HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ապրիլի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Երուսաղեմ Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ առավոտյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Տրդատի բաց խորանի առջև, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը:

Այս առիթով, աշխարհը և հայրենի մեր երկիրը պատուհասած համավարակի պայմաններում, ի մխիթարություն և ի բժշկություն ժողովրդի դուրս էր բերվել համաքրիստոնեական մեծագույն սրբություններից մեկը՝ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որից սփռվող օրհնության ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Տիրոջ հովանին համայն աշխարհին, մեր երկրին և ողջ ժողովրդին՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս: Վեհափառ Հայրապետն աղոթեց վարակից ապաքինվողների բժշկության, մեկուսացվածների ոգու ամրության, նեղյալների ու սգացյալների մխիթարության և ի Քրիստոս ննջեցյալների հոգիներին՝ հավիտենական կյանքի երանության համար: Նորին Սրբությունը հայցեց Երկնավորին նաև ուժ և կարողություն շնորհել պետական այրերին և դժվարին հանգամանքներում իրենց նվիրյալ ծառայությունը մատուցող բոլոր անձանց։

Արարողության վերջում համայն հայության հոգևոր կենտրոնից Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter