HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թեղուտ» հանքավայրի շահագործումը կունենա աղետալի հետևանքներ

ՀՀ բնապահպանության նախարարության արտոնագրով «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությանը թույլատրվել է ուսումնասիրել և ապա շահագործել Լոռվա մարզի Թումանյանի շրջանի անտառներում գտնվող «Թեղուտ» պղնձամոլիբդենային հանքավայրը: Ընկերությանը տրամադրվել է 1970 հա, որից 1589,6-ը՝ անտառային ֆոնդի, իսկ 380,4-ը համայնքային հողեր են:

Հանքարդյունաբերության համար հատկացված տարածքի ռելիեֆը բարդ է, կտրտված չորս կիրճով, որոնցով հոսում են Շնող գետը և նրա երեք վտակները՝ Կռունկ, Խառատաձոր, Դուքանաձոր լեռնային գետակները:

Այդտեղի անտառը Հայաստանի Հանրապետության ամենահարուստ կենսաբազմազանություն ունեցող հատվածն է: Ըստ Ընկերության ներկայացրած Նախագծի, այդտեղ առկա են սողունների 10, երկկենցաղների 4, թռչունների 86 (ըստ մասնագետների՝ այս վայրում հայտնի է 208 թռչնատեսակ, որից 28-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում), ձկների 5, կաթնասունների 55 տեսակներ: Այդ կենդանիներից շատերը գրանցված են Հայաստանի Հանրապետության և Միջազգային Կարմիր գրքերում:

Տարածքում կան հնագույն և այլ ժամանակաշրջանների հնագիտական ու պատմամշակութային բազում հուշարձաններ:

Թեղուտ և Շնող գյուղերի խմելու և ոռոգման ջրի մատակարարման աղբյուրը Շնող գետն է, որի վտակները սնվում են հանքահանման համար նախատեսվող տարածքներից. Կռունկի և Դուքանաձորի հուներում լցվելու են մակաշերտը և դատարկ ապարները, իսկ Խառատանոցի հունում՝ պոչանքները:

Հանքավայրի շահագործման դեպքում, ըստ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» փաստաթղթի, 25 տարվա ընթացքում վերամշակվելու է 175 մլն տոննա պղինձ-մոլիբդենային հանքաքար (պղնձի պարունակությունը՝ 0,355, իսկ մոլիբդենինը՝ 0,0215 տոկոս է): Կորզվելու է պղնձի 85,78, իսկ մոլիբդենի՝ 70,05 տոկոսը: Ձեռնարկության շինարարության ժամանակ (3,5 տարի) ստեղծվելու է 1100, իսկ շահագործման ընթացքում 900 (ըստ «Աշխատանքային նախագծի»՝1432) աշխատատեղ: 28,5 տարվա ընթացքում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրվելիք շահութահարկը կանխատեսվում է 101,7 մլն դոլար, իսկ Ընկերությունը մաքուր շահույթը՝ 406,2 մլն դոլար:

Թեղուտի հանքավայրի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը» (ՇՄԱԳ) և «Աշխատանքային նախագիծը» (Նախագիծ) ստեղծվել են ՀՀ օրենքների խախտումներով, ինչպես նաև իրականացվելիք ծրագիրը կիսատ է, այդտեղ առկա են թերհաշվարկներ, կոծկումներ, կեղծիքներ:

Նշենք դրանցից մի քանիսը:

1. Թեղուտի հանքավայրի ՇՄԱԳ-ում և Նախագծում հանքաքարի, մակաբացման ապարների, արտադրական ու կենցաղային թափոնների, ծախսվելիք ջրի, վառելիքի, կորզվելիք մետաղների ծավալները հաշվարկված են 25 տարվա համար, մինչդեռ հողերին, ջրային համակարգերին, բուսական ու կենդանական աշխարհին հասցվելիք վնասները հաշվարկված են միայն 8 տարվա համար: Օրինակ՝ այդտեղ բաց հանքի մակերեսը 240 հեկտար է, սակայն տնտեսական վնասը հաշվարկված է միայն 65 հեկտարի, իսկ պոչամբարի համար նախատեսված 214 հեկտարից վնասը հաշվարկված է 54 հեկտարի համար (Նախագիծ, հատոր 7, էջ 72):

2. ՇՄԱԳ-ում և Նախագծում Հայաստանի Հանրապետության տնտեսությանը հասցվելիք վնասի գնահատումը կատարվել է խիստ նվազեցված հաշվարկներով: Օրինակ՝ պոչամբարի համար հատկացված անտառային տարածքի 1 քառակուսի մետրը (քմ) գնահատված է 22,4 դրամ (0,056 $): Հազարավոր տարիներ շարունակ բուսակենդանական աշխարհին մեծ վտանգ սպառնացող պոչանքը լցվելու է Խառատանոց գետի հուն-կիրճ: Այս տարածքում այժմ առկա են նաև բազմաթիվ պտղատու ծառեր (ընկույզի, սալորի, բալի, կեռասի, ծիրանի, նշի, տանձի, խնձորի, սալորի, հոնի և այլ), թփեր, ինչպես նաև մշակովի հողեր, պատմամշակութային հուշարձաններ: Եվ այսպիսի տարածքի 17 քմ-ը գնահատվել է ընդամենը 1 դոլար:

3. Լցակույտերի՝ մակաշերտի և ծանր մետաղներ պարունակող «դատարկ» ապարների տակ մնալիք անտառային տարածքի 1 քմ-ը գնահատված է 7,4 դրամ (0,018 $) (54 քմ-ին հասցվելիք վնասը՝ 1 դոլար): Նշված թափոնները լցվելու են Կռունկ և Դուքանաձոր գետերի հուներ-կիրճերը: Ինչպես Խառատանոցի կիրճում, այս կիրճերում նույնպես մեծ բազմություն են կազմում նաև պտղատու ծառերն ու թփերը:

4. Բաց հանքի համար հատկացված տարածքի 1 քմ-ը գնահատված է 2,8 դրամ (0,007 $) այն դեպքում, երբ անտառածածկ այդ տարածքը, հանքավայրը շահագործելուց հետո, դառնալու է ավելի քան 600 մետր խորության մի խոռոչ... Ինչպիսի արտոնություն՝ ընդամենը 1 դոլար գնահատելով տիրանալ ու հիմնովին ոչնչացնել 143 քառակուսի մետր անտառային տարածք:

5. Հանքաքարի վերամշակման գործարանի և անհրաժեշտ այլ օբյեկտների կառուցման համար հատկացված անտառային տարածքի 1 քմ-ը գնահատված է 1,2 դրամ (0,003 $) (333 քմ-ին հասցվելիք վնասը՝ 1 դոլար):

6. Արհեստական լճակի համար հատկացված անտառային տարածքի 1 քմ-ը գնահատված է 0,8 դրամ (0,002 $) (500 քմ-ին հասցվելիք վնասը՝ 1 դոլար):

7. ՇՄԱԳ-ի «Հաշվեկշռային պաշարների բնութագիրը» աղյուսակում բերված է տարբեր մակարդակներով ուսումնասիրված հանքաքարերի երեք զանգված (էջ 23): Առաջին զանգվածի 5,448 մլն տոննա հանքաքարում արծաթի պարունակությունը յուրաքանչյուր մեկ տոննայում 31,7 գրամ է, քանակը՝ 303,8 կգ, ռենիումինը՝ 5,6 գրամ, քանակը՝ 44,8 կգ այն դեպքում, երբ հենց նույն աղյուսակում բերված տվյալների հիման վրա մեր հաշվարկներով՝ այդտեղ առկա է 172701 կգ արծաթ, 30509 կգ ռենիում, այսինքն՝ արծաթի պարունակությունը 568, իսկ ռենիումինը՝ 681 անգամ փոքր են ներկայացրել: Նշված աղյուսակը բացարձակորեն նույն սխալներով առկա է ՇՄԱԳ-ից մեկ տարի հետո կազմած Նախագծում:

8. ՇՄԱԳ-ում և Նախագծում, «Վնասակար նյութերի արտանետման քանակը ճանապարհներից և բեռնատարներից՝ հանքաքարը և դատարկ ապարը մեքենաներով տեղափոխելու ընթացքում» հաշվարկի բանաձևում մթնոլորտ մուտք գործող փոշու բաժնեմասը արտահայտող գործակիցը բացատրականում 0,1 է, բանաձևում՝ 0,001, այսինքն 100 անգամ փոքր:

9. Ըստ ՇՄԱԳ-ի տեքստի՝ հատվելու է 127 000 ծառ այն դեպքում, երբ այդ նույն փաստաթղթի աղյուսակների (NN 8.4.2, 8.4.3, 8.4.4, 8.4.5, 8.4.6 և 8.4.7) հաշվարկները ցույց են տալիս, որ այդտեղ առկա է 170883 ծառ: Հատվելիք 43883 ծառ կոծկել են, դրանց հաշվով տնտեսական վնասը չեն ներկայացրել թե ՇՄԱԳ-ում, թե Նախագծում:

10. ՇՄԱԳ-ի համապատասխան աղյուսակներում չկա 53333 խնձորենու (սրա 43333-ը 26 սմ տրամագծով կոճղ ունեցող) նախատեսված հատումից գոյանալիք բնափայտը: Նշված 43333 խնձորենու հատումից առաջանալիք տնտեսական վնասը ներկայացված է 584,995 մլն դրամ այն դեպքում, երբ վնասը, նույն հաշվարկային գործակցով կկազմի 866,66 մլն դրամ, այսինքն՝ 281,665 միլիոնով պակաս է ներկայացվել:

11. Տնտեսական վնասի գնահատում չի կատարված հարյուր հազարավոր պտղատու և այլ կարգի թփերի համար, ինչպես նաև ուտելի և դեղաբույսերի համար:

12. Ըստ ՇՄԱԳ-ի՝ խախտվող և ոչնչացվող տարածքներում առկա է ավելի քան 2 մլն մատաղատի ծառ (էջ 140): Միայն սրանց հաշվով հասցվելիք տնտեսական վնասը վերը բերված հաշվարկային գործակցով կկազմի 9 մլրդ դրամ, ինչը չի արտացոլվել ՇՄԱԳ-ում և Նախագծում:

13. 36 սմ տրամագծով կոճղ ունեցող տանձենին գնահատվել է ընդամենը 1 հազար դրամ (2,5 $):

14. ՇՄԱԳ-ի և Նախագծի մեջ բերված 260 տեսակի միջատները վերաբերում են ոչ թե Լոռվա մարզի Թեղուտի հանքավայրի անտառներին, այլ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի (Դիլիջան քաղաքի հարևանությամբ) մոտակայքի անտառներին:

15. Հանքահանման-հանքավերամշակման հետևանքով խախտվելիք-ավերվելիք-ոչնչանալիք տարածքների կենդանական աշխարհին հասցվելիք վնասը ներկայացված է ընդամենը 175 հազար դրամ (437 $), այն էլ միայն մեկ տարվա ընթացքում որսվող ձկների համար, իսկ մյուս կենդանիներին հասցվելիք վնասն անտեսված է: Ձկնաշխարհին հասցվելիք վնասը սխալ մեթոդով է հաշվված: Ըստ ՇՄԱԳ-ի և Նախագծի՝ Շնող գետում և նրա վտակներում տարեկան որսվում են 130 կգ տարբեր ձկնատեսակներ, որոնց շուկայական արժեքը (կիլոգրամի հաշվով) կազմում է 175 հազար դրամ: Այն դեպքում, երբ օրենսդրությունը այլ բան է սահմանում, օրինակ՝ «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառած վնասի հատուցման սակագների մասին օրենքը»: Այս օրենքը, որով հաշվարկվել է ծառատեսակներին հասցվելիք վնասը, սահմանում է, որ կենդանատեսակների ապօրինի որսի և (կամ) ոչնչացման դեպքում՝ յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար սակագներն են՝ կարմրախայտ՝ 5000, այլ տեսակի ձկներ 1000 դրամ: Հաշվարկները ցույց են տալիս, որ Նախագծում նշված քանակի ձկնատեսակների սակագինը կազմում է 6,3 մլրդ դրամ՝ նկատի ունենալով այն, որ յուրաքանչյուր հասուն ձկան հաշվով պետք է որ առկա լինի նվազագույնը 2000 մանրաձուկ:

16. Նախագծում ասվում է, որ 25 տարվա ընթացքում հանվելու է 175 մլն տոննա հանքաքար (մակաբացման գործակիցը՝ 0,664 մ3), արդյունքում առաջանալու են 116,25 մլն մ3 «դատարկ» ապարներ (Նախագիծ, հատոր 7, էջ 39), խտությունը ընդունելով 2,5՝ կստացվեն 290 մլն տոննա «դատարկ» ապարներ: 175 մլն տոննա հանքաքարի վերամշակման դեպքում առաջանալու է 172,8 մլն տոննա պոչանք (պոչանքը փոշի դարձրած հանքաքարն է, որից կորզել են հիմնական օգտակար տարրերը):

Ծանր մետաղներ և այլ վտանգավոր նյութեր պարունակող պոչանքը և «դատարկ» ապարները որպես թափոն չեն արտացոլված «Թափոնների մասին» ՀՀ օրենքում: Նպատակը պարզ է. որպեսզի հանքարդյունաբերությամբ զբաղվողներն այդ թափոնների համար հարկ չվճարեն: Հանքավայրերի շահագործման նախագծերում պոչանքներից ու «դատարկ» ապարներից հասցվելիք վնասը չի հաշվարկվում, երբ այդպիսի մոտեցումը կտրուկ կփոխի օգուտ-վնասների պատկերը: Այս գործելակերպի պատճառով է, որ հանքարդյունաբերությունը չի ենթարկվում երկրի տնտեսության կանոններին և դարձել է Հայաստանի Հանրապետության համար խիստ վնասաբեր, հեռահար անլուծելի խնդիրներ առաջացնող մի ոլորտ:

Կասկածից վեր է, որ պոչանքը՝ առաջին, իսկ «դատարկ» ապարները երկրորդ կամ երրորդ դասի վտանգավորության թափոններ են: Ըստ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքի՝ առաջին դասի թափոնի յուրաքանչյուր տոննան շրջակա միջավայրում տեղադրելու սակագինը 48000 դրամ (120 $) է, երկրորդինը՝ 24000 դրամ (60 $), իսկ երրորդինը՝ 4800 դրամ (12 $):

Հետևաբար, 172,8 մլն տոննա պոչանքը շրջակա միջավայրում տեղադրելու դիմաց պետությանը պետք է վճարվի 8,294 տրիլիոն դրամ, իսկ 290 մլն տոննա «դատարկ» ապարներինի դիմաց, եթե դրանք համարենք անգամ երրորդ դասի վտանգավորության թափոններ՝ 1,392 տրիլիոն դրամ: Այսինքն՝ նշված երկու թափոնների համար «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը պետք է որ պետական գանձարան մուծի ավելի քան 9,686 տրիլիոն դրամ (24,2 մլրդ $): Սակայն հանքարդյունաբերությամբ զբաղվողներն օրենսդրորեն արտոնված են նշված թափոնների համար ընդհանրապես հարկ չվճարել:

17. ՇՄԱԳ-ի մեջ գրված է. «Շրջակա միջավայրին հասցվող գումարային վնսը Վ=Վմ+Վջ+Վհ+Վհօ+Վը=6465,4+366,9+21917,25+2475425+3709,5=2,508 մլրդ դրամ» (Վ-ընդհանուր հասցվելիք վնասը, Վմ - վնասակար նյութեր մթնոլորտ արտանետում ներից հասցվելիք տարեկան վնասը, Վջ - ջրավազաններ թափվող վնասակար նյութերից հասցվելիք տարեկան վնասը, Վհ - հողերի խախտումից ու աղտոտումից հասցվելիք տարեկան վնասը, Վհօ - հողերի օտարումից հասցվելիք տարեկան վնասը, Վը - ընդերքի խախտումից սպասվելիք տարեկան վնասը): Սա ցույց է տալիս, որ մեկ տարվա և 28,5 տարում սպասվելիք վնասները միավորել են մեկ գումարում: Նաև ինչպես տեսնում ենք, առաջանալիք հանքարդյունաբերական թափոններից հասցվելիք վնասի մասին որևե խոսք չկա թե ՇՄԱԳ-ում, թե Նախագծում:

Ահա այսպիսի կողմակալ հաշվարկների արդյունքում է, որ Հայաստանի Հանրապետությանը հասցվելիք աներևակայելի մեծ վնասը չի երևում:

Ըստ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության կազմած ՇՄԱԳ-ի՝ Թեղուտի հանքավայրի շահագործումը Հայաստանի Հանրապետությանը իբր կհասցնի ընդամենը 2,508 մլրդ դրամի (6,27 մլն $) վնաս: Նախագծում այդ չնչին գումարն էլ շատ են համարել՝ իջեցնելով մինչև 2,07 մլրդ դրամ (5,17 մլն $): Պետք է ասվի, որ այս գումարը նույնպես չի մուծվելու պետական գանձարան, սակայն մեզ համար դեռևս պարզված չէ, թե հանքարդյունաբերությամբ զբաղվողների այս արտոնությունը ՀՀ ո՞ր օրենքից է բխում, կամ, ընդհանրապես, արդյոք կա՞ այդպիսի իրավական նորմ, թե՞ դա արվում է բանավոր կարգադրությամբ:

Թեղուտի հանքավայրի շահագործման Նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը և դրանից բխող բազմաթիվ օրենքներին (Բնության պահպանության մասին ՀՀ օրենսդրության հիմունքներին, Հողային և Ընդերքի օրենսգրքերին, Բուսական և Կենդանական աշխարհի մասին օրենքներին, Պատմության ու մշակութային անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման մասին օրենքին և այլն), ինչպես նաև ՀՀ կողմից վավերացված միջազգային մի շարք պայմանագրերին, օրինակ, մշակույթի ու բնության ժառանգությունների պահպանության, անապատացման դեմ պայքարի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, կլիմայի փոփոխության մասին պայմանագրերին և այլն:

ՀՀ նախագահին և վարչապետին հղած դիմումներում, հրապարակումներում ցույց է տրվել, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը Թեղուտի հանքավայրի ՇՄԱԳ-ի և Նախագծի փորձագիտական ուսումնասիրություններ չի կատարել, սակայն տվել է դրական եզրակացություն: Դժբախտաբար, ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով իրավական հիմքերից զուրկ այս դրական եզրակացությունը, փոխել է 1572,284 հեկտար հողերի կարգավիճակը և 50 տարի ժամկետով տրամադրվել է «Վալլեքս գրուպ»-ի մեջ ընդգրկված «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը՝ թույլատրելով հատել շուրջ 357 հեկտար անտառային ծածկույթ և շահագործել Թեղուտի հանքավայրը (01.11.2007 թ., որոշում N1278-Ն): Իսկ N1279-Ն որոշումով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող գյուղատնտեսական նշանակության 81,483 հա հողերի նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ:

Բացի նրանից, որ Կառավարության որոշումները օրինական հիմնավորում չունեն, դրանց մեջ նաև անհասկանալի շատ բաներ կան: Օրինակ՝ կառուցվելիք բացհանքի տակ ընկնող տարածքը 50 տարի ժամկետով վարձակալության է տրվում, երբ ակնառու է, որ անտառածածկ այդ տարածքը մոտ 600 մետր խորության փոսի է վերածվելու, կամ պոչամբարի և «դատարկ» ապարների տակ ընկնող, նույն ժամկետով վարձակալությամբ տրվող տարածքները ընդհանրապես հնարավոր չէ վերադարձնել իրենց նախնական նշանակությանը, քանզի այդ տարածքներում լցվելու են թունավոր թափոններ:

Այսինքն՝ պետականորեն ձևակերպվում է, որ այդ տարածքները 50 տարով վարձակալության են տրվում, երբ իրականում դրանց մի մասն ընդհանրապես ոչնչանալու է, իսկ մյուս մասը հավերժորեն ծածկվելու է միլիոնավոր տոննաների ծայր աստիճան վտանգավոր թափոններով: Կամ՝ ինչո՞ւ է ասվում, թե հատվելու է շուրջ 357 հեկտար անտառ, երբ հատվելիք անտառի տարածքը անհամեմատ մեծ է:

Օրինակ՝ Նախագծում գրված է, որ միայն բացհանքի (240 հա), պոչամբարի (214 հա) և լցակույտերի (107,4 հա) համար հատկացված տարածքը 561,4 հեկտար է: Այդ տարածքները անտառածածկ են և ամբողջովին հատվելու են: Հատվելու են նաև արտադրական ձեռնարկությունների, ճանապարհների և այլ կառույցների համար հատկացված անտառածածկ տարածքները: Նաև լուրջ հիմքեր կան ասելու, որ, օրինակ, պոչամբարի և լցակույտերի տակ մնալու է ավելի մեծ տարածք, քան ներկայացված է Նախագծում և Կառավարության որոշման մեջ:

Թե ինչքան խախուտ է Թեղուտի ծրագիրը, բերենք ևս մի օրինակ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ կայացած, Թեղուտի հանքավայրի շահագործման խնդիրների վերաբերյալ խորհրդակցությունում, երբ հիմնավորվեց, որ Թեղուտի հանքավայրի ՇՄԱԳ-ը և Նախագիծը, թերհաշվարկներ ու կեղծիքներ պարունակելուց զատ, նաև թերի են՝ 25 տարվա փոխարեն 8 տարվա հաշվով են կազմված, վարչապետի գլխավորությամբ որոշվեց կազմել Թեղուտի հանքավայրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը (ՇՄԱԳ)՝ 25 տարվա հաշվով (Արձանագրություն N 50-88, 20.06.2008թ.):

Արձանագրության գ) կետում ասվում է. «Տեղական և անհրաժեշտության դեպքում նաև միջազգային փորձագետների մասնակցությամբ իրականացնել հանքարդյունահանման նախագծի ՇՄԱԳ-ի փորձաքննություն հանքավայրի շահագործման 25 տարիների համար»: Սա էլ իր հերթին է հիմնավորում, որ Թեղուտի հանքավայրի շահագործման՝ ՀՀ կառավարության որոշման հիմք հանդիսացող նախկին ՇՄԱԳ-ն ու Նախագիծը այլևս իրավական փաստաթղթեր չեն: Խորհրդակցությունում «Վալլեքս գրուպ»-ի ներկայացուցիչները ՀՀ վարչապետին հավաստեցին, որ Թեղուտի հանքավայրի 25 տարվա համար ՇՄԱԳ-ը պատրաստ կլինի 2008թ. դեկտեմբերին... Սակայն մինչ այսօր այդ փաստաթուղթը չի ստեղծվել:

Այս ամենից ելնելով՝ կարելի է ասել, որ իրավական հիմքերից զուրկ է նաև Շնող և Թեղուտ գյուղերի իրավաբանական անձանց պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու ՀՀ կառավարության որոշումը: Այս որոշման հետևանքով Շնող և Թեղուտ գյուղերի բնակիչներից շատերը կորցրել են իրենց սեփական հողերը՝ իրենց ապրուստի հիմնական միջոցը:

Ընկերությունը նրանցից 107-ի գործը մտցրել է  դատարան եւ շահել` հիմք ընդունելով այդ հողերի նկատմամբ ՀՀ կառավարության բացառիկ՝ հանրային գերակա շահ համարելու որոշումը, բոլոր հայցերը լուծել է հօգուտ «Վալլեքս գրուպ»-ի, որն էլ այդ հողերի համար վճարելիք գումարները փոխանցել է տեղի նոտարային ծառայություններին և տիրացել նշված գյուղացիների հողերին:

Այգիների մեկ քառակուսի մետրի արժեքը գնահատվել է միջինը 72 դրամ (0,18 $), վարելահողինը՝ 50 դրամ (0,13 $), խոտհարքինը՝ 36 դրամ (0,09 $): Պետք է նկատի ունենալ, որ այս հողերը մնալու են պոչամբարի և «դատարկ» ապարների տակ, այսինքն՝ գյուղացիներն այս հողերը կորցնում են մշտապես: Սա ուղղակի կողոպուտ է: Կողոպտվում է թե պետական, թե սեփականատիրոջ ունեցվածքը:

ՀՀ կառավարության N1279-Ն որոշման մեջ ասվում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ ճանաչել բացառիկ՝ գերակա հանրային շահ՝ այն հիմնավորումներով, որ Թեղուտի հանքավայրի ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, որի իրականացումը մեծապես կնպաստի երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը և լուրջ խթան է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար:

Սակայն այս ծրագիրը ուսումնասիրողները հեշտությամբ կհամոզվեն, որ այս Ծրագրում գերակա շահը վերաբերում է հանքավայրը շահագործողին: Եվ ապա, համապետական նշանակություն ունի «Թեղուտ» հանքավայրի երկրաաբանական կառուցվածքի, լեռնային գետերի, ջրագոյացման ու ջրամատակարարման համակարգերի, անտառների, պատմամշակութային հուշարձանների, վարելահողերի, այգիների, արոտավայրերի և ընդհանրապես բնական համակարգերի պահպանությունն ու այսօրվա վիճակում դրանց բանական օգտագործումը, այլ ոչ թե հանքավայրի շահագործումը:

Ինչ վերաբերում է այն հավաստմանը, թե իբր ծրագրի իրականացումը մեծապես կնպաստի երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը, ապա սա նույնպես հիմնավորված չէ: Ավելի քան 3000 գյուղատնտեսական կայուն աշխատատեղին կորուստ պատճառելով, բնակության կենարար միջավայրն ավերելով, աղտոտելով, ոչնչացնելով, բարեբեր տարածքներն ապրելու համար ոչ պիտանի դարձնելով՝ ժամանակավոր աշխատատեղեր ստեղծելով, բնական պաշարներն արագընթաց սպառման տանելով՝ ոչ միայն հնարավոր չէ երկրի տնտեսական անվտանգությունն ամրապնդել, այլև այդպիսի գործելակերպը ակնհայտորեն բերելու է տնտեսության քայքայման:

Հիմնավորված չէ նաև Որոշման այն դրույթը, թե իբր ծրագրի իրականացումը լուրջ խթան է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար: Կցանկանայինք իմանալ՝ այդ ո՞ր բնակավայրերն են, որոնց սոցիալական վիճակը բարելավվել է իրենց տարածքներում կամ հարևանությամբ գտնվող հանքավայրերի շահագործման հետևանքով:

Չնայած այն բանի, որ Թեղուտի հանքավայրի նախագիծը դեռևս գոյություն չունի, սակայն «Վալեքս գրուպ»-ը հանքավայրում անտառահատումներ է կատարում, մեծ ավերածություններ պատճառելով՝ փոխել է լեռնային գետերի հուները...

Ամփոփելով կարելի է ասել, որ եթե մանրազնին ու անկողմնակալ հաշվարկվեն Հայաստանի Հանրապետությանը հասցվելիք վնասները՝ բոլոր հնարավոր բաղադրամասերով, և օգտագործվեն իրականությունն արտացոլող մեթոդներ ու սակագներ, ապա կարելի է ենթադրել, որ վնասները միլիարդավոր անգամներ կգերազանցեն Նախագծում բերված 28,5 տարվա հաշվով 900-1432 ժամանակավոր աշխատատեղի (տարեկան միջին աշխատավարձը՝ 2400 ԱՄՆ դոլար, Նախագիծ, հատոր 9, էջ 14) ստեղծման և պետական գանձարան մուծվելիք 101,7 մլն դոլար շահութահարկի այսպես կոչված օգուտներին:

Թեղուտի հանքավայրին վերաբերող նյութերի ուսումնասիրողները հեշտությամբ կհամոզվեն, որ թե Նախագիծ կազմողները, թե դրան դրական եզրակացություն տվողները, թե խնդրին վերաբերող Կառավարության որոշում կայացնողները անտեսել են բնության-ժողովրդի-պետության շահերը:

Հակոբ Արբակի Սանասարյան
Հայաստանի կանաչների միության նախագահ
27.02.2012 թ.
Էլ. փոստ՝ [email protected], [email protected]

Մեկնաբանություններ (2)

Գեւորգ
Հարգելի Սանասարյան Հակոբն ահավոր փաստեր է ներկայացնում, որոնց մի մասի դեպքում նույնիսկ, անթույլատրելի չարագործություն է կատարվում մեր երկրի ու ժողովրդի գլխին: Մարդու գործնեությանը ծանոթ լինելով, չի կարելի կարծել թե այս թվերն օդից են բերված, իսկ տեղանքի ու աշխատանքների մանրամասն նկարագրությունն ամբողջացնում է ծրագրված աղետի իրական պատկերը: Ինչ պիտի անենք ուրեմն, «հիմա էլ լռենք?», թույլ տալով, վայ գործարարներին երկրի ավերածությունը շարունակել: Ես կարծում եմ, «նաղդ» շահից գռգռված, ազարտի մեջ ընկած այս մարդիկ իրենք էլ լավ չեն գիտակցում իրենց արածի հետեւանքները, թեկուզեւ իրենց համար: Ինչ է կարծում Վալեր Մեժլումյանը –իր երազած միլիոնները պիտի դիզի ու հանգիստ վայելի? Եթե այդպես է մտածում, ապա կարելի է խղճալ, որովհետեւ նրան (եւ բոլոր այսպես կարծողներին) վերջում դառը հիասթափություն է սպասում: Իհարկե, կքանդեն, կաշխատեն ու կկուտակեն, բայց հաստատ չեն մարսի այդպիսի ունեցվածքը (նույնիսկ Գուգարաց տերտերի օրհնությամբ): Բնական օրինաչափություն է սա, այսպիսի բարիքը քթից են հանում: Օրինակները կան: Սակայն, հարգելով այս մարդու եռանդն ու աշխատանքային կարողությունները, ես կփորձեմ Լոռեցու անկեղծ խորհուրդ տալ նրան – Վնասի կեսից հետ կանգնելն էլ տղամարդություն է: Կարելի է այդ փողն ու եռանդն ուրիշ ուղղությամբ գործածել: Օրինակ: Նույն գյուղացիների հետ կարելի է պայմանագիր կնքել, օգնել, այծ ու ոչխար բուծել (ցեղական լավ տեսակներ կան), միս ու կաթ արտադրել, որն օր-օրի թանկանում է (ԱՄԷ – ում օրինակ, 1- կգ էծի պանիրը 40-50 $ է): Տանձի ծառը, որ 2,5 $ «արժե» կարող է մի 1000$ ի կոմպոտի, հյութի հումք տալ լավ տարում, եթե արտադրություն, գովազդ ու արտահանում կազմակերպվի (Լոռեցին գիտի քոլի տանձի անկրկնելի համը, իսկ շուկայում հիմա քիմիա է ծախվում): Գումարած հոնը, մոշն ու մասուրը: Այդ գետակները աղբյուրի ջուր են, որն արդեն իսկ բենզինից թանկ է վաճառվում, հետո ավելի պիտի թանկանա: Եթե «ավելցուկ» կա, կարելի է լցնել ու արտահանել, ոչ թե թույնի վերածել (Կանադայից շշերով աղբյուրի ջուր են հասցնում ԱՄԷ): Այդ բնության մեջ կարելի է էկոտուրիզմ կազմակերպել, վայրի կենդանիներ բազմացնել ու կանոնավորված-լիցենզավորված որս կազմակերպել (Հունգարիան ձեզ օրինակ: Մի արջ կամ եղնիկ խփելը մինչեւ 10 հազ. $, եթե չեմ սխալվում) եւ շատ այլ բաներ: Հնարավոր է իհարկե, որ այս տեսակ գործերը ցանկալի եկամուտ չտան նույն արագությամբ: Բայց նրանք ուրիշ արժեքներ կբերեն, որի մասին, թերեւս, արժե մտածել: Այս նույն խորհուրդը կարող է վերաբերվել բոլոր բիզնեսատերերին, հանքերի հետ կապված: Հարգելիներս՝ խելքի եկեք, խիղճ ունեցեք, սա նաեւ ձեր երկիրն է, ուրիշինը չէ: Եթե «գցողներին», գանձագողերին, կաշառակերներին կարելի է ինչ-որ տեղ ներել, ապա քանդողները ներման ենթակա չեն, որովհետեւ վնասներն ԱՆՇՐՋԵԼԻ ԵՆ: Փորձեք այս ամենին կողքից նայել, եւ մի քիչ մտածել: Այս փեզեւանքները մի օր կգնան, իսկ մաղձոտված մարդիկ ձեզ «պոդվալը» կգցեն, կամ էլ երեւի կանգնեցնեն փոսերի առաջ... ձեր իսկ փորած!
STS
Apsos, shat apsos. Hrashali, ankrkneli bnutyun e avervum. Nayum es sirtd chmlvum e

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter