HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանտի նոր աշխատակիցները չեն տեսել դժոխքի բաժինը, միայն լսելով գիտեն

Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Տարաբնույթ մեկնաբանություններ կան կորոնավիրուսի հետ կապված` սկսած Աստծո կողմից յուրօրինակ պատիժ-դասից մինչև դավադրության տեսություն… այնուամենայնիվ, մեկուսացվածության վիճակն անկասկած նաև իր հոգեբանական ազդեցությունն է թողնում մարդկանց վրա: 

Յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ է որոշակի անձնական տարածություն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարբեր ազգերի, բնակչության խավերի մոտ կան սեփական պատկերացումներն այն մասին, թե որքան տարածություն պետք է լինի զրուցակիցների միջև: Այն տատանվում է 50 սանտիմետրից մինչև 2 մետր: Ձեռքով բարևելը հիմնականում ընդունված է եվրոպական աշխարհայացքում և կապված է նրա հետ, որ միջնադարում տղամարդը տղամարդուն հանդիպելուց պետք է ցույց տար, որ ձեռքում զենք չկա` բաց ափը մեկներ: Եվրոպական ավանդույթում, որքանով ինձ հայտնի է, կինը առաջինը պետք է տղամարդուն ձեռք մեկնի, այլապես ձեռքով չեն բարևում: ԱՄՆ-ում առավել հակված են նման տարբերություններ չդնել կնոջ և տղամարդու միջև: Ասիական մշակույթում սովորաբար զրուցակիցներն ավելի մեծ տարածություն են պահում և իրար դիպչելուց խուսափում են: Հայկական տարբերակը սկսած անցած դարի 90-ականներից ձևավորեց որոշ շրջանակներում նաև պարտադիր համբուրվելու ավանդույթը: Որոշ աֆրիկյան ցեղախմբերում ընդունված է իրար տեսնելիս թքել մեկ մեկու վրա, ինչը համարվում է հարգանքի և բարեմաղթանքի նշան: Նման ցեղերում կա նաև ավանդույթ, որ կինը անծանոթ տղամարդու տեսնելիս պետք է անմիջապես վազի և թաքնվի որևէ պատի կամ թփի հետևում: 

Ամեն մարդու սեփական տարածությունը ոչ միայն իր մարմինն է, այլ նաև որոշակի տարածություն իր շուրջ: Մարդու թե՛ տեսողության, թե՛ հոգեկան առողջության պահպանման համար անհրաժեշտ է նաև, որ տարածություն տեսնի` հեռուն նայի: Իսկ երբ մարդուն մեկուսացնում են, նա հայտնվում է սթրեսային վիճակում նախևառաջ տարածության սահմանափակման պատճառով:

Ազատ տեղաշարժվելը մարդու իրավունքներից է Միջազգային նորմերով և տարբեր պետությունների Սահմանադրություններով հաստատված: Պանդեմիայի պատճառով ներկայումս այն աննախադեպ կերպով սահմանափակվել է` բոլորդ մեկուսացված եք ձեր բնակարաններում, տներում, իսկ աննշան տեղաշարժերը վերահսկվում են: 

Ազատազրկվածների մեկուսացման պայմանները

Շարունակում եմ ձեզ պատմել մեկուսացվածության բանտային փորձի մասին: Հիմա պատկերացրեք, որ մեկ ակնթարթում  հայտնվում եք երկաթբետոնե արկղի մեջ`մեկ պատից մյուսը 4,5 մետր: Դուրսը առհասարակ չեք տեսնում, քանի որ մինչև 2004 թվականը  «Նուբարաշեն» բանտի խցերում պատուհանները փակված էին երկաթե ստվերավարագույներով: Իրականում խելագարվելու բան է, երբ չես կարող դուռը բացել ու դուրս գալ, երբ չես կարող գոնե մի կտոր երկինք տեսնել, կամ ծառ, կամ ինչպես են մարդիկ փողոցում քայլում: Այսքանը հերիք չէ, կողքիդ 15-17 մարդ նույն վիճակում են: 

Պատկերացրեք` ամեն մեկիս ընդամենը 1մ² տարածություն էր հատկացված: Նույնիսկ նացիստական ճամբարներում հավանաբար նման կերպ չէին վարվում, ինչպես 90-ականներին հայկական բանտերում: Իրականում այդ 1մ² տարածքն էլ չկար, քանի որ պատերի տակ տեղադրված են երկաթե շերտերով երկհարկանի մահճակալներ, ընդհանուր թվով 12 հատ: Այսինքն, այն տարիներին ոչ բոլորն էին կարողանում այդ մահճակալներին քնել կամ հերթով: Խցի մեջտեղում բետոնե հատակին ամրացված երկար սեղան է իսկ կողքը՝ նույնպես ամրացված երկար թախտեր` իշաոտնուկներ: Ստացվում է, որ քայլել հնարավոր է միայն մահճակալների և իշաոտնուկների արանքում եղած մոտ 40 սմ և դռան մոտ մի 2-3մ² տարածքում: Սակայն դա էլ հնարավոր չէ, քանի որ մարդիկ նստած են իրենց մահճակալներին` ոտքերը գետնին.  երեսներին քսվելով, ոտքերի վրայով չես քայլի: Սրան գումարեք ծխախոտի ծուխ և այլն: 

Միայն Եվրոպական Խորհրդի շնորհիվ էր, որ պարտադրեցին ամեն ազատազրկվածին տրամադրել առնվազն 4մ² տարածություն: Եթե չեմ սխալվում, ներկայումս ԵԽ համապատասխան կառույցները սահմանել են 6մ²: Մինչև օրս «Նուբարաշեն» բանտում մահճակալները պարզապես երկաթե շերտեր են իրարից մոտ 5 սմ հեռավորության վրա, և ներքնակը մտնում է այդ շերտերի արանքը` հանգիստ քնել չի լինում: Մինչև օրս պետությունը ազատազրկվածներին չի տրամադրում աթոռներ: Պատկերացրեք, որ մարդ տարիներով հնարավորություն չունենա` նստելուց մեջքը հենել: Երանություն էր, երբ 9 տարի բանտարկությունից հետո երկարատև տեսակցությունների սենյակում կարողանում էինք բազմոցին, բազկաթոռի մեջ նստել:

Հետաքրքիր է` ձեր կողքին գտնվող զուգահեռ աշխարհի այս իրողություններն իմանալով` զարհուրու՞մ եք, թե՞ ձեզ լավ եք զգում, որ մեկուսացված եք ձեր տներում, որտեղ երբ ցանկանաք` կարող եք լողանալ, սենյակից սենյակ տեղաշարժվել, լուսամուտից դուրս նայել, ցանկության դեպքում նաև դուրս գալ` ճիշտ է անձնագրով և թերթիկով:

Հիշեցի Լեռ Կամսարի «Բանտիս օրագիրը», որտեղ նա նկարագրում է, թե ինչպես էին իրենց` բանտարկյալներին հատուկ նշանակված ժամերի զուգարան տանում` ով հասցրեց, ով ոչ… ի դեպ, «Նուբարաշեն» բանտում էլ կար նման վիճակ նախկին պատժախցերում, որոնք գտնվում էին նկուղում: 2003 թվականին եմ այնտեղ եղել. ընդամենը 3մ² խուց, ահավոր խոնավ, ոչ մի լույսի կտոր, «նառ» կոչված մահճակալը մեծ կողպեքով փակված էր պատի վրա, միայն գիշերը`5 ժամով հսկիչը բացում էր ու առանց ներքնակի`չոր տեղում կարող էիր քնել: Սակայն չէր ստացվում քնել` հենց աչքդ կպնում էր, մեծ առնետներ էին դուրս գալիս տարբեր անցքերից: Զուգարան տանում էին միայն առավոտյան և երեկոյան, ոչ ավելի քան 5 րոպե` պետք է հասցնես, եթե նույնիսկ փորկապ ես: Չգիտեմ` կար նման օրենք, թե ոչ, բայց նախաճաշ և ընթրիք չէին տալիս, միայն ճաշ` թթված ջուր` մեջը 1-2 կաղամբի սևացած կտոր ու անունն էլ «բորշ» էր: Ի դեպ, Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչների պահանջով փակվեց պատժախցերի այդ հատվածը: Բանտի նոր աշխատակիցները նույնիսկ չեն էլ տեսել այդ դժոխքի բաժինը, միայն լսելով գիտեն:

Բայց անկախ դաժանագույն պայմաններից, 24 տարի խցում մեկուսացված լինելուց, լավատեսությունս գրեթե երբեք չեմ կորցրել: 

Ասել եմ և կրկնում եմ` գալու է այն օրը, երբ քաղաքակրթությունն առհասարակ կհրաժավի բանտերից, որը մարդկության ամենավատ «ստեղծագործությունն» է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter