HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Սուրեն Պապիկյանն ամփոփեց իր ղեկավարած ոլորտի 2019-ին կատարած աշխատանքը

Տարածքային կառավարման բնագավառում բավականին ձեռքբերումներ կան:

Այս մասին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը` Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը:

Նախարարի խոսքով` օրենքով հստակեցվել է մարզպետների գործառույթն ու դերը` պետական կառավարման համակարգում: Ըստ Պապիկյանի` գոյություն ունեցող իրավական բացը, որը կար նոր Սահմանադրության ընդունումից հետո, կարգավորված է:

«Մեծ քայլեր են կատարվել նաև տարածքային համաչափ զարգացման ուղղությամբ. Գյումրի քաղաքի կենտրոնական հատվածը հնարավոր եղավ բարեկարգ դարձնել ու արդիական, նախատեսվում է առաջիկայում Հայաստանի մի քանի բնակավայրեր նույն ոգով զարգացնել: Իհարկե շեշտը չի դրվելու միայն զբոսաշրջության վրա, կունենանք նաև տնտեսական կենտրոններ, որոնք կարող են լինել թեթև ու ծանր արդյունաբերության կարևոր կենտրոններ»,- ասաց Պապիկյանը:

Նախարարի խոսքով` համայնքների համաչափ զարգացման համար առանցքային նշանակություն են ունեցել սուբվենցիոն ծրագրերը, որոնք 2019-ին, 2018-ի համեմատությամբ, նախարարի վստահեցմամբ գրեթե երեք անգամ ավելացել են: Ընդհանուր առմամբ իրականացվել է շուրջ 462 ծրագիր:

«Այստեղ շատ էական է իրականացված ծրագրերի համայնքների համաֆինանսավորման բաժինը: Հսկայական աշխատանք է կատարվել 2018-ին հատկացված և 2019-ին շարունակված 3 միլիարդ 647 միլիոն դրամ արժողությամբ առաջնահերթ կատարում պահանջող հիմնախնդիրների օգտագործման հարցում, դրանցից 145-ը 2019 թվականին կատարվել է, մի մասը կավարտվի այս տարի, ընդհանուր 192 ծրագիր է»,- ասաց նա:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսքով` էներգետիկ բնագավառում մշակվել է մինչև 2040 թվականի էներգետիկայի զարգացման ռազմավարությունը, հաստատվել են էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների առևտրային կանոնները, մեծածախ և մանրածախ շուկաների ցանցային կանոնները:

Շարունակվել են Իրան-Հայաստան 400 ԿՎ էլեկտրահաղորդման գծի և ենթակայանի կառուցման աշխատանքները: Միջոցառման շրջանակներում էլեկտրահաղորդման օդային գծի բոլոր հատվածներում իրականացվել են հենարանների մոնտաժման աշխատանքներ, մոնտաժվել են 133 հենարաններ:

Նախարարի կարծիքով` 2020 թվականը կարող է ջրային ոլորտում դառնալ մեծածավալ շինարարական աշխատանքների տարի:

«Կարող եմ նշել, որ շատ կարևոր էր Սևանի ջրառը վերջին ինը տարիների ընթացքում նվազագույնի հասցնելը, նախորդ տարի Սևանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 143.8 մլն խորանարդ մետր ջուր, որը 2018-ի համեմատ պակաս է 56 մլն խորանարդ մետրով»,- ասաց նա:

Անդրադառնալով ճանապարհաշինարարական աշխատանքներին՝ նախարարն ընդգծեց, որ նորոգվել և հիմնանորոգվել է 460 կմ ճանապարհ, որից 110 կմ-ը Կառավարության սուբվենցիոն ծրագրերով:

«Հյուսիս-հարավի մասով մի փոքր դիտարկում անեմ. գիտեք, որ այդ ուղղությամբ երկու ընկերություն է աշխատում` իսպանական և չինական, իսպանական ընկերության հետ պայմանագիրը խզվել է, հիմա դատական պրոցեսի մեջ ենք միջազգային արբիտրաժում, մյուս հատվածը, որը վերաբերում է չինացիներին, Տրանշ 3-ն է, դա ընդգրկում է Թալին-Գյումրի ճանապարհահատվածը: Այս հատվածում հիմնական բետոնային և հողային աշխատանքները կատարվել են, և 2020 թվականը այս ուղղությամբ ավարտական փուլ մտնելու տարի է: Եթե իրավիճակը թույլ տա, առաջիկայում կունենանք ասֆալտ-բետոն պատվարով ճանապարհներ»,- ասաց Սուրեն Պապիկյանը:

Նախարարի խոսքով` ձեռքբերումներ կան նաև միգրացիայի ոլորտում: Վերջին տասը տարում առաջին անգամ Կառավարությունը հավելյալ ֆինանսական միջոցներից հատկացրել է մեկուկես միլիարդ դրամ, որը տրամադրվել է Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքների բնակարանային խնդրի լուծմանը:

Լուսանկարը` Անի Սարգսյանի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter