HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Երբ աճը ներկայացնում են որպես նվազում. Արսեն Թորոսյանի շփոթեցնող գրաֆիկը

Երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել էր Հայաստանում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ գրաֆիկ, որտեղ հստակ և կտրուկ նվազման միտում էր նկարագրվում։  

Նախարարի գրաֆիկը 

arsen torosyan grafik.jpg (69 KB)

Կորոնավիրուսով հաստատված դեպքերի ամենօրյա աճի ֆոնին՝ այս գրաֆիկի հակասությունն անզեն աչքով նկատելի է։ Ի՞նչ հաշվարկ պետք է արվեր, որ նման շեշտակի նվազման միտում ստացվեր։ Համադրելով Արսեն Թորոսյանի հրապարակած գրաֆիկում առկա թվերը հաստատված դեպքերի իրական տվյալների հետ, պարզվեց, որ Թորոսյանի գրաֆիկում կիրառվել է հետևյալ բանաձևը. 

(օր 2 - օր 1) / օր 1 X 100%: 

Այս բանաձևի կիրառության արդյունքում ստացված թվերը որպես նվազման միտում ներկայացնելը ոչ միայն չի արտացոլում իրական պատկերը, այլև ապակողմնորոշում է հանրությանը՝ աճը նկարագրելով որպես նվազում։ 

Screen Shot 2020-04-06 at 21.08.54.png (288 KB)

Նախարարի օգտագործած տոկոսային աճը հաշվարկող բանաձևի կիրառումն այս դեպքում սխալ է, քանի որ գործ ունենք շատ փոքր և շատ մեծ թվերի հետ։ Այլ կերպ ասած՝ 1 և 4 թվերի միջև տոկոսային փոփոխությունը 300 տոկոս է, իսկ 700 և 800 թվերի միջև փոփոխությունը՝ 14 տոկոս։ Իրական պատկերը, սակայն, ցույց է տալիս, որ երբ վարակակիրների թիվը 1-ից հասել է 4-ի, ավելի քիչ մարդ է վարակվել, քան երբ այն 700-ից հասել է 800-ի։ 

Կորոնավիրուսով վարակվածների տվյալների վերլուծությամբ զբաղվող միջազգային հարթակներից որևէ մեկում տոկոսային աճի տեմպի նման կիրառություն հնարավոր չէ գտնել։ 

Շփոթեցնող, հանրությանը խաբկանքի ենթարկող այս գրաֆիկի միջոցով Հայաստանի իշխանությունը փորձում է համոզել, որ գրեթե «ջարդում է» համաճարակի կորը։ Բայց պարզվում է, որ նախարարի հրապարակած գրաֆիկի բանաձևը կարող է հրաշքներ գործել կորոնավիրուսի ամենաշատ տարածում ունեցող այնպիսի երկրների վիճակագրության վրա, ինչպիսիք են Իտալիան և Իսպանիան։ 

Օրինակ, եթե Արսեն Թորոսյանի հրապարակած գրաֆիկի մեթոդաբանությունը պայմանականորեն կիրառենք Իտալիայի տվյալների վրա, կստացվի, որ Իտալիան շատ վաղուց «ջարդել է» կորը և նվազման միտում արձանագրել։ 

Տոկոսային աճի բանաձևի կիրառությունը Իտալիայի դեպքերի վրա

combo.jpg (136 KB)

Իտալիայի օրինակից նույնպես հստակ երևում է, որ Թորոսյանի բանաձևով աշխատող նվազման միտումը իրական որևէ դրական դինամիկա չի կարող նկարագրել։ 

Գրաֆիկի նպատակն ու մեթոդաբանությունը Թորոսյանը չի բացատրել, սակայն ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր այն նկարագրել է որպես ապացույց, թե ինչպես է «Հայաստանը վարակի մեջքը կոտրում»։ Ինչ-որ պատահականությամբ Թորոսյանի և Հայաստանի իշխանության կողմից «վարակի մեջքը կոտրելու» մասին ֆեյսբուքյան հրապարակում անող օգտատիրոջ անհասկանալի մեթոդաբանությունները համընկել են։ Ի դեպ՝ սա վերջերս կորոնավիրուսի դեպքերի վերաբերյալ նվազման միտումների սխալ պատկերավորման միակ համընկնումը չէ հայաստանյան տեղեկատվական դաշտում։   

Որքան մեծանում է վարակվածների թիվը և օջախների աշխարհագրությունը, այնքան համացանցում նկատվում են տվյալների վերլուծության այլ գործակիցների նվազման տենդենց պատկերելու փորձեր։ Հանրությունը, սակայն, կարիք ունի ոչ թե դրական լիցքեր առաջացնող, այլ իրականությանը համապատասխանող տեղեկատվության։ 

Մեկնաբանություններ (1)

Arman
Ստատիստիկայում սա շատ տարածած երևույթ է ու հենց ձեր ասած բանաձև և նախարարի գրաֆիկը նկարագրում են ոչ թե դեպքերի նվազում այլ դեպքերի աճման արագության նվազում (արագոպթյան), կամ նույնը ինչ ածանցյալի արժեքը: Հիմա հարցը այն է թե արդյոք Թորոսյանը այս գրաֆիկի մասին խոսելիս հենց նշել է դեպքերի պակասում թե ներկայացրել է այն որպես ամենօրյա աճի դանդաղեցում: Կարճ ասած գրաֆիկը սխալ չի, հարցը այն է թե ինչպես է այն ներկայացվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter