
5 տարի հետո Վրաստանի հայկական դպրոցներում հայ ուսուցիչ չի՞ մնա
5 տարի հետո հայկական որևէ դպրոցում հայ ուսուցիչ չի մնա: Պատճառը ոչ թե այն է, որ պետությունն է արգելում, այլ որովհետև բոլոր հայ ուսուցիչները, որոնք հիմա դասավանդում են հայկական դպրոցներում, թոշակի անցնելու տարիքում են: Այս մասին Ախալցխայում հայտարարեց Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ազգային փոքրամասությունների հարցերով փորձագետ Մարի Միկոյանը' ի պատասխան «Հետքի»' Վրաստանի հայկական դպրոցների մասին հարցին:
Մարի Միկոյանը կարծում է, որ Վրաստանում հայերի ամենամեծ խնդիրը հայկական դպրոցներն են. սկսվել է հայկական դպրոցների կրճատման գործընթաց, բայց ոչ թե պետությունն է արգելում, այլ աշակերտների խնդիր կա:
«Ես, օրինակ, երբեք իմ երեխային այսօր գործող որևէ հայկական դպրոց չեմ, որովհետև ֆիզիկայի ուսուցիչը դասավանդում է նաև գրականություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, քանզի այդ առարկաների ուսուցիչներ չկան»,- պատճառաբանեց Մարի Միկոյանը:
Նա նաև նշեց, որ այս թեմայի մասին շատ է խոսվում, որովհետև խորհրդային տարիներին Հայաստանում բուհ ավարտած ուսանողը պարտավոր էր վերադառնալ ու մի քանի տարի աշխատել իր գյուղում կամ քաղաքում, իսկ հիմա դա շատ մեծ խնդիր է: Ռեգիոններում համեմատաբար վիճակը լավ է, սակայն Թբիլիսիում բոլոր ուսուցիչները թոշակի անցնելու տարիքի են:
«Դրանից ելնելով' ծնողներն աշխատում են իրենց երեխային կամ վրացական, կամ ռուսական դպրոց տալ, որտեղ նա կստանա լիարժեք կրթություն»,- ասում է Մարի Միկոյանը և հավելում, որ հայկական դպրոցներում նվազում են աշակերտների թիվը, ինչի պատճառով, քանի որ Վրաստանում երեխաների քանակով է պայմանավորված ֆինանսավորումը, 10 կամ 20 աշակերտի համար ողջ դպրոցը չեն կարող պահել:
Մեկնաբանել