Հեռավոր ու սահմանամերձ գյուղերում մոտ ապագայում հնարավոր է անգամ բողոքողներ չլինեն
Որոտանում երբեք տան դուռը չեն կողպում
Որոտանը համեմատաբար նոր գյուղ է Սյունիքի քարտեզի վրա. որպես բանավան` հիմնադրվել է 1960-ական թվականներին Տաթեւի ՀԷԿ-ի կառուցման ընթացքում : Իննսունականների սկզբին գյուղում վերաբնակեցվել է նաեւ Ադրբեջանից բնակության վայրը հարկադրաբար լքած մի քանի տասնյակ մարդ, եւ այսօր ՀՀ պետական սահմանից ընդամենը 150 մետր հեռավորության վրա գտնվող Որոտանում ապրում է 82 ընտանիք:
ՙՉենք ապրում, գոյություն ենք քարշ տալիս՚,- դառնությամբ նկատում է Արմինե Հովսեփյանը, որն ամուսնու եւ վեց անչափահաս երեխաների հետ պատսպարվել է կիսաքանդ եւ աղքատիկ մի բնակարանում:
ՙՄեր ընտանիքի միակ եկամուտը սոցիալական ապահովության նպաստն է, որից յուրաքանչյուրիս օրական հազիվ 180 դրամ է հասնում: Դրանով պիտի կարողանանք հոգալ մեր բոլոր կարիքները: Միակ ձեւը ապառիկն է` սկսած հագուստից, սննդից, մինչեւ դպրոցական դասագրքեր: 10-15 հազար դրամի չափով դասագրքեր են հատկացրել երեխաներին, արդեն կիսամյակն ավարտվում է, բայց չենք կարողանում վճարել դրա դիմաց, ամեն օր դպրոցից փողն ուզում են: Անցած տարի մեկնել էինք Վայքի Սարավան գյուղ, մի փոքր հողատարածք վարձակալել, բայց ցանկապատի փող չունեինք, անասունները կերան լոբին ու կարտոֆիլը, մնացինք դատարկաձեռն: Ստիպված սկսեցինք ամուսնուս եղբոր անասունները խնամել, որ աշխատանքի դիմաց մի քանի կիլոգրամ պանիր տան: Իսկ հիմա բոլորովին դատարկ նստած ենք: Ամսական երկու պարկ ալյուր եմ առնում, հացն էլ ինքս եմ թխում, հազիվ է հերիքում, ուրիշ ուտելու բան չկա: Ամբողջ ձմեռ երեխաներս անտառից ցախ ու չոփ են հավաքում, որ գոնե ցրտին դիմանանք...՚,- պատմում է Արմինեն:
Ամբողջ զրույցի ընթացքում սենյակ չի մտնում Արմինեի դուստրը, որը, հավանաբար, անհարմար է զգում իրենց կենցաղային պայմանների, անգամ անկողնու անհրաժեշտ պարագաների անապահովության , անլուսամուտ պատուհանների, անհրապույր ու դժգույն պատերի համար:
Արմինեն ու նրա երեխաները միակը չեն, որ դժվար կյանքով են ապրում Որոտանում: Տարիներ առաջ Դիաննա Խալաթյանի ընտանիքը թողել է Բաքվի տունն ու ապաստանել այստեղ: Ժամանակի հետ տուն-տեղ են դրել, բայց աշխատանք չունեն: Անգամ նպաստ չեն ստանում: Աղջիկն ավարտել է դպրոցը, բայց ուսումը շարունակելու կամ որեւէ մասնագիտություն ձեռք բերելու հնարավորություն չկա: Ամիսներ առաջ մի տեղ աշխատանքի հայտարարություն կար, ամուսինը ստիպված մի մեքենայից 1 տ գարի բեռնաթափեց, որ դրա դիմաց ստացած 1000 դրամով լուսանկարվի ու դիմի աշխատանքի ընդունվելու համար: Մերժեցին: Միակ հույսն այն է, որ մի օր փոխհատուցում են ստանալու կորցրած բնակարանի դիմաց: Հենց այդ պատճառով ՀՀ քաղաքացիություն չեն ընդունում:
Գյուղի սոցիալական խնդիրների մասին է պատմում նաեւ համայնքապետի ղեկավարի պաշտոնակատար Սուրեն Օհանջանյանը : Պետությունից ընդամենը 1,5 միլիոն դրամ լրավճար ստացող համայնքն իր սոցիալական խնդիրների լուծման համար կարող է ակնկալել եւս 300 հազար դրամ հողի հարկի գումար, որը, սակայն, ելնելով այն պայմաններից, որում ապրում է գյուղի բնակչությունը, դժվարությամբ են վճարում:
ՙՄարդկանց հիմնական զբաղմունքը հողագործությունն է, մի քանի հոգի Որոտանի ՀԷԿ-ում են աշխատում: Գյուղում բոլոր ընտանիքների ապրելակերպին լավատեղյակ եմ: Մի գյուղում, որտեղ երբեք տան դուռ չեն կողպում, որովհետեւ տներում տանելու բան չունեն, ինչպե±ս կարող են հողի հարկ վճարել, որ հնարավոր լինի գյուղի սոցիալական խնդիրների լուծման մասին մտածել: Ամբողջ տարվա ընթացքում Որոտանի ՀԷԿ-երի համակարգը գյուղի տարածքում գտնվող օժանդակ տնտեսության տարածքի վարձակալության համա ր 23 հազար դրամ գումար է փոխանցում համայնքին, միակ կանոնավոր վճարողը նա է, բայց դրանով որեւէ խնդիր լուծել հնարավոր չէ: Գյուղում անգամ խանութ չկա, ոչ մեկը չի ուզում բացել, որովհետեւ վստահ է, որ մարդիկ վճարունակ չեն՚,- ասում է Ս. Օհանջանյանը:
Իսկապես, ռազմավարական ճանապարհների խաչուղում գտնվող Որոտանի համար այդ միջոցները ոչ միայն բավարար չեն, այլեւ լրացուցիչ աջակցության կարիք ունի համայնքը: Արցախյան պատերազմի ժամանակ գյուղը գտնվում էր կրկնակի շրջափակման մեջ: Ամիսներ շարունակ հոգեվարքի մեջ գտնվող գյուղը բարիկադ էր հիշեցնում: Եվ խնդիր ուներ ոչ միայն ապահով պահել Կապան, Գորիս տանող խաչուղին, այլեւ վտանգը հեռացնել Որոտանի ՀԷԿ-երի համակարգից: Այդ խնդիրը պատվով էին իրականացնում թե° հանրապետության այլ բնակավայրերից Որոտանում կենաց-մահու կռիվ տվողները, եւ թե° տեղացի քաջորդիները: Նրանցից մեկն էլ Արայիկ Մարկոսյանն էր, որի մասին լեգենդներ են պատմում ոչ միայն Որոտանում, այլեւ մյուս գյուղերում, օրինակ` Խոտում, որտեղ ծնվել է Արայիկը եւ հակամարտությունների առաջին օրերին ընտանիքով տեղափոխվել Որոտան: Պատերազմի սկզբից Արայիկը կանգնած էր ազատագրական պայքարի առաջին շարքերում: Նա հմուտ հետախույզի անուն ուներ: ՙՈր ասում էին` պետք է մի թուրք բերես, գիշերը գնում, բերում էր, դատախազը տանում էր մեր հայերի հետ փոխանակում՚,- այսպես են բնութագրում նրան գորիսցի ազատամարտիկները:
Հայրենիքի բարձր պարգեւներ, մարտական շքանշաններ ունեցող կապիտանի կյանքը, սակայն, ընդհատվեց խաղաղ պայմաններում: Նրա ողբերգական մահից հետո ընտանիքը մնաց առանց ապրուստի որեւէ միջոցի:
Նրա կինը` Հայկուշ Առաքելյանը, պատմում է. ՙՉորս երեխա ունեմ , ամուսնուս մահից հետո մեր տուն է տեղափոխվել նաեւ նրա մայրը, միայնակ դժվար է վիշտը կրել, երեխաներին խնամել: Մեր ընտանիքի միակ միջոցն անչափահաս աղջկաս հատկացված 30 հազար դրամ թոշակն է: Աղջիկներիցս մեկը Գորիսում է սովորում, քանի տեղ դիմեցինք, որ նրա ուսման վարձը զիջեն, մերժեցին: Տղաս ծառայել է ազգային բանակում, վերադարձել գյուղ, բայց ոչ մի տեղ չենք կարողանում աշխատանքի տեղավորել: Ո°չ հողամաս ունենք, ո°չ էլ' անասուն: Նպաստ էլ չեն տալիս: Արդեն մի քանի ամսվա նպաստի գումար եմ ծախսել Գորիս գնալ-գալու համար, բայց մերժել են: Քանի ամուսինս կենդանի էր, նրա մասին հրամանատարները, զինակիցները պարծանքով էին խոսում, բազմաթիվ պարգեւներ են շնորհել, հիմա պարզվում է, որ դա նրանց համար կոպեկի արժեք չունի: Քիչ է մնում վերցնեմ էդ թղթերը ու տանեմ նրանց վերադարձնեմ՚:
Արցունքները չի կարողանում զսպել հրաձգային գումարտակի հրամանատարի մայրը, որի առողջությունը վատացել է որդու կորստից հետո. ՙԹոշակս ստանալիս 5000 դրամ լույսի վարձ եմ տալիս, 5000` հեռախոսի: Ջրի աշխատողն էլ խմելու ջրի վարձն ուզելիս թոռանս նեղացնում է. ՙՔո հերը հողի տակից ձեզ համար փող է ուղարկում՚: Բա դա ասելու բա±ն է: Մենք այս հողը երբեք չենք թողնի, այստեղ որդուս գերեզմանն է, բայց այսպես ապրելն էլ այլեւս անհնար է...՚:
Սվարանցում համայնքապետերն անգամ օր առաջ ուզում են հեռանալ գյուղից
Իրենց ազատամարտիկ որդիների շիրիմներից հեռանալու մտադրություն չունեն նաեւ Որոտանից ոչ պակաս հոգսաշատ Սվարանց գյուղի մարդիկ: Գյուղը ձմռանը մի քանի ամիս փակվում է:
Համայնքի ղեկավար Արթուր Մարգարյանն ասում է, որ Սվարանցը հիշում են միայն ընտրությունների ժամանակ, որովհետեւ գյուղում 250-ից ավելի ընտրող կա: Նախորդ ընտրություններում Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուն մի շարք խոստումներ էր տվել: Իրենք հեռու են կուսակցական բոլոր խարդավանքներից, բայց մտածել են գոնե այդպես շահագրգռել իշխանություններին, որ մտածեն Սվարանցի հոգսերի մասին: Ու չեն թաքցնում, որ հիասթափված են իրենց ընտրությունից:
ՙԱզգային ժողովի պատգամավոր ընտրել ենք, որ մեր ձայնը հասցնի երկրի իշխանություններին, սա± էր մեր սպասածը, որ օր-օրի գյուղում սոցիալական վիճակը ավելի է սրվում՚,- զայրույթով նշում են սվարանցիները:
Գյուղի խնդիրներից համայնքապետը կարեւորում է խմելու ջրի ներքին ցանցի նորոգումը, քանի որ թեպետ ինքնահոս ջուրը բավարարում է համայնքի բնակիչներին, այնուամենայնիվ, ներքին ցանցն այնքան է վնասված, որ պարբերաբար խցանումներ են լինում: ՙՄինչեւ անգամ կրծողներ են ընկնում խողովակի մեջ՚,- հումորախառն նկատում են մարդիկ:
Դժվար է մայրաքաղաքից 300 կմ եւ մարզկենտրոնից մոտ 70 կմ հեռավորության վրա ապրող մարդուն գյուղում պահել միայն հայրենասիրության մասին դասեր տալով, դրա կարիքը նա չունի էլ, որովհետեւ գրեթե ոչ մի մեխանիզացիա չունեցող գյուղում մարդն աշխատում է ե°ւ տրակտորի պես, ե°ւ տրակտորի փոխարեն:
ՙԱյսքանից հետո,- հավելում է համայնքապետը,- յուրաքանչյուր ամսվա կեսին գյուղը աշխարհին կապող միակ միջոցը` հեռախոսը, անջատվում է, որովհետեւ միշտ մարդկանց թոշակն ավելի է ուշանում: Մի քանի անգամ դիմել եմ, որ մեր գյուղի համար բացառություն անեն, սպասեն մինչեւ թոշակները գյուղ հասնեն, բայց ապարդյուն: Արդյունքում ստացվում է այնպես, որ հեռախոսի ամսավճար վճարում ենք ընդամենը 10 օրվա համար` տասը օր առաջ անջատում են, վարձը մուծելուց տասը օր հետո էլ հազիվ Գորիս է հասնում, միացնում են՚:
Անարձագանք են մնում նաեւ համայնքի ղեկավարի ահազանգերն այն մասին, որ տարեցտարի գյուղը դատարկվում է, այս աշնանը անգամ զորակոչիկ չունեն: Անցած տարի ընդամենը մեկ երեխա է ծնվել:
ՙԵթե այսպես շարունակվի,- դառնությամբ նկատում է համայնքապետը,- գյուղում աշխատունակ մարդ չի մնալու, ի±նչ պիտի լինի սրա վերջը՚:
Այս հարցը թերեւս պիտի հղել իրավասու այն մարդանց, ում համար ոչ միայն միեւնույն չպիտի լինի մեր երկրի վաղվա օրը, այլեւ պատասխանատու են այս հողի ճակատագրի համար: Եվ որքան էլ որ փաստենք, թե տեղական իշխանությունները պարտավոր են ինքնակառավարման միջոցով համայնքային խնդիրներ լուծել, այնուամենայնիվ, պիտի հաստատել նաեւ, որ դրա համար նախանշված համայնքային միջոցները բավական սուղ են: Եթե մարզկենտրոնին մոտ գտնվող գյուղերի իշխանությունները հնարավորություն ունեն երբեմն-երբեմն տեղեկանալու հնարավոր տարբեր, մասնավորապես միջազգային կազմակերպությունների ներդրումների մասին, ապա հեռավոր բնակավայրերը նաեւ այդ առումով են տուժում:
Մյուս կողմից էլ, հաճախ տեղական բյուջեների համալրման միջոցներից մեկը որոշ իշխանավորների համար դառնում է տարբեր օգնություններ բաժանելու պայման` մի քանի տասնյակ հազար դրամ հողի հարկի պարտքը տու°ր, որ երաշտից տուժած դաշտիդ համար հասանելիք 6,02 կգ ցորենդ ստանաս: Այս միտումը ամենաշատը զայրացնում է հատկապես այն գյուղերի բնակիչներին, ովքեր, բնական աղետներից վնաս կրելով, չեն կարողանում ոչ միայն այդ տարվա համար հողի հարկ վճարել, այլեւ հետագայում սերմացուի պատճառով հողն անմշակ են թողնում:
Առհասարակ, գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես` աղետների դեպքում օգնությունների հատկացման, բաշխման, դրանց միջոցով գյուղմթերքների արտադրության ծավալների կրճատման մեխանիզմի այսօրվա գործող կարգը գուցե լայն քննարկման թեմա է, բայց փաստ է եւ այն, որ հատկապես գյուղաբնակների համար սոցիալական նպաստի հետ այդօրինակ աջակցությունները մնում են սոցիալական արդարությունը պաշտպանելու` պետության վարած քաղաքականության հիմնական չափանիշը:
Եվ, եթե նախորդ տարի էժան վառելիք ու բարձրորակ սերմացու օգտագործած մարդը կարողանար այնքան բարձր բերք ստանալ, որ դրանից նաեւ ապահովագրեր եկող տարվա անբարենպաստ կլիմայական պայմանների պատճառով կորցրած սերմացուն, իհարկե, նրա համար միեւնույն կլիներ, թե բնությունը էլի ինչ փորձանք ունի պահած իր համար, կամ' որքանո՞վ նա հույսը կդներ իշխանությունների` գյուղին դարձրած ուշադրության վրա: Ու քանի դեռ մենք շատ հեռու ենք դրա մասին անգամ երազելուց, քանի մեր երկիրը վաղուց Շագրենու կաշվի նման փոքրանում է իշխանությունների անտարբերությունից, պիտի լրջորեն մտահոգվենք, թե չէ, մեկ էլ տեսաք, մանավանդ հեռավոր ու սահմանամերձ գյուղերում, անգամ բողոքողներ չմնացին..
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել