HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Հովակիմյան

11 խորհուրդ տնից անվտանգ աշխատանքի համար

Այս օրերին շատ է խոսվում տնից աշխատելու մասին, առաջարկվում է գործնական շփումները տեղափոխել առցանց հարթակ՝ համացանցի միջոցով։ Առաջարկում ենք մի քանի կանոններ, որոնք ավելի անվտանգ կդարձնեն ձեր աշխատանքը տնից։

1․ Օգտագործեք անվտանգ երկկողմանի VPN ծածկագրված կապ՝ տեղեկությունների գաղտնիությունն ապահովելու համար։ Հաղորդակցության տվյալ տեսակը թույլ է տալիս գաղտնագրել փոխանցվող տեղեկությունը՝ այդպիսով` անհնար դարձնելով դրան հասանելիությունն այլ անձանց։

2․ Ձեր էջերից և հաշիվներից դուրս եկեք մինչև համակարգիչը մի քանի րոպեով լքելը։ Հնարավոր է, որ Ձեր նախատեսածից ավելի երկար բացակայեք, և այդ ընթացքում որևէ մեկը հասանելիություն ունենա Ձեր անձնական և գործնական հաշիվներին, նամակագրությանը։

3․ Աշխատավայրին վերաբերող (ինչպես նաև անձնական գաղտնաբառերը) հնարավորինս բարդ ու դժվար կանխատեսելի դարձրեք։ Դրանք մի՛ պահպանեք բաց տեքստով։

Նմանատիպ գաղտնաբառերը պաշտպանում են կորպորատիվ տվյալներ, հետևաբար դրանց հասանելությունը երրորդ կողմին կարող է մեծ բարդություններ առաջացնել աշխատավայրում։ Մշտապես ուշադրություն դարձրեք դրանց և որևէ կասկածի դեպքում տեղեկացրեք Ձեր աշխատավայրի համապատասխան բաժնին` խնդրելով փոխել կամ հնարավորություն տալ ինքնուրույն փոխելու։

4. Ուշադրություն դարձրեք տարատեսակ հղումներին, երբեք մի՛ սեղմեք կասկածելիների վրա։

Հղումները կարող են լինել ինչպես ամբողջական, այնպես էլ կրճատված որևէ ծրագրի կողմից։ Երկրորդ դեպքում ավելի դժվար է դրանց ուսումնասիրությունն առաջին հայացքից։ Կարող եք հղումների անվտանգությունը նախապես ստուգել նմանատիպ ծառայություն առաջարկող ծրագրերով կամ կայքերում։ Նույնը վերաբերում է էլ. փոստի նամակներին։ Ընթացք մի՛ տվեք այնպիսի  նամակներին, որոնցում խոսվում է գումարի փոխանցումների, նվեր քարտեր շահելու և բոնուսների մասին, մինչև համոզված չլինեք նամակի անվտանգության մեջ և չստուգեք ուղարկողի կապը Ձեր աշխատավայրի հետ։ Նմանատիպ նամակները կարող են վնասել աշխատանքային էլ. փոստի անվտանգությանը, քանի որ դրանց պատասխանելով գործնական էլ. փոստի հասցեից՝ Դուք հասանելի եք դարձնում դա անծանոթ անձանց կամ անցանկալի գովազդների հասցեատեր եք դարձնում Ձեր ընկերությանը։ Կարճ ասած՝ ոչ մի լավ բան չեն խոստանում ամեն հղում սեղմելը և բոլոր նամակներին պատասխանելը։

5․Մի՛ օգտագործեք համակարգիչն այնպես, որ բոլորին տեսանելի լինի էկրանին պատկերված տեղեկությունը։

Հաճախ են պատահում դեպքեր, երբ գործնական տվյալները պետք է Ձեր կողմից մշակվեն՝ առանց այլ անձանց ներկայության։ Այս դեպքում առաջարկվում է էկրանը հնարավորինս պաշտպանել հատուկ թաղանթներով կամ տեղակայել այնպես, որ այլ անձանց տեսանելի չլինի դրանում պատկերված տեղեկությունը։

6․Մուտք մի՛ գործեք տվյալների համակարգեր, եթե համոզված չեք, որ տան համակարգիչն անվտանգ չէ, և նրանում ստեղնաշարի մուտքերը գրանցող (key-logging) ծրագրեր չկան։ Ձեր ընկերության ՏՏ մասնագետը կամ բաժինը կարող է սքան անել համակարգիչը և առաջարկել հետագա քայլերը անվտանգ աշխատանքի համար։

7․Մի՛ տպեք ծառայողական տեղեկություններ պարունակող փաստաթղթեր, եթե համոզված չեք, որ դրանք հուսալի տեղում չեն պահպանվի։

Փաստաթղթերի հետ հատկապես տանը հարկավոր է չափազանց զգույշ վարվել և թույլ չտալ, որ այլ անձանց հասանելի լինեն դրանք։ Եթե այնուամենայնիվ, հարկավոր է տպել և դրանց հետ աշխատել տանը, ապա պետք է դրանք շատ ապահով տեղում պահել։ Իսկ երբ արդեն տպած փաստաթուղթն անհրաժեշտ չէ, պարզապես դեն մի՛ նետեք, այլ ոչնչացրեք հատուկ կտրող և մանրացնող սարքով (shredder)։ 

8․ Գործնական զանգերում մի՛ քննարկեք հաճախորդների, գործընկերների մասին տեղեկություններ, եթե այլ անձ կարող է լսել այն։  Տեղեկությունների բանավոր արտահոսքը նույնպես վնաս կհասցնի Ձեր ընկերությանը, քանի որ այլ անձանց կողմից լսվելու դեպքում դրանք անկառավարելիորեն կարող են տարածվել։  Աշխատեք գործնական զանգերում հնարավորինս զգույշ լինել տեղեկություններ և տվյալներ քննարկելիս։ Աշխատեք օգտվել այնպիսի ծրագրերից և հավելվածներից, որոնք անվտանգության բարձր մակարդակ են ապահովում (Օրինակ՝ Signal, Threema, Wickr, VIPole)։ 

9․ Մշտապես գաղտնաբառով  պաշտպանեք համակարգչում գտնվող գործնական տվյալները և փաստաթղթերը։

Տվյալների հետ տան պայմաններում աշխատելիս գաղտնաբառը լրացուցիչ հնարավորություն կտա դրանք ապահով և ամբողջական պահպանել և թույլ չի տա այլ անձանց փոփոխություններ կատարել, եթե անգամ պատահաբար նկատվեն նրանց կողմից։ Այս դեպքում առաջակվում է նաև ունենալ սեփական հաշիվը (user account) համակարգչի օպերացիոն համակարքում  և գաղտնաբառով պաշտպանել այն։ 

10․ Օգտագործեք հակավիրուսային ծրագրեր ինչպես համակարգչի, այնպես էլ  մոբայլ սարքերի դեպքում։ Հեռախոսը կամ պլանշետն արտադրողը կարող է առաջարկել սարքն անվտանգ պահելու լուծումներ ծրագրերի տեսքով։ Գրանցվեք առաջարկվող ծրագրերում և հետևեք այդ ծրագրերի խորհուրդներին անվտանգության հարցում։ Համակարգչային և մոբայլ ծրագրերը նույնպես  թարմ պահեք, օգտվեք անվտանգության վերջին կարգավորումներից։ Ժամանակ առ ժամանակ առաջարկվում են ծրագրային թարմացումներ, որոնք ապահովելու են սարքի կայուն և անվտանգ աշխատանքը հետագայում։

Շատ կարևոր է, որ տնից աշխատելիս հակավիրուսային պաշտպանությունը միացված լինի, որպեսզի հնարավոր վտանգավոր ծրագրերի կամ կայքերի մուտքը շատ արագ արգելվի։  

11․ Կրկնօրինակեք Ձեր տվյալները (backup) և պահպանեք անվտանգ պահոցներում կամ հատուկ պաշտպանությամբ կրիչներում։

Այս դեպքում նախ խորհրդակցեք Ձեր ընկերության համապատասխան բաժնի մասնագետների հետ՝ ճշտելու համար տվյալների պահպանման քաղաքականությունը։ Շատ դեպքերում ընկերությունն ինքն է առաջարկում որևէ կոնկրետ լուծում ամպային համակարգերից օգտվելու հարցում։ Տվյալները և ֆայլերը մի՛ տեղափոխեք արտաքին կրիչներ այն դեպքում, եթե ընկերության տվյալների անվտանգության մասնագետը  արգելում է։

Վերը նշված խորհուրդներին հետևելով՝ ավելի պաշտպանված կդարձնեք Ձեր աշխատանքը տնից և խնդիրներ չեն առաջանա կորպորատիվ տվյալների անվտանգության, ամբողջականության ու հասանելիության առումով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter