HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հեռավար դատավարություններն անօրինական են, դատական նիստերն հետաձգելը նույնպես օրինական չէ

Արտակարգ դրության ժամանակ դատարանները պետք է գործեն բնականոն եւ անխափան: Սակայն, ԲԴԽ-ն դատավորներին հրահանգել է հետաձգել բոլոր դատական նիստերը՝ բացառությամբ անհապաղ քննության ենթակա գործերի կամ հեռավար դատավարություններ իրականացնել: Դատավորներին թույլատրվել է առցանց դատավարություն իրականացնել բոլոր հասանելի էլեկտրոնային հավելվածներ կիրառելով: Փաստաբանն անթույլատրելի է համարում չլիցենզավորված ծրագրով առցանց դատավարություններ իրականացնելը:

Դատարանների բնականոն գործունեությունը երաշխավորված է նաեւ արտակարգ դրության պայմաններում: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 3-րդ հոդվածում ասվում է. «Արտակարգ դրության ժամանակ նախատեսված միջոցառումների իրականացումը չի կարող խոչընդոտել դատարանների բնականոն գործունեությունը»: Սակայն, 2020 թ. մարտի 24-ից, երբ Պարետի կողմից Հայաստանի հանրապետությունում սահմանվեցին հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումները, դատարանները նույնպես անցան սահմանափակումների:

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) մարտի 24-ին ընդունեց «Պարետի 2020թ. մարտի 24-ի «ՀՀ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ թիվ 15 որոշման կատարումն ապահովող միջոցառումների մասին» ԲԴԽ-12-Ո-25 որոշումը: 

ԲԴԽ-ն որոշեց՝ բոլոր դատարաններում տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի ներդրման միջոցով դատական նիստերի մեկնարկը հայտարարվելուն պես, դատավարության մասնակիցների համաձայնությամբ, դատական նիստերն իրականացնել հեռավար/առցանց՝ բոլոր հասանելի էլեկտրոնային հավելվածների կիրառման միջոցով:

Առաջարկել դատավորներին եւ դատավարության մասնակիցներին, նախապես համաձայնեցնելով, հետաձգել բոլոր դատական նիստերը՝ բացառությամբ անհապաղ քննության ենթակա գործերի:

Դատական դեպարտամենտի ղեկավարին հանձնարարվեց՝ նվազագույնի հասցնել դատարանների աշխատակիցների թվաքանակը: Բարձրագույն դատական խորհրդին, դատարաններին, Դատավորների ընդհանուր ժողովին եւ Դատական դեպարտամենտին հասցեագրված ցանկացած փաստաթուղթ ընդունել միայն էլեկտրոնային եղանակով: Դատարանների վարույթում գտնվող գործերի նյութերին ծանոթանալու իրավունքի իրականացումն ապահովել բոլոր հասանելի էլեկտրոնային հավելվածների կիրառման միջոցով:

Դատավորներին առաջարկել ընդունել էլեկտրոնային եղանակով ստացված փաստաթղթերը՝ հետագայում, ըստ անհրաժեշտության, դրանց բնօրինակները պահանջելու պայմանով:

Միաժամանակ, Պարետի որոշման հավելվածի 69.10 կետով սահմանվեց, որ փաստաբանական գործունեությունը թույլատրվում է բացառապես առցանց կամ հեռավար եղանակով:

Քաղաքացիական եւ վարչական գործերով մասնագիտացած երկու փաստաբաններից փորձեցինք պարզել, թե որքանո՞վ է հաջողվել դատարաններին ապահովել ԲԴԽ-ի որոշման կատարումը՝ առցանց կամ հեռավար եղանակով դատաքննություններ իրականացնելը, որքանո՞վ է արդյունավետ նրանց աշխատանքն արտակարգ դրության եւ խստացված ռեժիմի պայմաններում:

Աշխեն Դաշյանը հայտնեց, որ դեռեւս հեռավար նիստի չի մասնակցել, բայց պատրաստվում է դիմել մի գործով: Փաստաբանը նաեւ համոզված չէ, որ հնարավոր կլինի իրականացնել հեռավար նիստը: «Դատարաններում մի դահլիճ կա տեխնիկայով կահավորված եւ նույն ժամին մի քանի դատավոր կարող են նիստեր ունենալ, ինչպե՞ս պետք է զիջեն մեկը մյուսին»,- ասաց Ա. Դաշյանը:

Վերջինս խոսելով արտակարգ դրության պայմաններում դատարանների գործունեության մասին հայտնեց, որ այս օրերին դատական նիստեր են իրականացվում միայն հրատապ գործերով: Պրակտիկա է ձեւավորվել, եթե կողմերից մեկը միջնորդում է հետաձգել նիստը՝ դատարանը հետաձգում է՝ անկախ մյուս կողմի դիրքորոշումից: Դատական նիստն իրականացվում է այն դեպքերում, երբ դատավարության կողմերն են որոշում, որ անհետաձգելի է գործի քննությունը: Դա լինում է հրատապ գործերով անհետաձգելի դատավարական գործողություններ իրականացնելու ժամանակ՝ հայցի ապահովման միջոց կիրառելու, հայցի ապահովման միջոցը ձեւափոխելու, անչափահաս երեխայի լավագույն շահն ապահովելու եւ այլ դեպքերում:

Տարբերակներից մեկն էլ այն է, երբ դատավորն իր նախաձեռնությամբ է հետաձգում նիստը: Փաստաբանը հայտնեց, որ կան դեպքեր, երբ հետաձգելու անհրաժեշտությունը բացարձակապես չկա, սակայն դատավորն իր նախաձեռնությամբ հետաձգում է: Օրինակ, ամուսնալուծության գործը մինչեւ արտակարգ դրություն մտցնելը քննվել էր 6 ամիս, կողմերն իրենց դիրքորոշումը հայտնել էին, նոր ասելիք չունեին: Ավելին, ինքը միջնորդել էր արագացված դատաքննություն կիրառել եւ արագ վճիռ կայացնել: «Այսինքն, իրավունքի խախտում չկար, եւ նիստը չպետք է հետաձգվեր, բայց դատավորն իր նախաձեռնությամբ մեկ ամսով հետաձգել է: Այն գործերով, որով ապացույցների քննության հարց չկա, միանշանակ չպետք է հետաձգել»,- ասաց Աշխեն Դաշյանը:

Փաստաբանը դատարանի նախաձեռնությամբ նիստը հետաձգելը ճիշտ է համարում միայն այն դեպքում, երբ քաղաքացիները չեն տիրապետում տեխնիկական միջոցներին, որպեսզի էլեկտրոնային եղանակով կարողանան աշխատել դատարանների հետ եւ փաստաբան չունեն, որը նրանց փոխարեն կարող է կատարել այդ աշխատանքը:

Ա. Դաշյանը հայտնեց, որ արդեն 10-ը օր է, ինչ միջնորդությունները եւ այլ դատավարական գործողությունները շատ արդյունավետ իրականացնում են դատարանների գրասենյակների, դատավորների աշխատակազմերի, նաեւ՝ Ոստիկանության, Հակադիր կատարման ծառայության հետ, նրանց պաշտոնական կայքերում տեղադրված էլեկտրոնային փոստերի հասցեներով: «Շատ օպերատիվ է ստացվում աշխատանքը, եթե նախկինում պետք է 4 օր սպասեի, որ փոստով ուղարկեին գրությունները, հիմա մեկ օրվա ընթացքում որոշումներ են ընդունվում եւ իրավունքների պաշտպանությունը շատ ավելի արդյունավետ է իրականացվում: Ավելին, մարզային դատարանն անգամ գործի նյութերին ծանոթացնում է հեռավար եղանակով, եթե դրանք շատ ծավալուն չեն՝ սկանավորում եւ ուղարկում են»,- հայտնեց փաստաբանը:  

Փաստաբան Գեւորգ Գյոզալյանը կարծում է, որ դատական նիստերի հետաձգումներն օրենսդրության տրամաբանության մեջ չեն:   

Դատարանների բնականոն գործունեության օրենսդրական կարգավորումները տրված են ՀՀ Սահմանադրության 61 եւ 63 հոդվածներում, որտեղ արդար դատաքննության արդյունավետ իրավունքի պաշտպանության մասին է խոսվում: Հոդված 76-ը սահմանում է, որ 61 եւ 63 հոդվածներն արտակարգ դրության ժամանակ որեւէ ձեւով ենթակա չեն սահմանափակման: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածում ասվում է, որ արտակարգ դրության ժամանակ դատարանները գործում են բնականոն հունով եւ անխափան:

Քաղաքացիական գործերով կողմի չներկայանալը կարող է հարգելի համարվել, եթե կողմը չի ներկայացել դատարանի կողմից հարգելի ճանաչված պատճառներով եւ հետաձգվել մինչեւ այդ իրավիճակի ավարտը: Սակայն, եթե կողմերից մեկն ուզում է, որ իր գործը շուտ քննվի եւ գնում է դատարան, արդեն դատարանի խնդիրն է նիստը կազմակերպելը: Կարող են ջերմաչափող ունենալ դատարանում, պարտավորեցնել դիմակ ու ձեռնոց կրել եւ անցկացնել նիստը: Դատարաններում պետք է ախտահանիչ լինի, մասնակիցների միջեւ հեռավորություն պահպանելը երաշխավորված լինի, բայց բոլոր դահլիճներում հնարավոր չէ այդ պահանջը ապահովել: «Եթե չեն ուզում, որ մարդկանց իրավունքները խախտվեն տեւական ժամանակ դատական համակարգի չգործելու պայմաններում, ուրեմն սա է լուծումը»,- ասում է փաստաբանը:

Անդրադառնալով հեռավար դատավարություններ իրականացնելու հարցին, փաստաբանը հայտնեց, որ հիմա որոշ դատավորներ հեռավար դատավարություն իրականացնելու համար հղում են կատարում Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145 հոդվածին: Հոդվածը սահմանում է, որ դատավորը կարող է հեռավար դատավարություն իրականացնել, եթե կողմը պահանջում է: «Առնվազն, մեր դիտարկած դեպքերում ոչ ոք նման միջնորդություն չի ներկայացրել դատարան, սակայն կան դեպքեր, երբ դատավորն իր նախաձեռնությամբ որոշել է հեռավար դատական նիստ իրականացնել: Հոդված 145-ում ասվում է, որ կարող է իրականացնել, եթե կողմը միջնորդում է: Այսինքն, սա բացառապես դատավարության մասնակից կողմերի հայեցողությունն է, նա պետք է միջնորդի, որ դատավորը կարողանա իրականացնել: Մինչդեռ, դատավորներից ոմանք իրենց հայեցողությամբ որոշել են, որ իրենց նախաձեռնությամբ կարող են հետաձգել դատական նիստերը»,- նշեց փաստաբանը:

Գ. Գյոզալյանը հիշեցրեց, որ ժամանակին այդ հոդվածը ներառվեց Քաղ. դատ. օրենսգրքում այն հիմքով, որ լինում են դեպքեր, երբ մարդն արտասահմանում է գտնվում կամ այնպիսի հիվանդություն ունի, որի դեպքում չի կարող դատական նիստերին ներկա գտնվել, նրա մասնակցությունն ապահովվում է տեսակապով: Սրա համար գրեցին, որ կողմը պատճառաբանված միջնորդություն է ներկայացնում եւ խնդրում է տեսակապի միջոցով դատավարությունն իրականացնել: Սակայն այս դեպքում թարգմանիչ ներգրավել, առերեսում եւ այլ գործողություններ իրականացնել չեն կարող: Բացի այդ, տեսակապից հետո 5-օրյա ժամկետում աշխատակազմը պետք է այդ մարդուց ստորագրություն վերցնի, որ կեղծ բացատրություններ տալու համար նախազգուշացված է քրեական պատասխանատվության մասին եւ կցվի արձանագրությանը: Իսկ եթե ստորագրություն չվերցնի, արդյոք այդ մարդու տված բացատրությունը պե՞տք է արժանահավատ համարել, այդ մարդը ենթակա՞ է քրեական պատասխանատվության, որովհետեւ այդ մասին նրան չեն զգուշացրել, նա չի ստորագրել:

Գեւորգ Գյոզալյանն առաջարկում է փոփոխություն կատարել Քաղաքացիական դատավարության օրենսգրքում, ավելացնել մի ենթահոդված, որով դատարաններին, հնարավորություն կտրվի օրենքով, իրենց նախաձեռնությամբ հեռավար դատաքննություն իրականացնել: Նաեւ օրենքով սահմանել, թե որ ծրագրի միջոցով է իրականացվելու հեռավար դատաքննությունը: Այնպիսի լիցենզավորված ծրագիր պետք է լինի, որին վստահ կարողանան ապացույցներ ներկայացնել:

Այստեղ կա նաեւ անվտանգության խնդիր, մեզ մոտ հեռավար դատավարության համար ընտրել են skype ծրագիրը, բայց ոչ Microsoft-ի լիցենզավորված ծրագիրը, որը պետք է գնել: Հեռավար դատավարությունների համար դատարանները signal կոչված ծրագիրն են կիրառում, երեկ լուր տարածվեց, որ ծրագիրը կոտրել են եւ մարդկանց անձնական տվյալները վերցրել են: Մենք կարող ենք որպես մասնավոր անձինք շփվել իրար հետ կապի այդ միջոցներով, բայց եթե դու պետություն ես՝ իրավունք չունես չճշտված, ոչ օրինական ծրագրերից օգտվել: Եթե այս ծրագրերի հարցերը պետականորեն չեն լուծվել՝ չպետք չէ հայտարարել, որ առցանց դատավարություն ես իրականացնում: Ես կառարկեմ իմ մասնակցությամբ գործերով հեռավար նիստ իրականացնելը, որովհետեւ անօրինական է: Կայացված վճիռը, եթե իմ կողմի օգտին լինի՝ մյուսը կվիճարկի վերադաս դատարանում կամ հակառակը:

Անգլիայում օրինակ, առանձին տիրույթ են ստեղծել դատավարությունների համար, որով ապահովել են դատաքննությունների հրապարակայնությունը: Մեր երկրում այդ իրավունքն արդեն խախտում են իրենց հեռավար դատավարությամբ: Անգլիացիները հրապարակված լինկով հնարավորություն ունեն լսելու, լուսաբանելու նիստերը: Դռնբացության հարցը պետք է լուծվի, առաջարկում եմ լինկով հեռարձակել նիստերը, միջազգային փորձ կա այդ առումով՝ ՄԻԵԴ-ն այդպես է անում, եւ բոլորը կարող են ինտերնետով հետեւել նիստերին:

Ինչ վերաբերում է փաստաթղթերը էկելտրոնային տարբերակով դատարաններ ուղարկելուն, Գեւորգ Գյոզալյանը հայտնեց, որ դատարաններում շատերը չեն տիրապետում տեխնիկային: Նրանք չգիտեն, որ ԷԿԵՆԳ-ը (էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ) միայն pdf-ում է թույլ տալիս ստորագրություն դնել եւ մյուս փաստաթղթերը պետք է pdf-ի մեջ կցես, դրանք ամբողջացնես մի ֆայլում եւ ուղարկես: «Այդպես մի գործով փաստաթուղթ եմ ուղարկել դատարան, որպեսզի միջնորդեմ հետաձգել դատական նիստը, բայց դատարանի աշխատակիցը, որը մի կոճակ սեղմելով պետք է տեսներ ողջ փաթեթը, չի կարողացել կատարել այդ գործողությունը: Փաստաթղթերը թերի է ներկայացրել դատարանին, դատարանն արձանագրել է, որ չեն ներկայացվել կից փաստաթղթերը եւ առանց ինձ շարունակել է նիստը: Սա իմ իրավունքների կոպիտ խախտում է»,- շեշտեց փաստաբանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter