Ցորենի սերմացուն հատկացվել է 1/10-րդ չափով
Որոշ գյուղերում աշնանացան չի արվելու սերմացուի չափազանց քիչ լինելու պատճառով
Գեղարքունիքի մարզի կլիման բնորոշվում է երկարատեւ եւ խստաշունչ ձմեռներով, քանի որ գտնվում է ծովի մակերեւույթից 2000-3500 մ բարձրության վրա: Մարզի համայնքներից 80-ը բարձրլեռնային են, 10-ը' լեռնային: Այս ցուցանիշները վկայում են, որ բնակլիմայական ոչ բարենպաստ պայմանները գյուղատնտեսության ոլորտը մարզում մշտապես դարձնում են ռիսկային բնագավառ, իսկ ոչ բարեկարգ ավտոճանապարհները չեն նպաստում գյուղմթերքների իրացման խնդիրների լուծմանը եւ ապրանքաշրջանառության ինքնաշխատ մեխանիզմների հաստատմանը:
Գյուղատնտեսությունը եւ անասնապահական մթերքի արտադրությունը Գեղարքունիքի մարզի տնտեսության առաջատար ճյուղերն են: Գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ է զբաղվում ոչ միայն մարզի գյուղական համայնքների բնակչությունը, որը կազմում է բնակչության 66,5 %-ը, այլեւ քաղաքային համայնքների բնակչությունը:
2005թ. ամռանը գյուղացիական տնտեսությունները հայտնվեցին գրեթե անելանելի վիճակում, քանի որ բերքահավաքի եռուն շրջանում բարձրացան դիզվառելիքի եւ բենզինի գները, իսկ ցորենի մթերման եւ վաճառքի գները կտրուկ ընկան: 1 լիտր դիզվառելիքն այս շրջանում վաճառվում էր 300-320 դրամով, 1 լիտր բենզինը՝ 340-440 դրամով, իսկ ցորենի մթերման գները տատանվում էին 60-65 դրամի սահմաններում՝ կախված բերքի որակից:
Այս տարի գների առումով էական փոփոխություններ տեղի չունեցան: Պարզապես բարձր գներին գումարվեց երաշտը՝ իր բոլոր հետեւանքներով, եւ կրկին նահանջ արձանագրվեց աղքատության մակարդակի կրճատման առնչությամբ:
ՀՀ կառավարության որոշմամբ' Գեղարքունիքի մարզի երաշտից տուժած համայնքներին հատկացվել է 720 տ աշնանացան ցորենի սերմ: Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի՝ վերոհիշյալ օգնությունը բաշխվել է յուրաքանչյուր համայնքի վնասի չափին եւ հացահատիկի ցանքատարածություններին համապատասխան: Մարզպետարանի ձեւավորած հանձնաժողովն ընտրովի ուսումնասիրություն է կատարել մարզի 5՝ Գավառի, Սեւանի, Մարտունու, Ճամբարակի եւ Վարդենիս վարչատարածքների հինգական համայնքներում: Ուսումնասիրություն կատարող հանձնաժողովում ընդգրկվել են նաեւ ՏԻՄ ներկայացուցիչներ' ընտրված համայնքներից: Մարզի 92 համայնքներից աջակցություն են ստացել 67 համայնքներ՝ Գավառի, Սեւանի, Ճամբարակի, Մարտունու վարչատարածքների բոլոր համայնքները եւ 13 համայնք Վարդենիսի վարչատարածքից: Վարդենիսի վարչատարածքի համայնքների սակավ ընգրկվածությունը պայմանավորված է նրանով, որ այս տարածքի գյուղացիական տնտեսությունները նախորդ տարվանից տնտեսած ցորենի սերմ են ունեցել, ուստի մարզային իշխանությունները հաշվի են առել նաեւ համայնքային հնարավորությունները:
Մարզն ունի 64 հազար անհատական գյուղացիական տնտեսություններ եւ 100-120 կայացած միջին եւ խոշոր դաշտավարական եւ անասնապահական գյուղացիական տնտեսություններ, որոնք հիմնականում ունեն ՍՊԸ-ի կարգավիճակ: Իսկ երաշտի պատճառով տուժել են բոլոր տնտեսությունները: Սակայն ֆերմերային տնտեսություններին օգնություն չի հատկացվել, ինչը ձեռներեցության նկատմամբ արտահայտված վերաբերմունք կարելի է համարել:
Մարզում տարեկան 42-43 հազար հեկտար աշնանացան ցորեն է ցանվում, սակայն հատկացված 720 տ սերմի օգնությունը կարող է բավարարել միայն 2 հազար հա ցանք կատարելուն եւ մարզի կտրվածքով կազմում է անհրաժեշտ սերմի 7-8 %-ը: Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը օգնության տրամադրման գործընթացից գոհ է այնքանով, որ հատկացված բարձրորակ սերմի 90%-ը ցանվել է: Իսկ օգնությունն, իրոք, բավարար չէ, սակայն մարզի գյուղացիական տնտեսություններին նախատեսվում է տրամադրել նաեւ մինչեւ 1000 տ գարնանացան գարի, որի կեսից ավելին արդեն հատկացվելու է Վարդենիսի վարչատարածքի համայնքներին: Սա նույնպես կմեղմի առկա լարվածությունը:
Աշնանացան կատարելու համար երաշտից տուժած համայնքները հատկացված ցորենի սերմը ժամանակին են ստացել: Օգնության բաշխման կարգը յուրաքանչյուր համայնքում ավագանին է որոշել:
Օգնության հատկացման եւ բաշխման ընթացքի վերաբերյալ հոկտեմբերի 16-ին որոշեցինք տեղեկություններ ստանալ համայնքներում: Եվ, ինչպես սովորաբար լինում է, այս անգամ էլ համայնքապետարանների փակ դռների ավելի հաճախակի էինք հանդիպում, քան բաց եւ աշխատող համայնքապետարանների: Շորժայի, Ծափաթաղի, Դարանակի համայնքապետարանների փակ դռները չէին կարող որեւէ բան պատմել, իսկ որոշ համայնքներում էլ, հուրախություն մեզ, հայտնաբերված միակ աշխատակիցները, առանց համապատասխան փաստաթղթերի առկայության, նկարագրեցին օգնության ներհամայնքային բաշխման ընթացքը: Այդ համայնքներում չհաջողվեց տեսնել բաշխման ցուցակներ եւ ավագանու որոշումներ, մինչդեռ վերջիններն, ըստ օրենքի, պետք է փակցված լինեն բոլոր համայնքներում:
Ճամբարակի վարչատարածքի Դրախտիկ համայնքին հատկացված 9 տ ցորենի սերմացուի մեծ մասը եղել է մրրկահարված եւ չզտված, հետեւաբար' ցանք կատարելու համար ոչ պիտանի: Այդ պատճառով համայնքի ավագանին, հաշվի առնելով համայնքի հողօգտագործողների առաջարկը, որոշել է ստացված օգնությունը բաշխել համայնքի բոլոր բնակիչներին 10-ական կգ մասնաբաժնով: Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը կտրականապես հերքում է ցորենի սերմի որակի հետ կապված այդպիսի գնահատականը: Նա նշում է, որ սերմացուն ներկրվել է Սիսիանի սերմնաբուծական ընկերություններից, 15 օր լաբորատոր ստուգման է ենթարկվել Էջմիածնում եւ, ըստ էության, բարձրորակ սերմ է:
Մարտունու վարչատարածքի Մադինա գյուղի համայնքապետ Սերոբ Խաչատրյանը նշում է, որ հատկացված ցորենը բարձրորակ է, ունի 98 % ծլունակություն: Հացահատիկի մշակման ավանդույթներ ունեցող Գավառի վարչատարածքի Գեղարքունիք գյուղի համայնքապետ Կարապետ Ասատրյանը նույնպես նշում է, որ համայնքին հատկացված 17 տ ցորենի սերմը եղել է բարձրորակ, եւ արդեն համայնքում ցանվել է շուրջ 60 հա աշնանացան ցորեն: Ցորենի որակի վերաբերյալ նույնն են հավաստում նաեւ այլ համայնքների ներկայացուցիչներ եւ նշում, որ հատկացված որակական հատկանիշներ ունեցող ցորենի նկատմամբ պահանջարկը բավական մեծ է: Այնպես որ, Դրախտիկը, չգիտես թե ինչու, առանձնանում է...
2 տարի առաջ Դրախտիկում լավ բերք է ստացվել: Սակայն անգամ լավ բերքատվությունը եկամտաբեր չի դարձնում վարուցանքը, քանի որ գյուղտեխնիկայի բացակայության պայմաններում ստացված բերքի ինքնարժեքը խիստ բարձր է լինում: Առհասարակ, ստացված բերքն իրացվում է հենց համայնքում եւ ծառայում է միայն տեղական կարիքներին:
2005թ. Դրախտիկում ցանվել էր 9 հա հացահատիկ, սակայն երաշտի պատճառով ոչ մի հողատեր բերք չի ստացել: Եթե 1 հա ցանելու համար ծախսվում է 70-80 հազար դրամ, ապա 9 հա ցանքի գումարային վնասը կազմում է 630-720 հազար դրամ, ինչը լուրջ գումար է գյուղատնտեսությամբ ապրող ընտանիքների համար: Չնայած դրան, այս տարի համայնքում 10 հա աշնանացան է կատարվել: Կրկին ներդրումներ, եւ կրկին' սպասում:
Ճամբարակի վարչատարածքի æիլի համայնքին հատկացվել է 8 տ ցորենի սերմ: Բաշխման կարգը կրկին որոշել է համայնքի ավագանին: Քանի որ տրամադրված օգնությունը շատ քիչ է եղել աշնանացան կազմակերպելու համար, «մատից փուշ հանելու» տրամաբանությամբ այն բաշխվել է համայնքի տնտեսություններին. 1 շնչից բաղկացած ընտանիքներին հատկացվել է 25-ական կգ ցորենի սերմ, իսկ մնացած ընտանիքներին՝ 50-ական կգ, այսինքն՝ 1 պարկ ցորեն: Բացառություն է արվել միայն 10 երեխաներ ունեցող Մեխակ Գաբրիելյանի ընտանիքին՝ նրանց հատկացվել է 2 պարկ ցորեն:
1 հա աշնանացան կատարելու համար պահանջվում է 250-300 կգ ցորեն, իսկ æիլի գյուղացիական տնտեսությունների հողաբաժինը 1,7 հա է, ուստի ցանք իրականացնելու համար անհրաժեշտ է 500 կգ սերմացու: Հատկացված օգնությունը կազմում է ընդամենը պահանջվածի 1/10-րդ մասը: Մինչդեռ երաշտի հետեւանքով ցորենի բերք չի հավաքվել, եւ կոմբայնները, արտի մեջ փորձնական 1 քաղի շրջան կատարելուց հետո, դուրս են եկել ցորենի դաշտից: Ի դեպ, մարզում կան համայնքներ, որտեղ անգամ նման փորձնական քաղ չեն կատարել, ինչպես Վարդենիսի վարչատարածքի Նորաբակ գյուղում:
Սակայն, մարդիկ չեն հուսահատվում, եւ ցանողները շատանում են: Նորից հնար են գտնում, վարուցանք են անում, եւ æիլում այս տարի ենթադրվում է մինչեւ 250 հա աշնանացանի կատարում: Նախորդող 2 տարիներին էլ այդ չափով աշնանացան է կատարվել համայնքում:
æիլի բնակիչները գարնանը սպասում են խոստացված մեկ այլ աջակցության՝ գարու սերմացուի հատկացմանը, քանի որ ցորենի բերքատվությունը ցածր է (միջին հաշվով 1 հա-ից ստացվում է 1,5-2 տ ցորեն), եւ համայնքում ավելի շատ գարի է ցանվում: Ցորենի մշակման համար պարարտանյութեր օգտագործելու հնարավորություն գյուղացիական տնտեսությունները չեն ունենում, եւ հացահատիկի մշակումը դառնում է անեկամտաբեր: Գյուղի ֆերմերներն այս տարի փորձնական կարգով 2,5 հա աշնանացան գարի են ցանել: Սերմացուն բերել են Ամասիայից եւ սպասում են լավ արդյունքների:
Ցորենի բերքը ինչպես Դրախտիկում, այնպես էլ æիլում իրացման դժվարություններ ունի: Բացի պատահական գնորդներից, մնացած բերքը ծառայում է բնակչության ներքին կարիքներին:
æիլը նաեւ Ճամբարակի վարչատարածքի միակ համայնքն է, որ ընդգրկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Համաշխարհային բանկի «Գյուղական ձեռնարկությունների եւ փոքր առեւտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի» «Համայնքային տնտեսական բաղադրիչում»: Այս ծրագրի արդյունքում համայնքին հատկացվելու է 54.400 ԱՄՆ դոլարի արժողություն ունեցող հացահատիկահավաք կոմբայն հենց համայնքի ընտրությամբ: Կատարվել է 15 % ներդրում, որից 10 %-ը գումարային տեսքով (2 մլն 284 հազար դրամ), եւ 5 %՝ կոմբայնի համար շինություն կառուցելու համար: Անշուշտ, հաջորդ տարում հացահատիկահավաք կոմբայնի առկայությունը կթեթեւացնի բերքահավաքի կազմակերպումը, քանի որ գյուղտեխնիկայի բացակայության պատճառով համապատասխան տեխնիկա չունեցող գյուղական համայնքների տնտեսությունները բերքահավաքի եռուն շրջանում չեն կարողանում կազմակերպել իրենց աշխատանքները, որի հետեւանքով կրճատվում է ստացվող բերքի քանակը:
Ի դեպ, առաջիկայում մարզը դոտացիոն կարգով ստանալու է 20 փոքրալիտրաժ տրակտորներ: 12 հազար ԱՄՆ դոլարի արժողություն ունեցող տրակտորները համայնքները կարող են ձեռք բերել 4 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով, եթե տեղական բյուջեն ընձեռում է նման հնարավորություն:
Մարզի հողօգտագործողները նաեւ պարարտանյութ ձեռք բերելու հնարավորություն ունեն՝ 1 պարկը 3700 դրամ արժեքով, որը շուկայականին բավական զիջում է: Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը նշում է, որ պարարտանյութի ամենամեծ քանակությունը հանրապետությունում հատկացվել է Գեղարքունիքի մարզին, բայց հողի սեփականատերերը դեռեւս հապաղում են ձեռքբերման հարցում:
Վարդենիսի վարչատարածքի Արեգունի գյուղում երաշտից տուժել է համայնքի ցանքատարածությունների 80 %-ը: Համայնքին հատկացվել է 2 տ ցորենի սերմ: Համայնքի ավագանին այն բաշխել է 78 հողօգտագործողնեից 76-ի միջեւ, քանի որ 2-ը բացակայում են համայնքից: Յուրաքանչյուր հողօգտագործողին հատկացվել է 25-ական կգ ցորենի սերմ: Սակայն, շատ քիչ լինելու պատճառով այն չի ցանվելու: Արեգունիում սպասում են նաեւ խոստացված գարնանացան գարու սերմին, սակայն գարու բերքատվությունը այստեղ ցածր է: Արեգունիում ստացված ցորենն օգտագործվելու է երկու նպատակով՝ վերածվելու է այլ գյուղմթերքի՝ ալյուրի, ձավարի, եւ մեկ այլ ցավալի տարբերակով՝ մշակվելու եւ օգտագործվելու է որպես անասնակեր: Նման մոտեցման էական պատճառներից է այն, որ մթերող կազմակերպությունները գյուղ չեն մտնում: Համայնքը հեռու է, համայնք տանող ճանապարհները՝ անբարեկարգ:
Գյուղատնտեսության կայունության, գյուղացիական տնտեսությունների եկամուտների ապահովման եւ գյուղատնտեսության վերարտադրության համար կարեւոր հանգամանք է արտադրանքի իրացման խնդիրների լուծումը, իսկ դրանց չկարգավորումը հետ է մղում գյուղատնտեսության զարգացման հեռանկարները եւ այդ ոլորտում զբաղված մարզի ազգաբնակչության կենսամակարդակի բարձրացման հնարավորությունները: Իսկ ռիսկերից ապահովագրվելու առումով գյուղացիական տնտեսությունները դեռեւս ի վիճակի չեն դիմել ապահովագրման քաղաքակիրթ եղանակներին: Ուստի, ցանում են, վնասվում են եւ հերթական անգամ սպասում են օգնության:
Լուսինե Թոփլաղալցյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել