HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորվել է Ախալքալաքի նախկին ոստիկանապետը. նախկին և ներկա պատգամավորների ընդհարումը Ջավախքում

Այսօր Ախալցխայի շրջանային դատարանը որոշում է կայացրել կալանավորել Ախալքալաքի նախկին ոստիկանապետ, այնուհետև Ջավախքից ընտրված Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, այժմ Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավոր Սամվել Պետրոսյանին:

Կալանքը որպես խափանման միջոց կկիրառվլի նաև Ջավախքից ընտրված մյուս պատգամավոր` Հենզել Մկոյանի 19-ամյա եղբորորդու` Արմեն Մկոյանի նկատմամբ:

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ մարտի 26-ին Ախալքալաքի Ջավախեթի-Ազատություն փողոցների խաչմերուկի մոտակայքում` «Գոլդ» սրճարանի հարևանությամբ, հնչել են կրակոցներ:

Մեր տեղեկություններով` Սամվել Պետրոսյանի և Հենզել Մկոյանի մտերիմների միջև տեղի է ունեցել ընդհարում, որի ավարտին կրակոցներ են հնչել: Ընդհարմանը մասնակից են եղել նաև նախկին և ներկա պատգամավորներն անձամբ: Սամվել Պետրոսյանը և ներկայիս պատգամավոր Հենզել Մկոյանը երկարամյա «հակառակորդներ» են Ջավախքի քաղաքական դաշտում:

Հնչած կրակոցների դեպքով հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի երրորդ և չորրորդ մասերով, ինչպես նաև 239-րդ հոդվածի երկրորդ մասի Ա ենթակետով ու երրորդ մասով, որոնք են` հրազենով ապօրինի ձեռք բերելը, պահելը և կրելը ու խուլիգանությունը:

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Սամցխե-Ջավախքի ոստիկանության աշխատողները, օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում բերման էին ենթարկել նրանց հրազենի գործադրությամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով: Նրանց այնուհետև առաջադրվել է նույն մեղադրանքը: Այս հոդվածը ենթադրում է 4-ից 7 տարվա ազատազրկում:

Այսօր Հենզել Մկոյանը հայտարարություն է տարածել` որակելով տեղի ունեցածը որպես սպանության փորձ: Նա նաև միջադեպի վերաբերյալ մանրամասներ է հրապարակել` նշելով, որ Սամվել Պետրոսյանը բառացի վիրավորանք է հասցրել իր եղբորորդուն՝ 12-րդ դասարանի աշակերտ Արմեն Մկոյանին։ Այս հարցի շուրջ նույն օրը Սամվել Պետրոսյանի որդին` Գիորգի Պետրոսյանը, իր համախոհների հետ ընդդիմացել է իր որդու Կարապետ Մկոյանի դեմ, որն ուղեկցել է հորեղբոր որդուն։

«Ընդհարումը տեղի է ունեցել իմ տան մոտակայքում, այդ ձայները լսելով` վեճի հաշտեցման նպատակով ես դուրս եկա իմ տանից, իմ բարեկամներին և նրանց կողմնակիցներին խնդրեցի կազմալուծվել։ Ես իմ հարազատների հետ եկա դեպի իմ տան կողմը։ Իրավիճակն արդեն լուծված ու խաղաղված էր, երբ իր մեքենայով եկավ Սամվել Պետրոսյանը՝ Գիորգի Պետրոսյանի հայրը, դուրս եկավ մեքենայից, գնաց իր որդու ուղղությամբ, նրան ասաց` դու գնա տուն, ես նրանց հետ կլուծեմ այս հարցերը։ Դրանից հետո հետ դարձավ իմ ուղղությամբ, արագ բարձրացրեց հրազեն ատրճանակը և երեք անգամ կրակեց իմ ուղղությամբ, ես թեքվեցի, որպեսզի փամփուշտը ինձ չդիպչեր։ Մի փամփուշտն արագ սուլոցով անցավ իմ ականջի մոտով, երկրորդն ընկավ իմ ոտների տակ, երեք կրակոցից հետո նա իր ձեռքում առկա ատրճանակով այլևս չկարողացավ կրակել, քանի որ փամփուշտը խցանվել էր։ Այդ ընթացքում ես բարձրացրի իմ ատրճանակը և ինքնապաշտպանության նպատակով երկու անգամ կրակեցի դեպի օդ։ Այդ ընթացքում եկան ոստիկանության աշխատակիցները և զինաթափեցին Սամվել Պետրոսյանին»,- հայտնել է պատգամավոր Հենզել Մկոյանը։

Դեպքի վայրից կա նաև տեսանկարահանում, որտեղ երևում են բախման և կրակոցների պահերը:

Դատարանը երկամսյա կալանք է սահմանել Սամվել Պետրոսյանի և Արմեն Մկոյանի նկատմամբ:

Լուսանկարը` Սամվել Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter