
Սահմանափակելով բնապահպանական տեղեկատվությունը՝ սահմանափակում են քաղհասարակության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունն իր թվիթերյան էջում հայտարարություն է տարածել Հայաստանում բնապահպանական տեղեկատվության սահմանափակումների մասին օրենքի նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ դրանով խախտվում է իշխանությունների որդեգրած հրապարակայնության (թափանցիկության) սկզբունքը:
Արտակարգ իրադրության պայմաններում, երբ բոլորի ուշադրությունը կենտրոնացած է կորոնավիրուսի տարածման և հետագա սոցիալ-տնտեսական վնասների կանխարգելման վրա, երեկ կառավարությունը հավանության է արժանացրել Շրջակա միջավայրի նախարարության հեղինակած «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությունը: Հարցը եղել է չզեկուցվող, այսինքն՝ նիստի ժամանակ քննարկում չի եղել:
Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են օրենքի տեղեկատվության ազատության սահմանափակումներ սահմանող հոդվածում ավելացնել նոր մաս, որով «շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա»։
Նախագծում բերված հիմնավորումը հետևյալն է. «Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում սահմանված են հիմքեր, որոնց պարագայում շրջակա միջավայրին վերաբերող տեղեկություն ստանալու կապակցությամբ կատարված հարցումը կարող է մերժվել։ Քանի որ Կոնվենցիայով սահմանված հիմքերի զգալի մասը ներկայացված է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, հետևապես` անհրաժեշտություն է առաջացել օրենքում լրացնել միայն կոնվենցիայով սահմանված մերժման հիմքը։
«Այս բացառությունը հնարավորություն է տալիս Կառավարությանը պահպանել որոշ վայրեր, ինչպիսիք են հազվագյուտ տեսակների բազմացման վայրերը, ինչպես նաև դրանց շահագործումը՝ ընդհուպ գաղտնի պահելով վերջիններիս տեղակայման վայրերը։ Այս դրույթն առաջին հերթին երաշխիք-նորմ է, ինչը թույլ է տալիս պետական մարմիններին հաշվի առնել այն վնասը, որը կարող է հասցվել շրջակա միջավայրին՝ տեղեկատվության բացահայտման կամ չբացահայտման վերաբերյալ որոշում կայացնելիս»,- նշված է հիմնավորման մեջ։
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ մի շարք հասարակական կազմակերպություններ արդեն հայտնել են իրենց մտահոգությունն այս նախագծի առնչությամբ, և ինքն էլ կարծում է, որ այդ օրենսդրական առաջարկությունը պետք է շուտափույթ հանվի շրջանառությունից:
Ինգա Զարաֆյանը նշեց, որ թեև նախագծի հեղինակ Շրջակա միջավայրի նախարարությունը պատճառաբանությունների հիմքում դրել է «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի) կոնվենցիայի համապատասխան դրույթը, սակայն ընտրողաբար է մոտեցել հարցին, ինչը չի համապատասխանում կոնվենցիայի նպատակներին և արդարացված չէ: Նրա կարծիքով՝ կոնվենցիայի հիմնական նպատակը քաղհասարակության լիարժեք մասնակցությունն է բնապահպանական հարցերի քննարկմանը, որոշումների կայացմանը:
«Եթե հիմա սահմանափակում ենք տեղեկատվության մատչելիությունը, ուրեմն սահմանափակում ենք նաև քաղհասարակության մասնակցության հնարավորությունները»,-ասում է Ի. Զարաֆյանը:
Մեր զրուցակիցը նշում է, որ լրագրողները պարբերաբար ցանկացել են մասնակցել հանրային քննարկումներին, սակայն գրեթե միշտ հանդիպել են խոչընդոտների, ինչի մասին բարձրաձայնել են: Հույս են ունեցել, որ նախարարությունը կվերանայի իր գործելաոճը, սակայն ճիշտ հակառակը՝ նորանոր բացասական դրսևորումներ են ի հայտ գալիս:
Նույն մտահոգությունները Ի. Զարաֆյանը հայտնեց նաև Բնապահպանության և ընդերքի տեսչության վերաբերյալ՝ ասելով, որ վերջինը սկսել է չհետևել ահազանգերին: «Եթե նախկինում մամուլի, սոցիալական ցանցերի հրապարակումները հիմք էին ընդունում, ապա այժմ այդ ինտերակտիվ կապը դադարել է գործել, արձագանքում են միայն այն հրապարակումներին, որոնք ուղարկվում են տեսչության պաշտոնական հասցեին»,- նշում է բնապահպանական ՀԿ-ի ղեկավարը:
Ինգա Զարաֆյանի կարծիքով, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություն կատարելու համար պետք է հանրային քննարկում ծավալել, հատկապես, երբ հասարակական կազմակերպություններն ի սկզբանե բացասական գնահատական են տվել նախագծին:
«Նրանք փորձեցին անցկացնել, ինչը հաջողվեց՝ օգտվելով երկրում կորոնավիրուսի հետ կապված խիստ ռեժիմի վիճակից: Բայց ուզում եմ ասել, որ իրենք մինչև վերջ չեն հաջողվելու, քանի որ արդեն ունենք միջազգային կազմակերպությունների արձագանքը: Բացի այդ, այն քաղաքացիները, ովքեր մտահոգ են բնապահպանական վիճակով, վարվող քաղաքականությամբ, դեմ են այդ նախագծի ընդունմանը և առաջիկայում գրավոր հայտարարություն կուղարկվի և' Ազգային ժողով և' կառավարություն»,-ասում է Ինգա Զարաֆյանը:
Նա չգիտի, թե կառավարությունն ինչ նպատակով է այդ նախագծին հավանություն տվել, բայց քանի որ նախագիծը բերել է Շրջակա միջավայրի նախարարությունը, ցույց է տալիս այդ գերատեսչության գործելաոճը:
«Ուղղակի չշփվել, սահմանափակել քաղաքացիական հասարակության հետ շփումը և նրան հեռու պահել նախարարության որոշումների վրա ազդեցության պրոցեսից»,-հավելեց Ինգա Զարաֆյանը:
«Հետք»-ը ևս պարբերաբար բախվում է Շրջակա միջավայրի նախարարության մերժողական դիրքորոշումներին՝ տեղեկատվություն ստանալու հարցում: Այդ գործելաոճը գալիս է դեռևս նախորդ իշխանություններից և շարունակվում է այսօր: Դեռևս 2014թ. ստիպված ենք եղել դիմել վարչական դատարան՝ պահանջված տեղեկատվությունը ստանալու պահանջով, եւ մեր հայցը բավարարվել է:
Մեկնաբանել