HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրատվամիջոցները գրաքննվում են, լրագրողները` ինքնագրաքննվում

Լրագրողները Հայաստանում ամենաքիչ պաշտպանվածն են, հաճախ նույնիսկ աշխատանքային պայմանագիր չունեն: Թուրքիայից ժամանած լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Մարզերում լրագրողները քիչ են վարձատրվում: Ըստ Լևոն Բարսեղյանի` մարզերում աշխատող լրագրողների աշխատավարձը 100-300 դոլար է, Երևանում` 500-700-ի կարող է հասնել:

Թուրքիայից ժամանած լրագրողներին հետաքրքրում էր Հայաստանում լրատվամիջոցների դերը ու նրանց ազեցությունը հասարակական կարծիքի վրա, ինչի համար Լևոն Բարսեղյանը մի քանի վիճակագրական տվյալներ հրապարակեց: Օրինակ` մարզերում լույս է տեսնում 30 թերթ, որոնց հավաքական տպաքանակը 30 հազար է: Մոտ 15 օրաթերթ հրատարակվում է Երևանում, մոտ 50 այլ թերթեր` մարզերում: Հայաստանյան թերթերի ամենամեծ տպաքանակը 8000-9000 է: «Սրանց ազդեցությունը հասարակական կարծիքի վրա այնպիսին չէ, ինչպես Թուրքիայում»,- նշեց «Ասպարեզ» ակումբի նախագահը:

Ամենահասանելի լրատվամիջոցը Հայաստանում հեռուստատեսությունն է: 45 հեռուսատատեսություն կա, որից 25-27-ը` մարզային: Մարզերի լսարանը հասնում է 10-40 հազարի: 4 տեղական հեռուսատաընկերություն է գործում Շիրակի մարզում, 3 շաբաթաթերթ և 1 ամսաթերթ: Լևոն Բարսեղյանը համեմատություններ արեց. Հայաստանի մարզերում օրաթերթ չկա, մինչդեռ Կարում 8 օրաթերթ կա:

Լևոն Բարսեղյանի գնահատմամբ, խոսքի ազատության տեսակետից Հայաստանը վերջին տարիներին փոփոխություններ չի գրանցել, ինչը ցույց է տալիս նաև Freedom House-ի վերջին գնահատականը. կազմակերպությունը հայաստանյան լրատվամիջոցների վիճակը որակել է ոչ ազատ, որը 9-րդ տարին է` չի փոփոխվում:

Ինտերնետի մատչելիությունը վերջին տվյալներով 60 տոկոս է կազմում, և վերջին տարիներին այն աճում է շատ արագ: Ակտիվ օգտվողների թիվը 15 տոկոս է: 40000 Ֆեյսբուք օգտագործողներ են գրանցվել Հայաստանում, 200 ակտիվ բլոգներ:

Թուրքիայից ժամանած լրագրողների հարցին, թե մեդիայի որ տեսակն է առավել ազդեցիկ, Լևոն Բարսեղյանը պատասխանեց, որ ազդեցիկ է հեռուստատեսությունը, սակայն հանրությունը 20 հեռուստաալիք դիտելով 30 տոկոս ինֆորմացիա է ստանում: Մինչդեռ 5-6 թերթ կարդալիս կարելի է տեղեկանալ երկրում կատարվող իրադարձությունների մասին: «Մենք տեղեկություներ ունենք, որ իշխանությունները ցուցակներ են տրամադրում հեռուստաընկերություններին, թե ում կարելի է հրավիրել եթերի, ում` չի կարելի»,- նշեց Լևոն Բարսեղյանը:

Վերջին 10 տարում 100-ից ավելի հարձակումներ են եղել մեդիաների և դրանց ներկայացուցիչների վրա: Հրկիզվել է մեդիայի ներկայացուցիչների 15 ավտոմեքենա: Մեքենաների պայթեցումների դեպքեր են եղել, հարձակումների են ենթարկվել խմբագրություններ: Այս բոլոր դեպքերից բացահայտվել է ընդամենը երեքը: Լևոն Բարսեղյանը նշեց, որ այս թվերը ցույց են տալիս, թե ինչպիսին է մեդիա միջավայրի վիճակը Հայաստանում:

Անդրադառնալով խոսքի ազատության վիճակին` Լևոն Բարսեղյանը նշեց, որ Հայաստանում կա խմբագրական գրաքննություն, ինչպես նաև ինքնագրաքննություն. շատ հաճախ լրագրողը գիտի, թե խմբագիրը իր նյութի որ հատվածը կարող է կտրել կամ կրճատել, դրա համար այդ ամենի մասին լրագրողը նախօրոք չի գրում: Լևոն Բարսեղյանը նկատեց, որ այդ ամենը սրվել է 2002 թվականից, երբ եթերազրկվեց «Ա1+»-ը և «Նոյան տապանը»:

Երևանի մամուլի ակումբի ներկայացուցիչ Հայկակ Արշամյանը հավելեց, որ Հայաստանում վերջին երկու տարիների ընթացքում զարգանում է նոր մեդին, և օնլայն ու սոցիալական մեդիան մեծ դեր են ստանում: «Հայաստանի այն լրագրողները, ովքեր իրենց չեն տեսնում կախյալ հեռուստաընկերություններում կամ այլ լրատվամիջոցներում, իրենց տեղը գտնում են օնլայն մեդիաներում»,- հավելեց Հայկակ Արշամյանը:

Թուրք լրատվամիջոցները հետաքրքրվեցին, թե ինչքանով են լուսաբանել հայ-թուրքական հարաբերությունները` կապված արձանագրությունների և սահմանի բացման հարցերի հետ, Լևոն Բարսեղյանը նշեց, որ բավականին շատ են լուսաբանել, եղել են նաև փոխադարձ այցելություններ, չի եղել որևէ լրատվամիջոց, որը հատուկ խուսափի կամ վախենա հայ-թուրքական հարաբերությունները լուսաբանելուց: «Սպասում էինք, որ սահմանը կբացվի, սպասում էինք, որ Գյուլը կգա այդ ճանապարհով»,- հավելեց Լևոն Բարսեղյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter