HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպորտը, հեծանիվը, երաժշտությունը, զբոսանքն ու սիբեխը` Բուսաբանական այգում

Գուցե քչերը, բայց տարածքում ապրողները գիտեն, որ Երևանի բուսաբանական այգի զարտուղի ճանապարհով էլ կարելի է մուտք գործել: Այգու տնօրինությունը ինչքան փակում է դրանք, միևնույն է, հարակից տարածքների բնակիչները կրկին բացում են:

Նրանք գերադասում են այդ մուտքերն ավելի, քան 500 դրամով աբոնեմենտային քարտեր ձեռք բերելը` ամսական 2000 դրամ գումար լիցքավորելու և մշտական մուտք ունենալու համար: Այդքան գումար է սահմանել այգու տնօրինությունը Ծարավ-Աղբյուր փողոցի կողմից նորաբաց մուտքից օգտվելու համար:

Այգու տնօրինությունը նույնիսկ հայտարարություն էր տարածել, որ պարետի որոշումից ելնելով, մարտի 24-31 ընկած հատվածում ժամանակավորապես դադարեցվել է գործունեությունը տոմսերով այցելուների համար, աբոնեմենտային քարտ ունեցողները, սակայն, կարող էին շարունակել այցելել այգի: Իսկ 31-ից սկսած` մուտքը միայն աբոնեմենտային քարտերով է հնարավոր:

Մինչդեռ բնակիչները հեշտ ու հանգիստ օգտվում են հետնամասի մուտքից, որի վրա անգամ հուշող գրություն կա:

Այս մուտքից ներս տեսարանն այնքան էլ հրապուրիչ չէ, ինչպես կենտրոնական մուտքի սկզբնամասում է:

Այգին գրեթե անխնամ է, միայն կենտրոնական հատվածը փորձ է արվում քիչ թե շատ խնամված պահել:

Նախկինում ջերմոցի ապակեպատ տարածքն այժմ տնկարանի է վերածվել` կիսաբաց լուսամուտներով:

Ծառուղիներ կան, որ կարծես մարդու ոտք վաղուց չի կպել:

Ճեմուղիները խնամքի կարիք ունեն:

Ծառերից կախված հացամանները թռչունների են սպասում:

Կորոնավիրուսային այս «արտակարգ» օրերին, Բուսաբանական այգին մարդաշատ չէ, բայց զբոսնողներ, հեծանվորդներ, սպորտով զբաղվողներ հանդիպում են:

Մարզվողներ կան, որ կազմ ու պատրաստ եկել են այգի` նույնիսկ երաժշտական սարքավորումների ուղեկցությամբ:

Մթնշաղից առաջ մարդկանց հոսքը փոքր-ինչ ավելանում է:

Այգու կենտրոնից վերև` դեպի Զեյթուն թաղամաս տանող հատվածում հրդեհից փրկված ծառերն են փորձում կրկին բողբոջներ տալ:

Ծաղիկները, չորացած տերևների ծանրության տակից, փորձում են արևի շողեր որսալ:

Մայր ու որդի սիբեխ են հավաքում: Նրանք զրույցի տրամադրություն չունեն: Խորհուրդ են տալիս այլ սիբեխ հավաքողների մոտենալ:

Ավելի վերևում տիկին Նվարդին հանդիպեցինք: Նա տնտեսագետ է, այս օրերին տանն է մնացել և հարևանների հետ եկել է այգի` զբոսնելու և նախաճաշի համար սիբեխ տանելու:

Տիկին Նվարդն էլ հարևանների հետ տուն է գնալու արդեն մեզ հայտնի հետնամուտքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter