HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Կադաստրում կիրառել են երկակի ստանդարտներ

Պատճառն ինչն է, եթե ոչ կոռուպցիան

Կոռուպցիոն դրդապատճառ ունենալուց բացի՝ ուրիշ էլ ինչո՞վ բացատրել այն իրողությունը, որ կադաստրի տարբեր մարմիններ հաճախ անօրինականորեն մերժում են քաղաքացիների անուններով իրավունքների պետական գրանցումը, իսկ մի շարք այլ դեպքերում, նույնիսկ օրենքի պահանջի խախտմամբ, կատարում գրանցումներ:

«Որոշ դեպքերով քաղաքացիների կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա իրավունքների պետական գրանցումը սահմանված կարգով չի կատարվում և անհիմն մերժվում է», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միանման գործերի համար ներկայացված փաստաթղթերը ստացել են տարբեր գնահատականներ, կիրառվել է երկակի ստանդարտ: Եթե մի դեպքում ստորաբաժանում ներկայացված փաստաթղթերը ընդունվել են հիմք, և կատարվել է պետական գրանցում, մեկ այլ դեպքում նույն տարածքում գույքի պետական գրանցումը մերժվել է». սրանք ՀՀ Վերահսկիչ պալատի (ՎՊ) բազմաթիվ արձանագրումներից ընդամենը 1-2-ն են:

Վերահսկողություն իրականացնելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային որոշ ստորաբաժանումների կողմից 2009 թ. հունվարի 1-ից 2011 թ. հուլիսի 1-ը ժամանակահատվածում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացի նկատմամբ' ՎՊ-ն բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել:

Մի շարք դեպքերում տնամերձ հողամասերում կառուցված ծածկերը դիտարկվել են ինքնակամ շինություններ և վկայականներում գծանշվել են որպես ինքնակամ, մինչդեռ ՀՀ կառավարության 02.02.2002 թ. թիվ 91 որոշման պահանջների համաձայն' անհատական բնակելի տների ներբակային տարածքներում կառուցված ծածկարաններն ընդգրկված են շինարարության թուլտվություն չպահանջող բարեկարգման աշխատանքների ցանկում:

Մինչդեռ մեկ այլ դեպքում, երբ միանշանակ պետք է մերժում լիներ, կատարվել է իրավունքի գրանցում: Երևի բոլորս գիտենք, թե երկրաշարժավտանգ գոտում գտնվող Երևանում որքան կարևոր է շենքերում կամայական միջամտություններ չկատարելը, օրինակ' լուսամուտներ բացելու համար հիմնական պատեր չքանդելը: ՎՊ-ն արձանագրել է դեպք, երբ հիշյալ կոմիտեի աշխատակազմի «Դավիթաշեն» տարածքային ստորաբաժանումը, առանց իրավահաստատող փաստաթղթերի առկայության, ինքնակամ բացված 4 պատուհան և 2 դուռ 2010 թ. դիտարկել է օրինական և կատարել պետական գրանցում (հասցե' Հալաբյան փողոց, թիվ 39/1):

Ավելին, մի շարք դեպքերում խախտվել են կոմիտեի նախագահի 29.09.2008 թ. թիվ 297-Ն հրամանով հաստատված' սխալների ուղղման հրահանգի պահանջները, այսինքն' իրավունքի պետական գրանցումից հետո հայտնաբերված սխալը չի ուղղվել, և գույքի նկատմամբ կատարվել է իրավունքի պետական գրանցում:

Մի շարք դեպքերում իրավունքների պետական գրանցում է կատարվել' չնայած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանել ՀՀ օրենադրության պահանջներին, իսկ առանձին դեպքերում դրանք կազմվել են օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան (մատիտով գրված, ջնջումներով, ուղղումներով, ինչպես նաև ոչ պատշաճ ձևակերպված փաստաթղթեր):

Ընդգծենք, որ պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալները առաջացրել են գույքի պատկանելության, դրա նկատմամբ իրավունքների բնույթի, որակական և քանակական բնութագրերի փոփոխություն:

Ոսումնասիրությամբ ընդգրկված «Դավիթաշեն» տարածքային ստորաբաժանման կողմից սպասարկվող առանձին բնակավայրերում արձանագրվել են պետական գրանցում չստացած սեփական առանձնատներ, որոնք հիմնականում ունեն 80% և ավելի ավարտվածության աստիճան: Օրինակ' Դավիթաշեն համայնքի 3-րդ թաղամասում պետական գրանցում չեն ստացել 4 սեփական բնակելի տներ, որոնց կառուցապատումն ավարտվել է 2007-2008 թթ.: Ի հայտ են եկել նաև 9 բնակելի տներ, որոնք կառուցվել են շուրջ 5 տարի առաջ (Ձոր 1 և Ձոր 2 թաղամասերում), սակայն պետական գրանցում չեն ստացել:

Ըստ ՎՊ-ի' մեկ բնակելի տան միջին արժեքը ընտրանքով ներառված տարածքներում կազմել է 22342300 դրամ, իսկ կառուցապատման միջին ժամկետը' 5 տարի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներառված տարածքներում ընդհանուր առմամբ պետական գրանցում չեն ստացել 172 բնակելի տներ, կարելի է արձանագրել, որ գույքահարկի բազայից դուրս է մնացել շուրջ 3 800 000 000 դրամ, որից համայնքային բյուջե յուրաքանչյուր տարի պետք է գանձվեր շուրջ 10 մլն դրամ:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ իրավունքի պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում թույլ են տրվել մի շարք խախտումներ: Բազմաթիվ օրինակներից բերենք ընդամենը 2-ը: Տ. Պետրոսյան փողոցի վերջնամասում Լ. Շեկոյանին պատկանող «Արայի ամրոց» ռեստորանային համալիրի շարունակությունը' 441 քմ հողամասը, որը սեփականության իրավունքով պատկանում է Լ. Շեկոյանին, 2009-ից կառուցապատված է ինքնակամ շինություններով, որոնք գրանցված չեն և գույքահարկով չեն հարկվում: Դավիթաշեն, Ձոր 3, թիվ 1 հասցեում «Վալենսիա» ՀՁ ՍՊԸ անվամբ սեփականության իրավունքով 25.11.2002 թ. գրանցվել է 10300 քմ հողամաս' հասարակական կառուցապատման համար: Հողամասում գրանցված են 217,9 քմ տարածքով շենք և 156,9 քմ շինություններ, 2005-2007 թթ. կառուցվել են ևս 17 քմ ինքնակամ շինություններ, որոնց նկատմամբ իրավունքի պետական գրանցում չի կատարվել, և դրանք չեն հաշվառվել գույքահարկի բազայում:

Կոմիտեի աշխատակազմի «Դավիթաշեն» տարածքային ստորոբաժանման կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացի հետ կապված բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել: Գրանցման տվյալներով' առկա են անհամապատասխանություններ հողամասերի նպատակային նշանակության դասակարգման և գործառնական նշանակության միջև: Մասնավորապես' բնակավայրերի հողերում, առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության, ըստ հողերի գործառնական նշանակության, գրանցվել են արտադրական կառուցապատման համար տրամադրված հողամասեր, ինչը հակասում է ՀՀ հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի պահանջներին:

Օրինակ' Հաղթանակի 46/1 հասցեում գտնվող բենզալցակայանի նկատմամբ գրանցված է «Ագրոնավթաբազա» ՊՓԲԸ սեփականության իրավունքը, ըստ որի 988 քմ հողամասի նպատակային նշանակությունը նշված է բնակավայրի, գործառնական նշանակությունը' արտադրական կառուցապատման համար, որը չի համապատասխանում ՀՀ «Հողային օրենսգրքի» 8-րդ հոդվածի պահանջներին: Գրանցված 116,6 քմ շենքի գործառնական նշանակությունը նշված է բենզալցակայան, իսկ նպատակային նշանակությունը' արտադրական' հասարակական նշանակության փոխարեն:

Տիչինայի փողոց թիվ 140 հասցեում գտնվող գազալցակայանի նկատմամբ գրանցված է «Խճաքար» ՍՊԸ սեփականության իրավունքը, ըստ որի 2000 քմ հողամասի նպատակային նշանակությունը նշված է բնակավայրի, գործառնական նշանակությունը' գազի լիցքավորման կայանի կառուցապատման համար, սակայն 230,7 քմ շենքերի օգտագործման նպատակային նշանակությունը հասարակականի փոխարեն նշված է արտադրական:

«Դավիթաշեն» տարածքային ստորաբաժանումն անտեսել է, որ ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն' ընդունված նորմատիվ ակտերով սահմանված հողերի նպատակային և գործառնական նշանակությունն ինքնակամ փոխելը հիմք է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ակտերը, ինչպես նաև դրանց հիման վրա հողամասերի առնչությամբ կնքված գործարքները դատական կարգով անվավեր ճանաչելու, հողի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը մերժելու համար:

Արթուր Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter