
Մասիս Մայիլյանը կոչ է անում չմասնակցել 2-րդ փուլի քվեարկությանը
Այսօր` ապրիլի 5-ին, Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փոուլի թեկնածու Մասիս Մայիլյանը իր ֆեյսբուքյան էջում քաղաքացիներին կոչ է արել կորոնավիրուսի համավարակի ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը: «Սա հապճեպ քաղաքական որոշում չէ, այլ բխում է մինչ այդ հստակեցված իմ դիրքորոշումից և կատարված քայլերից, որոնք միտված էին մեր քաղաքացիների առողջության պահպանմանը և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների կանխմանը»,- գրել է Մասին Մայիլյանը։
Հիշեցնենք՝ ընտրությունների հաջորդ օրը Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրել է մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն որոնց՝ թեկնածուներից և ոչ մեկը չի ստացել ընտրողների 50 %-ից ավելի ձայներ:
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուներ Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը պիտի մասնակցեին ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլին:
Ի՞նչ է նախատեսում Արցախի Ընտրական օրենսգիրքը:
Ըստ ԱՀ Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ կետի՝ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում քվեաթերթիկում թեկնածուի ազգանվան տողի ներքևում նշվում են «կողմ եմ» և «դեմ եմ» բառերը` յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունում:
Իսկ ըստ 93-րդ հոդվածի 2-րդ կետի՝ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:
Մեկնաբանել