HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Վահե Դավթյան․ «Պետք է վերանայել 2013-ի գազային համաձայնագիրը»

Մարտի 31-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցը: Այս լուրը տարածել է բելառուսական «Բելտա» տեղեկատվական գործակալությունը. « Լուկաշենկոն և Փաշինյանն արձանագրել են բնական գազի գնի բարձր մակարդակը, նշելով, որ այն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին»:

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը՝ պայմանավորված կորոնավիրուսով, ավելի վաղ՝ նավթի գնի անկումը, որն ուղղակիորեն հարված էր նաև Ռուսաստանի տնտեսությանը, ի՞նչ հիմքեր են ստեղծում հայկական կողմի համար՝ ակնկալե՞լ Ռուսաստանից ներմուծվող գազի գնի փոփոխություն: Մեր զրուցակիցն է քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:

Տնտեսական, քաղաքական ի՞նչ հիմքեր ունի Հայաստանը՝ ակնկալելու գազի գնի նվազում: ԵԱՏՄ-ն կարո՞ղ է այդ հարցը բարձրացնելու հարթակ լինել:

Նախ՝ կուզեի անդրադառնալ Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույցին, որը կբնութագրեի, ինչ-որ իմաստով, չհաշվարկված քայլ, որովհետև կարծում եմ՝ անթույլատրելի է Մինսկի կամ որևէ երրորդ կողմի հետ քննարկել մի ռազմավարական, անվտանգային նշանակության հարց, որի շուրջ Երևանի ու Մոսկվայի միջև ընթանում են բավականին լարված բանակցություններ և ընթանում են բավականին երկար ժամանակ և, ինչպես տեսնում եք, ապարդյուն: Իմ կարծիքով՝ այն, որ այս երկկողմանի բանակցությունների մեջ Փաշինյանը փորձում է ներգրավել նաև այլ կողմերի, որոնք ևս դժգոհ են գազային կոնյուկտուրայից և Ռուսաստանի գնային քաղաքականությունից, վկայում է այն մասին, որ գազի գնի շուրջ ընթացող հայ-ռուսական բանակցությունները, թերևս, մտել են փակուղի, դրանցում առկա է որոշակի ճգնաժամ, և առնվազն հասկանալի էր, որ ի սկզբանե, 2018-ի վերջից, երբ սկսվեց բանակցային այդ բարդ գործընթացը, Ռուսաստանը նպատակադրում չուներ՝ գնալու գազի գնի վերանայմանը՝ նվազման ուղղությամբ: Ինչ վերաբերում է իրական տնտեսական նախադրյալներին՝ կարո՞ղ ենք արդյոք մենք օգտվել այս իրավիճակից, թե՞ ոչ: Միջազգային շուկայում այսօր տեղի են ունեցել բավականին լուրջ փոխակերպումներ, որոնց արդյունքում ռուսական գազի գինը, օրինակ, Եվրոպայում, արդեն անկում է ապրել, և վերջին օրերին ռուսական գազն այնտեղ վաճառվում 80-100 դոլարով` 1000 խմ-ի դիմաց: Մինչդեռ, Հայաստանում, սահմանին գազի գինն արժե 165 դոլար, Բելառուսում՝ 127: Այսինքն՝ երկու պետություններն էլ, այո, կարող են օբյեկտիվորեն դժգոհ լինել ստեղծված իրավիճակից: Սակայն, կարծում եմ, որ Մինսկը և Երևանը կարող են և տրամաբանական կլիներ, որ գնային այս համատեղ օրակարգի ձևավորմանը՝ բացառապես եվրասիական ինտեգրացիայի համատեքստում, որովհետև ԵԱՏՄ-ի շրջանակներում այսօր աշխատանքներ են իրականացվում բնական գազի շուկայի ձևավորման ուղղությմաբ: Եվ այստեղ թե՜ Բելառուսի, թե՜ Հայաստանի շահերը մասամբ համընկնում են, որովհետև ԵԱՏՄ շրջանակներում նրանք հանդես են գալիս որպես առավել գազատար էներգետիկ համակարգեր և Ռուսաստանից բնական գազ ներկրողներ: Ստեղծված իրավիճակում, կարծում եմ, պետք է մի փոքր վերանայել Հայաստանի թե՜ իշխանությունների, թե՜ քաղաքական դաշտի և տնտեսական տիրույթի ներկայացուցիչների մոտեցումը բնական գազի գնագոյացման շուրջ, որովհետև, ավանդաբար, Հայաստանին մատակարարվող գազի գինը կապվել է քաղաքական ինչ-ինչ գործընթացների հետ: Ներկայումս,  կարծում եմ, պետք է ոչ թե լրացուցիչ քաղաքական լիցք տանք այդ գործընթացներին՝ զանգելով Լուկաշենկոյին կամ քաղաքական այլ առաջնորդների, այլ փորձենք հիմնվել տնտեսական իրողությունների վրա, որոնք այսօր առկա են, և դրանց հիման վրա շարունակել բանակցային գործընթացը: Հակառակ դեպքում պարզապես կձախողենք:

Դուք էլ նշեցիք, որ, չի բացառվում, որ բանակցային գործընթացը  փակուղի է մտել, և գուցե Փաշինյանի զանգը ծայրահեղ քայլ էր, սակայն  դա, այնուամենայնիվ, փորձ էր գոնե ԵԱՏՄ հարթակում, համախոհի, այս դեպքում՝ Լուկաշենկոյի հետ համատեղ, բարձրացնել խնդիրն ու գուցե և լուծում գտնել:

Սա միանշանակ խելամիտ քայլ չէ, քանի որ եթե այս միտումը շարունակվի, Ռուսաստանի կողմից ևս կարող ենք համարժեք որոշակի քայլերի սպասել: Իրականում՝ անհրաժեշտ էր հիմնվել այն ստեղծված տնտեսական իրողությունների վրա՝ ցույց տալով ռուսական կողմին, որ, Հայաստանը ևս ձգտում է որոշակի շահ հետապնդել համաշխարհային էներգետիկ շուկայում առկա փոփոխություններից: Բայց մենք կրկին գնացինք հարցին քաղաքական լիցքեր հաղորդելու ճանապարհով: Զուգահեռներ անցկացնենք. 2019 թ.-ի վերջին, հասկանալով, որ գազի շուկան լրջագույն փոխակերպումների է գնում, Մոլդովան կարողացավ իր էներգետիկ դիվանագիտության ճիշտ գործիքակազմի գործադրմամբ, ստանալ բավականին լուրջ զեղչեր ՌԴ-ից՝ մոտ 40 %, և հերթական զեղչային փաթեթն այսօր պատրաստվում է, ապրիլին արդեն կկիրառվի: Մոտ մեկ ամիս առաջ Ռուսաստանը մոտ 40 % զեղչ կիրառեց նաև Բուլղարիայի համար:

Ո՞րն է այն քաղաքական գինը, որը Հայաստանը պետք է վճարի Ռուսաստանին՝ զեղչված, համեմատաբար էժան գազի համար:

Ինչու՞ ենք կրկին դիտարկում քաղաքական գնի տեսանկյունից: Ներկա պահին որևէ քաղաքական գնի հարց չի կարող լինել։ Պարզապես անհրաժեշտ է ձևավորել էներգետիկ անվտանգության հայեցակարգ՝ էներգետիկ դիվանագիտության բաղադրիչով: Դա հնարավորություն կտա արդյունավետ բանակցել ռուսական կողմի հետ: Մենք միշտ փորձել ենք ցույց տալ ռուսական կողմին, որ Ռուսաստանը պետք է կիրառի զեղչային մեխանիզմներ Հայաստանի համար՝ ելնելով բացառապես դաշնակցային, ռազմավարական հարաբերություններից: Բայց Ռուսաստանն ավանդաբար պատասխանում էր, որ վերջին 10-15 տարիների ընթացքում, երբ աշխարհում գազի գինը բավականին բարձր էր և միջին գինը հասնում էր 180-190 դոլարի, իսկ այդ պատկերն ունեինք ընդամենը 2-3 տարի առաջ, Հայաստանի համար կիրառվում էր 150, այնուհետև՝ 165 դոլար: Ըստ այդմ, քանի որ Ռուսաստանը ևս լուրջ կորուստներ է կրում այսօր համաշխարհային շուկայում գնանկման հետևանքով, պետք չէ շահարկել ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները, Հայաստանի կողմից ևս պետք է արվեն քայլեր՝ ընդառաջ ռուսական շահի: Ուստի, պետք է զարգացնել երկխոսությունը կառավարությունների, պետությունների առաջնորդների մակարդակով, ինչը սակայն, չի արվում: Մեր արտաքին քաղաքականությունն, ավանդաբար, թե՜ Ռուսաստանի, թե՜ այլ դերակատարների ուղղությամբ,  կառուցվել է, իմ կարծիքով, այն ապարդյուն պրակտիկայի վրա, երբ մենք փորձել ենք ֆինանսական դոնորներ փնտրել՝ ավանդաբար հանդես գալով խնդրողի դերում: Սա, վաղ թե ուշ, տանում է փակուղի: Քանի որ մատնանշվեց ԵԱՏՄ-ն, պետք է պատրաստվենք, որ ԵԱՏՄ շրջանակներում, երբ 2025 թ.-ին վերջնականապես կձևավորվի ու կյանքի կկոչվի էներգետիկ ընդհանուր շուկան, այնտեղ քաղաքական բաղադրիչը հասցվելու է մինիմալի: Ստեղծվելու է գազային բորսա, որտեղ ԵԱՏՄ անդամ պետությունը պետք է իր համար անհրաժեշտ ծավալի բնական գազ գնի՝ այդ պահին միջազգային շուկայում գործող գնով: Այստեղ չեն լինելու երկարաժամկետ գներ, ինչպես այսօր, երբ գինը սահմանվում է մեկ տարվա կտրվածքով: Գինը կարող է կտրուկ տատանվել՝ կապված նավթի շուկայում եղած վայրիվերումների հետ:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը (այսուհետ՝ ԳԱ) պատրաստվում է  հայտ ներկայացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ սպառողների համար գազի գինը վերանայելու առաջարկով: Ի՞նչ եք կարծում, ինչպես կարձագանքի այդ դիմումին ՀԾԿՀ-ն՝ կընդառաջի՞, թե՞ ոչ:

Նախքան սահմանի գնի շուրջ վերջնական արդյունքի գալը՝ շատ վաղ է խոսել երկրի ներսում գնային որևէ փոփոխության մասին: Անգամ եթե երկրի ներսում ունենանք որևէ գնային փոփոխություն, ակնհայտ է, որ դա լինելու է գնի բարձրացման ուղղությամբ: Ինչու՞: Քանի դեռ առկա է այն մոդելը, որի հիման վրա կառավարվում է Հայաստանի գազատրանսպորտային համակարգը, դժվար է գնալ որևէ լուրջ գնային վերանայումների՝ հօգուտ սոցիալակենտրոն գնային քաղաքականության: Ինչպիսի՞ն կլինի ՀԾԿՀ-ի վարքագիծը. պատահական չէ, որ մատնանշեցի մոդելը, որի հիման վրա կառուցվում է գազատրանսպորտային համակարգը: Մոդելը, որը ձևավորվել էր 2013 թ․-ի դեկտեմբերին կնքված հայտնի գազային համաձայնագրի շրջանակներում, ենթադրում է, որ ԳԱ-ի եկամտաբերությունը տարեկան պետք է կազմի 9 %: Ներդրումային պարտավորությունների պարագայում, սահմանին գնի՝ ներկայումս արդեն բավականին բարձր լինելու պարագայում և երկրի ներսում սպառման չափազանց համեստ դինամիկայի պայմաններում ԳԱ-ին շատ դժվար է լինելու գնալ գնի նվազեցմանը: Սրանք այն կարևորագույն փաստարկներն են, որոնք ներկայացվելու են ՀԾԿՀ-ին: Հանձնաժողովը, վաղ թե ուշ, ինչպես վերջին տարիների ընթացքում, կընդունի գնային այն հայտը, որը ներկայացնում է օպերատորը՝ ԳԱ-ն: Սրա համար շատ կարևոր հետևություն պետք է անենք: Բանակցային գործընթացը պետք է տարվի ոչ թե գնի վերանայման, գնային քաղաքականության կարգավորման ուղղությամբ, այլ պետք է սկսել շատ ավելի խորքային հարցերից՝ վերադառնալ 2013 թ.-ի գազային համաձայնագրին և այնտեղ վերանայել մի շարք բավականին վտանգավոր հիմնադրույթներ, որոնք սահմանափակում են Հայաստանի ներսում սոցիալակենտրոն գնային քաղաքականություն իրականացնելու հնարավորությունը: Մինչև այդ կետերը չվերանայվեն, ՀԾԿՀ-ն որևէ էական ազդեցություն գնային քաղաքականության վրա իրականացնել չի կարողանա:

Ասացիք, որ քաղաքական հարթություն չպետք է տեղափոխել գազի գնի խնդիրը, սակայն Ձեր նշած օրինակում ակնհայտ է, որ խնդիրը նախևառաջ քաղաքական է: Հայաստանի իշխանությունները կամավոր կարո՞ղ էին հրաժարվել իրավունքից՝ Հայաստանում կարողանալ վարել սոցիալակենտրոն գնային քաղաքականություն:

Դուք խոսում եք այն ժամանակահատվածի վերաբերյալ, երբ, այո՜ , քաղաքական բաղադրիչը գերակշիռ դեր էր զբաղեցնում այս բոլոր գործընթացներում, երբ 2013-ին կնքվեց Հայաստանի էներգետիկ անվտանգության համար նշված ոչ բարենպաստ պայմանագիրը: Այսօր մեր իշխանությունները բանակցությունների սեղանին պետք է դնեն այդ հիմնահարցը, ոչ թե խնդրեն ռուսական կողմին՝ ելնելով միջազգային կոնյուկտուրայից, նվազեցնել գինը: Պետք է փորձենք բանակցությունների սեղանին դնել գազային համաձայնագրերը, որոնցով սահմանափակվում է Հայաստանի ազգային էներգետիկ քաղաքականություն իրականացնելու հնարավորությունը: Այնտեղ, օրինակ, կա մի դրույթ, ըստ որի՝ ՀՀ կառավարությունը կարող է ԳԱ ընկերության տնօրենների խորհրդում ունենալ ընդամենը մեկ ներկայացուցիչ, այն էլ՝ առանց ձայնի իրավունքի: Սա նշանակում է, որ Կառավարության, պետության դերը մեր գազատրանսպորտային համակարգի կառավարման գործում զուտ սիմվոլիկ բնույթ է կրում: Սա այն փաստն է, որը պետք է բերվի օրակարգ, ինչը նոր իշխանությունները չեն անում: Մյուս հարցը, արդեն զուտ տնտեսական, ԳԱ-ի 9 % շահութաբերության խնդիրն է, որն այսօր թույլ չի տալիս ոչ միայն ՀԾԿՀ-ին, այլև իշխանություններին՝ հանդես գալ օբյեկտիվ  առաջարկով ուղղված ԳԱ-ին՝ էապես վերանայելու երկրի ներսում գնային քաղաքականությունը: Որևէ մեկը հիմա չի խոսում այդ համաձայնագրերի մասին: Դրանք կարծես պատմական արխիվացված նյութերի են վերածել, բայց դա ամենևին այդպես չէ:

Հայաստանի էներգետիկ անվտանգության առումով էական են էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրները: Ի՞նչ աղբյուրներ ունենք և հնարավորություն ունի՞ Հայաստանը այլ շուկաների առաջարկել էլեկտրաէներգիա՝ ցածր, մրցունակ գնով:

Վերականգնվող կամ կանաչ էներգետիկայի առումով ակնհայտորեն ունենք լուրջ առավելություններ, մասնավորապես, արևային էլեկտրաէներգետիկայի զարգացման ոլորտում, և այսօր կյանքի են կոչվում լուրջ ծրագրեր: Կառավարության ծրագրի համաձայն՝ հաստատված 2019-ի փետրվարին, արևային էներգետիկայի տեսակարար կշիռը՝ մինչև 2022 թ. պետք է հասցվի առնվազն 10 %-ի: Սա, կարծում եմ, իրատեսական ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն տեմպերը, որոնցով իրականացվում են արևային հզորությունների և արևային կայանների շինարարական աշխատանքները Հայաստանում: Հողմային էներգետիկան ունի որոշակի խնդիրներ՝ կապված լոգիստիկայի հետ, բայց արևային բաղադրիչը կարող է մեզ  թույլ տալ ապահովել այդ 10 %-ը: Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի արտահանմանը, սա Հայաստանի էներգետիկ անվտանգության Աքիլեսյան գարշապարն է՝ իմ համոզմամբ: Ինչու՞ ենք այսօր տանուլ տալիս տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ շուկայում, մասնավորապես՝ Վրաստանում: Խնդիրն առավելապես կոմերցիոն է: Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիան իր ինքնարժեքով ամենաբարձրն է տարածաշրջանում: Այն ավելի բարձր է այն էլեկտրաէներգիայից, որը ներկայումս արտադրվում է Ադրբեջանում, Ռուսաստանում, Թուրքիայում և այլն: Եթե դիտարկենք վրացական շուկան՝ որպես մեզ համար էլեկտրաէներգիայի արտահանման առանցքային ուղղություն, իսկ դա հենց այդպես էր տարիներ շարունակ (եղել են ժամանակներ՝ 2005, 2006, 2007 թթ., երբ Հայաստանն ապահովում էր Վրաստանում սպառվող էլեկտրաէներգիայի շուրջ 15 %-ը), այսօր, հիմնվելով այն ցուցանիշների վրա, որոնք ունենք 2018, 2019 թթ. արդյունքում, կարող ենք արձանագրել, որ դե ֆակտո, կորցրել ենք վրացական շուկան: 2019 թ-ի դրությամբ՝ դեպի Վրաստան արտահանել ենք 0 (զրո) կվտ ժամ էլեկտրաէներգիա: Մինչդեռ, տեսնում ենք, թե ինչպես Վրաստանում տարեցտարի աճում է ադրբեջանական էլեկտրաէներգիայի կշիռը: Իրանական ուղղությամբ դեռևս, կարծես, ամեն բան կայուն է՝ տարեկան, 1-1,2 մլրդ կվտ ժամ արտահանում ենք, սակայն այնտեղ ևս սկսում է ակտիվանալ Ադրբեջանը և Թուրքմենստանը իր՝ բավականին ցածր գին ունեցող էլեկտրաէներգիայով: Կարծում եմ, մոտակա տարիներին մենք իրանական ուղղությամբ ևս կարող ենք բավականին լուրջ խնդիրներ ունենալ, եթե այսօր չիրականացվեն որոշակի համակարգային քայլեր: Առհասարակ, Հայաստանի էներգետիկ համակարգը ձևավորվել է որպես ավելցուկային, ասինքն՝ այսօր ունենք ավելի շատ հզորություններ, քան իրականում մեզ անհրաժեշտ է: Սա նշանակում է, որ Հայաստանի էներգետիկ համակարգը խարսխված է էլեկտրաէներգիայի կայուն արտահանման և այդ արտահանման ծավալների կայուն ավելացման սկզբունքի վրա: Եթե չկարողանանք ավելացնել արտահանման ծավալները, կնշանակի, որ երկրի ներսում չենք կարող ունենալ սոցիալակենտրոն գնային քաղաքականություն, արդյունավետ էներգետիկ համակարգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter