HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Օտարերկրյա ներդրումները 2019-ին. ընդհանուր ներդրումներն աճել են, ուղղակի ներդրումները՝ նվազել

2019 թվականին Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների ընդհանուր հոսքերը 17.7%-ով (ՀՀ դրամով հաշվարկած) ավելացել են, սակայն միայն ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ)՝  2.5%-ով նվազել։ 

Վիճակագրական կոմիտեն (ՀՀ ՎԿ) հրապարակել է 2019 թվականին Հայաստանում կատարված oտարերկրյա ներդրումների ընդհանուր պատկերը։ Տվյալները, ինչպես միշտ, բավականին ծավալուն են և ներկայացված են տարբեր մեթոդաբանություններով։ Ու չնայած դրանց տարբերությանը՝ կարելի  ընդհանուր եզրահանգել, որ Հայաստանում թեև ավելանում են ընդհանուր ներդրումները, սակայն ուղղակի ներդրումների մասով դինամիկան գոհացուցիչ չէ։ Բացի այդ, ներդրումների հիմնական մասը հոսում է քիչ թվով ոլորտներ՝ քիչ թվով երկրներից։

Համախառն հոսքերը

2019 թվականին Հայաստանում կատարված oտարերկրյա ներդրումների ընդհանուր հոսքերը կազմել են մոտ 1 տրլն 423 մլրդ դրամ (կամ տարվա միջին փոխարժեքով՝ 2 մլրդ 961 մլն ԱՄՆ դոլար), որը նախորդ տարվա համեմատ աճել է 214 մլրդ դրամով կամ 17.7%-ով։ Ընդ որում ՝ միայն ուղղակի ներդրումները կազմել են 284 մլրդ դրամ (591.1 մլն դոլար), որը նախորդ տարվա համեմատ կրճատվել է մոտ 7.2 մլրդ դրամով կամ 2.5%-ով։   Սա հաշվարկում ենք Վիճկոմիտեի ներկայացրած համախառն հոսքերի ցանկերի հիման վրա։

Հիշեցնենք, որ համախառն հոսքերը ցույց են տալիս տնտեսության իրական հատվածում իրականացված ներդրումների ծավալներները՝ առանց պարտավորությունների գծով մարումների, գների, փոխարժեքի և այլ փոփոխությունների: 

Իսկ եթե ներդրումների դինամիկան հաշվարկում ենք դոլարային ցուցանիշներով, ապա ստացվում է, որ  հոսքերը աճել են 18.3%-ով, իսկ ուղղակի հոսքերը նվազել են 1.9%-ով։ 

Ինֆոգրաֆիկայի առաջին հատվածում ներդրումների ընդհանուր հոսքերն են։ Երկրորդում ՝ զուտ հոսքերը, որին անդրադարձել ենք փոքր-ինչ ներքևում։

Ներդրումների ծավալով առաջատարը Ռուսաստանն է։ Այս երկրին է բաժին ընկնում Հայաստանում 2019 թվականին կատարված օտարկերյա ներդրումների 34.3%-ը և մասնավորապես ուղղակի ներդրումների՝ 65.2%-ը։ 

Ընդհանուր ներդրումների 23%-ը բաժին է ընկել Գերմանիային, 17.9%-ը՝ Նիդերլանդներին։ Այսինքն՝ միայն այս երեք ոլորտներին բաժին է ընկնում կատարված ներդրումների 75%-ը, ինչը նշանակում է, որ Հայաստանի ներդրումային ոլորտով հետաքրքրվող երկրների շրջանակը փոքր է։

Ներդրումների կենտրոնացվածությունը մեծ է նաև՝ ըստ ոլորտների։  Օրինակ՝ ներդրումների համախառն 28%-ը բաժին է ընկել էներգետիկայի ոլորտին, 22.5%-ը՝ հանքարդյունաբերությանը և այլն։

Ըստ երկրների ու ըստ ոլորտների ներդրումներին առավել մանրամասն անդրադառնալու առիթ դեռ կունենանք։ 

Զուտ հոսքերը

Եթե վերևում նշված տվյալները ցույց են տալիս, թե oտարերկրյա ներդրումների գծով որքան գումար է հոսել Հայաստան 2019 թվականին, ապա զուտ հոսքերը ցույց են տալիս նույն գումարները՝ հանած այն ծախսերը, որոնք կատարվել են այդ ներդրումների գծով՝ վարկերի, տարբեր ապրանքների  ու ծառայությունների դիմաց վճարումների  և այլն։ Այդ գումարները երկրից դուրս են գալիս։ Զուտ հոսքերի ցուցանիշներում այդ մարումներն արդեն հանած են։  Այսինքն՝ զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են:

Այսպիսով, ըստ Վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանում oտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը  2019 թվականին կազմել են 164 մլրդ 646 մլն դրամ (մոտ 343 մլն դոլար)։ Նախորդ տարվա համեմատ զուտ հոսքերը 11 անգամ աճել են։  

Իսկ միայն ուղղակի ներդրումների զուտ հոսքերի մասով բավականին մեծ անկում է գրանցվել։ Դրանք կազմել են 48 մլրդ 107 մլն դրամ (շուրջ 100 մլն դոլար) ՝ նվազելով մոտ 27 մլրդ դրամով կամ 35.8%-ով։ 

Կենտրոնական բանկի հաշվարկներով ընդհանուր ներդրումները զգալի աճել են, ուղղակի ներդրումները՝ մնացել նույն մակարդակում

Հայաստանում oտարերկրյա ներդրումների մեկ այլ վիճակագրություն է ներկայացնում նաև Կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ)։ Ըստ դրա՝ ընդամենը ներդրումների գծով ֆինանսական պարտավորությունների զուտ ստանձնումը  (ներառյալ պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածը)  2019 թվականին կազմել է 1 մլրդ 363 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 68.8%-ով։  Իսկ ուղղակի ներդրումների գծով պարտավորությունների զուտ ստանձնումը 254.5 մլն դոլար՝ մնալով նույն մակարդակում։ 

Այս դեպքում զուտ տերմինը ևս նշանակում է, որ  կատարված ներդրումների գումարից հանված են այն մարումները, որոնք կատարվում են այդ ներդրումների գծով։ Կենտրոնական բանկից մեր հարցմանը պատասխանել են, որ Վիճակագրական կոմիտեն հրապարակում է միայն տնտեսության իրական հատվածում կատարված զուտ ներդրումները, իսկ ԿԲ-ն՝ իրական, ֆինանսական և այլ հատվածների զուտ ներդրումները: Դա է պատճառը, որ այս վերջին ցուցանիշը տարբերվում է վերևում նշված զուտ հոսքերի ցուցանիշից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter