HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Արտակարգ դրության ռեժիմի ազդեցությունն ինտերնետ թրաֆիկի վրա

Հայաստանում մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելուց հետո՝ բազմաթիվ ընկերությունների աշխատակիցներ սկսեցին աշխատել տնային պայմաններում՝ հեռավար կարգով։ Նման կերպ աշխատում են ոչ միայն ուսումնական հաստատությունները, այլև հանրային և մասնավոր հատվածի զգալի  մասը։ Ավելի վաղ, գրել էինք արտակարգ դրության պայմաններում երկրի խոշոր ինտերնետ օպերատորների աշխատանքի վերաբերյալ։ «Հետք»-ը փորձել է պարզել, թե այս օրերին քանի տոկոսով է աճել հայկական շուկայի խոշոր ինտերնետ օպերատորների մատուցած ֆիքսված ինտերնետի թրաֆիկը։

«Վեոն Արմենիա»

Հայաստանում «Վեոն Արմենիա» ընկերության («Beeline» ապրանքանիշ) արտաքին կապերի ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը նշում է, որ դեռ անցած տարի ընկերությունը նոր VDSL և FTTB  տեխնոլոգիաներով գերարագ ինտերնետ հասանելիություն է ապահովել Երևանի գրեթե ամբողջ տարածքում, նաև հզորացրել ցանցերը մի քանի քաղաքներում, այդ թվում` Էջմիածնում:

Արտակարգ դրության հաստատումից հետո, ընկերությունը գրանցել է ինտերնետի սպառման աճ։ Այսպես, մարտի 16-22-ն ընկած ժամանակահատվածում, ի համեմատություն մարտի 9-15-ը ընկած ժամանակահատվածի, ֆիքսված ինտերնետի օգտագործման ծավալը (թրաֆիկը) աճել է 24 %-ով։ Նույն ժամանակահատվածում բջջային ինտերնետի օգտագործումը ևս աճել է 4 %-ով։ Զուգահեռաբար բջջային մուտքային զանգերի թրաֆիկն աճել է 2 %-ով, իսկ ելքային զանգերի թրաֆիկը՝ 3 %-ով։

Ընկերությունը հայտնում է նաև, որ էապես մեծացել է նաև առցանց հեռուստատեսության՝ BeeTV-ի բաժանորդների կամ ծառայությունների օգտվողների թիվը։ Մարտի 16-22-ն ընկած ժամանակահատվածում ակտիվ բաժանորդների թիվն աճել է 20 %-ով, իսկ բջջային BeeTV-ի բաժանորդների թիվը՝ 4 %-ով։ Բացի այդ, ընկերությունը սկսել է աջակցել Հայաստանում հեռավար ուսուցման գործընթացին։ Այդ նպատակով մարտի 29-ից սկսած ԿԳՄՍ նախարարության պատրաստած դասընթացների բոլոր տեսանյութերը հասանելի կլինեն BeeTV հավելվածի «Տեսադարան» բաժնում: Բացի այդ, նույն հարթակի միջոցով աշակերտներին կներկայացվի նաև Հանրային հեռուստատեսության հեռարձակումը catch-up հնարավորությամբ, որպեսզի երեխաները կարողանան դիտել տեսանյութերը ցանկացած ժամի և բաց չթողնեն որևէ դասընթաց: Այս ամենը հասանելի կլինի Հայաստանի Հանրապետության ամբողջ բնակչության համար անվճար հիմունքներով:

Նաիրա Նազարյանը վստահեցնում է, որ ընկերությունը պատրաստ է ավելի մեծ ծավալներ սպասարկելու։

«Յուքոմ»

«Յուքոմ» ընկերության հանրային կապերի պատասխանատու Աշոտ Բարսեղյանը «Հետք»-ի հարցմանն ի պատասխան նշում է, որ արտակարգ դրության ռեժիմի հաստատումից ի վեր, վերջին շաբաթների ընթացքում, ինտերնետի թրաֆիկի աճը կազմել է 10-20 %՝ կախված օրվա տարբեր ժամերի հետ։ Աշոտ Բարսեղյանը նշում է, որ թրաֆիկի նման աճը ոչ մի կերպ չի կարող դիտարկվել որպես գերծանրաբեռնվածություն, որովհետև այն սովորական աճ է, որը ոչ արտակարգ իրավիճակներում դիտվում է սովորաբար ամսվա առաջին օրերին, երբեմն էլ կարևոր միջոցառումների և հայտարարությունների առցանց հեռարձակումների ժամանակ։ Ուստի, այս առումով ընկերությունը պատրաստ է սպասարկել ավելի մեծ ծավալներ։ Ըստ նրա՝ պատմական պիկը գրանցվել է թավշյա հեղափոխության օրերին։

Նա նշում է, որ վերջին օրերին ինտերնետ հասանելիության հետ կապված միակ խնդիրը եղել է Վրաստանում կապուղիների վթարը, որը կապ չուներ որևէ ինտերնետ մատակարարող ընկերության գերծանրաբեռնվածության հետ։ Հիշեցնենք, որ մարտի 22-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Վրաստանում` Գորի-Զեստաֆոնի բնակավայրերի միջակայքում, տեղի էր ունեցել կապուղիների վթար, որի հետևանքով վնասվել էր Հայաստանի ինտերնետ հասանելիության զգալի մասը ապահովող հիմնական մայր կապուղին: Վթարը Հայաստանի օգտատերերի համար գրեթե աննկատ է եղել, քանի որ պահուստային կապուղիներով անմիջապես հնարավոր է եղել կարգավորել իրավիճակը: Սակայն 17:15-ի սահմաններում Թբիլիսիում տեղի էր ունեցել նույն պահուստային ինտերնետ կապուղու վթար, որի պատճառով Հայաստանի ինտերնետ հասանելիությունը Վրաստանի վրայով մեծ մասով ընդհատվել էր: Շուրջ մեկ ժամվա համատեղ աշխատանքից հետո հայ և վրացի մասնագետներին հաջողվել էր վերականգնել ռեզերվային կապուղին: Հիմնական կապուղին արագ վերականգնվել էր, սակայն մոտ երկու օր զգացվում էին ինտերնետ կապի որոշակի խափանումներ։

Աշոտ Բարսեղյանը վերահաստատել է նաև այն միտքը, որ հայաստանյան պրովայդերներն ունեն բավականին շատ ռեզերվային ծավալ, քանի որ Հայաստանը Մերձավոր Արևելքի երկրների համար ինտերնետ հասանելիություն տրամադրող տարանցիկ երկիր է, ինչը նշանակում է՝ չի կարող պահուստի խնդիր լինել: Նա հավելել է, որ առավել մանրամասն տեղեկություններ ընկերությունը կտրամադրի ապրիլ ամսվա սկզբին։

Ընկերությունն աջակցում է նաև հեռավար ուսուցման կազմակերպմանը։ Այսպես, մարտի 23-ին ընկերության և ԿԳՄՍ նախարարության միջև կնքված հեռավար ուսուցման կազմակերպման վերաբերյալ համագործակցության համաձայն՝ այսուհետ Ucom-ի uTV-ի տեսավարձույթի (VoD) «Հեռավար ուսուցում» բաժնում կտեղադրվեն ԿԳՄՍ նախարարության պատրաստած դասընթացների տեսանյութեր՝ դասակարգված ըստ դասարանի, ամսաթվի և առարկայի: Այսպիսով, Ucom-ի uTV ծառայության բոլոր բաժանորդները, անկախ սակագնային պլանից, արդեն իսկ հնարավորություն ունեն Հայաստանի ողջ տարածքում «Տեսավարձույթ» բաժնում տեղադրված տեսանյութերը դիտել առանց հավելյալ վճարի:

«Ռոստելեկոմ»

«Ռոստելեկոմ» ընկերության արտաքին կոմունիկացիաների և մեդիա հարաբերությունների պատասխանատու Հայկուհի Գրիգորյանը «Հետք»-ի հարցմանն ի պատասխան նշել է, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակի առաջին օրերից ընկերությունն աշխատել է արտակարգ ռեժիմով և հեռավար, բացառությամբ այն ստորաբաժանումների, որոնց աշխատակիցների աշխատանքը հնարավոր չէր իրականացնել տնից։

Մարտի 14-ից մինչև մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում ընկերության կողմից տրամադրվող ինտերնետ թրաֆիկի ծավալն ավելացել է 15-20 %-ով։ Ըստ Հայկուհի Գրիգորյանի՝ ինտերնետ ցանցի գերծանրաբեռնվածություն չի նկատվում, սակայն ընկերությունը պատրաստ է ցանցի ծանրաբեռնվածության ավելի մեծ ծավալների։ Վերջինս հավելել է, որ բաժանորդների սպասարկումն իրականացվում է հեռախոսային և առցանց տարբերակներով։

Ընկերության մատուցած ծառայությունների նոր բաժանորդների թիվը շատ մեծ չէ (մարտի 28-ի դրությամբ՝ 186 նոր բաժանորդագրություն)։ Պատճառը վաճառքի և սպասարկման սրահների կորոնավիրուսի պատճառով չգործելն է։ Հայկուհի Գրիգոյանի խոսքերով՝ վերջին օրերին աշխատանքի հետ կապված խափանումներ չեն եղել, ընկերությունը տեխնիկական աշխատանքներ է իրականացրել հեռուստաալիքների մի մասն ու ֆիլմացանկն անվճար դարձնելու համար:

Բացի այդ, ընկերությունը ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ թողարկել է «Hybrid Edu» հեռուստաալիքը, որով հեռարձակվում են ՀՀ հանրակրթական դպրոցների հեռավար տեսադասերը, ինչպես նաև «Այբ» կրթական հիմնադրամի «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի էլեկտրոնային ռեսուրսները:

«ՎիվաՍել-ՄՏՍ»

«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահե Իսահակյանը, «Հետք»-ի հարցմանն ի պատասխան նշել է, որ մարտ ամսվա երրորդ տասնօրյակի տվյալների ամփոփում դեռևս չի իրականացրել։ Ընկերությունն այդ տվյալները կներկայացնի ապրիլ ամսվա սկզբին։

Նախորդ շաբաթ ռուսական շուկայում նմանատիպ հարցում էր իրականացրել նաև «BBC»-ն։ «МТС» ընկերությունը հայտնել էր, որ մարտի 16-19-ն ընկած ժամանակահատվածում, ընկերության ֆիքսված ինտերնետն աճել էր 6,5 %-ով, իսկ ձայնային թրաֆիկը՝ 11 %-ով։ «Beeline» ընկերությունն էլ հայտնել էր, որ Մոսկվայում մեկ շաբաթվա ընթացքում ձայնային զանգերն աճել են 25 %-ով, իսկ ֆիքսված ինտերնետը` 24 %-ով։ Մոսկվայից դուրս ինտերնետի թրաֆիկն աճել էր 17 %-ով։ «Мегафон» ընկերության պարագայում էլ ֆիքսված ինտերնետի ցերեկային թրաֆիկն աճել էր 20 %-ով։

Ինտերնետ ծառայություն մատուցող ռուսական ընկերությունները հայտնում են, որ հիմնականում աճել է ցերեկային թրաֆիկը, քանի որ նախկինի նման, երեկոյան և գիշերային ժամերին, մարդիկ նույն հաճախականությամբ են շարունակում օգտագործել ինտերնետ։ Այդուհանդերձ, ռուսական ընկերությունները խուսափել են պատասխանել այն հարցին, թե կկարողանան արդյոք անխափան կերպով շարունակել սպասարկել ինտերնետ ծառայությունները՝ թրաֆիկի նման աճի պարագայում։ Բացի այդ, հիշեցնենք, որ Պուտինի հրամանով այս շաբաթ Ռուսաստանում ոչ աշխատանքային է, ինչը ենթադրում է, որ էլի ավելի կմեծանա ֆիքսված ինտերնետի թրաֆիկը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter