HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ովքեր իրավունք կունենան գնալ խաղասրահներ և մասնակցել ինտերնետային վիճակախաղերին. նոր նախագիծ

Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել խաղասրահ (բուքմեյքերական գրասենյակ) մուտք գործել և ինտերնետային տոտալիզատորի (ինտերնետ վիճակախաղ) կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող փաստաթղթերը ստուգելու կարգը։

Նոյեմբերի 1-ից կսահմանվի հստակ մեխանիզմ՝ բացառելով վիճակախաղի դեպքում 18 տարին, իսկ տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի)՝ 21 տարին չլրացած անձանց մուտքը խաղասրահներ։

Ըստ կարգի՝ ստուգումն իրականացվելու է խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի ներկայությամբ։

Խաղասրահ (բուքմեյքերական գրասենյակ) մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձը վիճակախաղի կազմակերպչին առձեռն տրամադրելու է անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ: Ստուգելուց հետո կազմակերպիչը խաղասրահ (բուքմեյքերական գրասենյակ) մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձին վերադարձնելու է անձնագիրը կամ անձը հաստատող փաստաթուղթը:

Ներկայացված փաստաթղթերի ստուգումն իրականացնելուց հետո վիճակախաղի կազմակերպիչը հավաստիանալու է նաև արդյոք լիազոր մարմնի կողմից տրամադրած՝ օրինական ուժի մեջ մտած վճռով, մոլախաղերով հրապուրվելու հետևանքով անձն ընտանիքին նյութական ծանր դրության մեջ դնելու հետևանքով հայտնվե՞լ է սահմանափակ գործունակ ճանաչված անձանց ցուցակում, թե ոչ։ Դրանից հետո թույլատրվելու է անձին մուտք գործել խաղասրահ (բուքմեյքերական գրասենյակ):

Ինտերնետ տոտալիզատորների մասնակցել ցանկացողների ստուգման պահանջը

Մինչև ֆիզիկական անձանց ինտերնետային կայքում գրանցելը՝ վիճակախաղի կազմակերպիչն իրականացնելու է ինտերնետ տոտալիզատորին մասնակցել ցանկացող ֆիզիկական անձանց ինքնության ստուգում՝ բացառելով 21 տարին չլրացած ֆիզիկական անձանց մասնակցությունը ինտերնետ տոտալիզատորին:

Ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի ինքնության նույնականացումն իրականացվելու է ինտերնետ տոտալիզատորի կազմակերպչի կողմից՝ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով անձնական տվյալների փոխանցմամբ: Գրանցվել ցանկացող ֆիզիկական անձը լրացնելու է ինտերնետային կայքում գրանցման համար նախատեսված դաշտերը և վավերացնելու է էլեկտրոնային ստորագրությամբ:

Կազմակերպիչը քսանմեկ տարին լրացած ֆիզիկական անձի էլեկտրոնային փոստին կամ բջջային հեռախոսահամարին ուղարկելու է նույնա­կանացման բանալի և գաղտնաբառ (ID և password), որով հավաստելու է կազմակերպչի ինտերնետային կայքում բարեհաջող գրանցումը:

Նույնականացման բանալին ու գաղտնաբառն (ID և password) օգտա­գործ­վելու են ֆիզիկական անձի կողմից՝ վիճակախաղի ինտերնետ կայք մուտք գործելու համար:

Նույնականացման քարտ կամ էլեկտրոնային ստորագրություն չունենալու դեպքում, ֆիզիկական անձինք ինտերնետ տոտալիզատորին մասնակցելու նպատակով վիճակախաղի ինտերնետային կայքում գրանցվելու համար պետք է մեկ անգամ այցելեն խաղասրահ (բուքմեյքերական գրասենյակ)՝ սահմանված ստուգումն անցնելու նպատակով:

Ներկայացված փաստաթղթերի ստուգումն իրականացնելուց հետո վիճակախաղի կազմակերպիչը քսանմեկ տարին լրացած ֆիզիկական անձին տրամադրելու է նույնա­կանացման բանալի և գաղտնաբառ (ID և password), որը հնարավորություն է տալու նրան մուտք գործել ինտերնետային կայք և մասնակցել ինտերնետ տոտալիզատորին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter