
13 միլիոն 400 հազար եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր` 7 մարզերի համայնքապատկան ճանապարհների վերանորոգման համար
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման բանկի միջև վավերացված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին:
Վարկային համաձայնագիրը վավերացվել է 2019 թվականի հոկտեմբերի 10-ին:
Վարկային համաձայնագրի առաջին փուլով տրամադրվել է 170 միլիոն եվրո գումար, և այն ուղղվել է 211 կմ ճանապարհի հիմնանորոգմանը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով` հիմնանորոգումը հիմնականում համայնքներում է եղել, ուստի ծրագիրը կենսական նշանակություն ունի հեռավոր համայնքների համար: Նախարարը նաև մանրամասնեց` 41 կմ-ը խնայված միջոցների հաշվին է արվել:
Վարկային համաձայնագրի երկրորդ փուլով վերականգնվելու է շուրջ 65 կմ երկարությամբ լրացուցիչ ճանապարհ՝ ծրագրի շրջանակներում վերականգնված ճանապարհների ընդհանուր երկարությունը հասցնելով մոտ 450 կմ-ի: Իրականացվելու է ճանապարհների վերականգնման աշխատանքների տեխնիկական հսկողություն, տեխնիկական աուդիտ, ճանապարհային ցանցի համար բնական աղետների վտանգի և ռիսկի գնահատում` բացահայտելու սողանքների, քարաթափումների վտանգը:
Այս փուլում տրամադրվելու է 13 միլիոն 400 հազար եվրո:
Նախարարի խոսքով` վարկի առաջին փուլով ֆինանսավորվել են նաև երկրորդ փուլի նախագծանախահաշվարկային աշխատանքները:
Վարկային համաձայնագրի շրջանակում ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացվելու են Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռիի, Շիրակի և Սյունիքի մարզերում:
Նախագծի հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը ողջունեց Կառավարության քայլերը, որոնք միտված են կապիտալ ծախսերի իրականացմանը, ինչն էլ իր հերթին կարող է նպաստել տնտեսական աճի հնարավորություններն ընդլայնելուն, ինչպես նաև հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը բարձրացնելուն:
Մեկնաբանել