HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Ինչու դիզելի գինը չի նվազում

Ամբողջ աշխարհում և Հայաստանում նավթամթերքից բենզինի գինը էական անկում է ապրում։ Դրան հակառակ՝ դիզելային վառելիքի գինը գրեթե չի նվազում։

Երևանյան բենզալցակայաններում դիզելային վառելիքն այսօր` ապրիլի 6-ին, վաճառվում էր 370-390 դրամ/լիտր միջակայքում։ Իսկ «եվրո 5» տեսակի դիզելը հնարավոր էր գնել 520 դրամ/լիտր արժեքով։

Հայաստանն ամենից շատ նավթամթերք ներմուծում է Ռուսաստանի Դաշնությունից։ Մաքսային ծառայության տվյալներով, ՌԴ-ից 2018-ին ներմուծվել է 207 հազար 504 տոննա նավթամթերք, իսկ 2019-ին՝ 283 հազար 552 տոննա։ Ծավալի մեծությամբ ՌԴ–ից հետո նավթամթերք ներմուծում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունից։ 

Իրանից 2018 թ.-ին ներմուծել ենք 5 հազար 204 տոննա, իսկ 2019 թ.-ին՝ 45 հազար 404 տոննա։ Միայն գրավոր հարցմամբ է հնարավոր ՊԵԿ–ի մաքսային ծառայությունից ճշգրիտ իմանալ, թե որ երկրից ինչ քանակի դիզելային վառելիք ենք ներմուծել։ Մինչ գրավոր ընթացակարգով պատասխան ստանանք, նշենք, որ Իրանից ներկրված նավթամթերքի ծավալում գերակշռում է հենց դիզվառելիքը։

Բենզինի համաշխարհային գների անկումը բացատրվում է կորոնավիրուսի պատճառով վառելիքի այս տեսակի պահանջարկի նվազմամբ։ Մարդկանց շարժը հարկադրաբար նվազել է ամբողջ աշխարհում, հետևաբար նվազել է նաև բենզինի պահանջարկը։ 

Նույնը տեղի չի ունեցել դիզելային վառելիքի դեպքում։ Դիզվառելիքն, ի տարբերություն բենզինի, օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում՝ գյուղատնտեսությունից մինչեւ բեռնափոխադրումներ (որոնք այս օրերին էլ շարունակվում են)։ 

ՌԴ-ում նավթամթերքի գները ներկայացնում ենք ստորև աղյուսակում, որտեղ երևում է, որ դիզելի գինը ապրիլի 6-ի դրությամբ կազմում է 0.596 եվրո կամ 47 ռուբլի։ Եթե այն վերածենք այսօրվա հայկական բանկերի միջին փոխարժեքով դրամի, ապա կստանանք 305 դրամ։

Մոսկվայում և Երևանում վաճառվող ռեգուլյար (АИ- 92) տեսակի բենզինի 1 լիտրի արժեքի տարբերությունը մոտ 40 դրամ է, իսկ դիզելի դեպքում տարբերությունը 75 դրամ է։ ՌԴ–ում դիզելն էժան է միայն «АИ- 98» տեսակի բենզինի գնից, այն էլ՝ չնչին տարբերությամբ։ Երկու պատճառ կարող է ունենալ ՌԴ–ում և ՀՀ–ում վաճառվող դիզելի գների էական տարբերությունը։

Առաջինն այն է, որ Հայաստանում նավթամթերք ներկրողները մինչև միջազգային գների անկումը ներմուծել և պահեստավորել են զգալի քանակությամբ դիզվառելիք։ Դրանով պայմանավորված՝ այսօր կարող են վաճառել թանկ գնով գնած դիզելը։ Երկրորդ սցենարը տնտեսավարողների կողմից կամայական գներով վաճառքն է։ 

Փորձեցինք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից պարզել, թե արդյո՞ք իրենց հայտնի է դիզելի գնի չնչին փոփոխության պատճառը։ Մինչ այդ, նշենք, որ ՏՄՊՊՀ–ն մարտ ամսվա վերջին բենզինի գնի նվազմանը զուգահեռ արձանագրել էր, որ դիզելի գինը մանրածախ շուկայում 20-ից 40 դրամով նվազել է։

Հանձնաժողովի մրցակցության պաշտպանության վարչության գերիշխող դիրքի և հակամրցակցային համաձայնությունների վերահսկողության բաժնի պետ Հայկ Սարգսյանը նախ հիշեցնում է, որ դեռևս 2019 թվականին հանձնաժողովը իրականացրել է ուսումնասիրություն «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաներում։

«Հանձնաժողովը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել կենտրոնացվածության բարձր մակարդակ և սոցիալական կարևոր նշանակություն ունեցող ապրանքային շուկաները, որոնց թվին են դասվում նաև «Բենզին» և «Դիզելային վառելիք» վառելիքի ապրանքային շուկաները։ Ուստի, Հանձնաժողովը հետևողական վերահսկողություն է իրականացնում ինչպես վերոգրյալ ուսումնասիրությունների արդյունքում վեր հանված հնարավոր խնդիրների կարգավորմանն ուղղված հետագա աշխատանքների կատարման նկատմամբ, այնպես էլ շարունակում է հետևել վառելիքի շրջանառության ոլորտում գների փոփոխության դինամիկային, հնարավոր գերիշխող դիրքի չարաշահման, մասնավորապես՝ չհիմնավորված գների բարձրացման, իջեցման կամ պահպանման տեսանկյունից»,- նշում է ՏՄՊՊ հանձնաժողովի պաշտոնյան։

Բենզալցակայանների լուսանկարները՝ 2020 թ.-ի ապրիլի 6-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter