլիարդ դրամ է հատկացվել Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում 5405 ընտանիքից 4839 ընտանիքի բնակարանային ապահովման նպատակով:
Նշենք, որ 2019 թվականին ևս հատկացվել էր 1 միլիարդ 851 միլիոն դրամ։ Պետական բյուջեից 560 մլն դրամի հաշվին լուծվել է 61 ընտանիքի բնակարանային խնդիր, իսկ Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացված 1 միլիարդ 291 միլիոն դրամի հաշվին՝ 227 ընտանիքի բնակարանային խնդիր:
Մեկնաբանել