HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջարկություն իշխանությանը

Դեղերի իրացումն ազատել ԱԱՀ-ից

ՀՀ-ում տարեկան սպառվում է մոտ 120 միլիոն դոլարի դեղ, որի ԱԱՀ-ն՝ 20 %-ը, մոտ 24 միլիոն դոլար է:

Դեղերի իրացումն ԱԱՀ-ից ազատելու դեպքում կունենանք գների 16-17 % էժանացում, որը ներկա իրավիճակում սպառողների համար բեռի շոշափելի թեթևացում է: Մինչև այս ճգնաժամն էլ այս առաջարկն արդիական էր՝ հաշվի առնելով, որ Հայաստանի բնակչությունը դեղերի վրա ծախսում է տարեկան մոտ 40 ԱՄՆ դոլար (մեկ շնչի հաշվարկով): Համեմատության համար նշենք՝ ԱՄՆ-ում ծախսվում է մոտ 800, ԵՄ երկրներում՝ 400-700, ՌԴ-ում՝ 120, Վրաստանում՝ 90-100 դոլար:

ԵՄ շատ զարգացած երկրներում դեղերի վրա ԱԱՀ-ն 5-10 %-ի միջակայքում է: ԵԱՏՄ-ում՝  ՌԴ-ում՝ 10 %, Ղազախստանում, Բելառուսում, Ղրղզստանում՝ 0 (զրո)% : Վրաստանում ևս դեղերի վրա ԱԱՀ չի գործում:

Հիմնավոր չէ պնդումը, թե դեղերից հարկվող ԱԱՀ-ն ուղղվում է սոցիալական այլ խնդիրների լուծմանը: Ճգնաժամային այս պայմաններում, երբ Կառավարությունը փորձում է բյուջեից աջակցություն տրամադրել սոցիալական խոցելի խմբերին, սա բեռի ուղղակի, անմիջական թեթևացում է: ԱԱՀ-ն, լինելով անուղղակի, ռեգրեսիվ հարկ, ի վերջո, հավաքվելով բացառապես վերջնական սպառողից, ամենից շատ բեռ է հենց անապահով, խոցելի խմբերի վրա:

Ըստ այդմ՝ առաջարկում ենք առնվազն մինչև այս ճգնաժամի հետևանքների հաղթահարումը ԱԱՀ-ից ազատել նաև կենսական անհրաժեշտության պարենը: Դրանց գները նույնպես անմիջապես կնվազեն 16-17 %-ով, ինչը կաթվածահար այս վիճակում լրացուցիչ թթվածին է բնակչության համար: Պետությունը հեշտությամբ կարող է կիրառելով հակամրցակցային և շուկայում գերիշխող դիրքի չարաշահումների դեմ իր գործիքները` հետևել ակնկալվող գնանկման արդյունքներին:

Կասեցենել կենսաթոշակային կուտակային համակարգի «պարտադիր» բաղադրիչը

Աշխատողներն ու պետությունը՝ միասին, կուտակային հիմնադրամներին 2019 թ.-ին մուծում են համախառն աշխատավարձի 10 %-ը՝ 2,5  % (18.7 մլրդ դրամ) և 7,5 %  (56.1 մլրդ դրամ)  համամասնությամբ, ինչը 2019 թ.-ին կազմել է 74.8 մլրդ դրամ ( 150 մլն դոլար): Սա ահռելի գումար է, որն այս իրավիճակում եթե չուղղվի կուտակային հիմնադրամներին՝ անհայտ 25-45 տարով, լրացուցիչ, անհրաժեշտ միջոց կլինի թե´ քաղաքացիների ձեռքին, թե´ պետության:

Թոշակները, նպաստները բարձրացնել առնվազն 20 %-ով

Խոսքը պետության կողմից շահառուներին լրացուցիչ ամսական մոտ 12 մլն ԱՄՆ դոլար հատկացնելու մասին է:

Սա ուղիղ տնտեսություն գնացող գումար է: Հաշվի առնելով, որ շատերի ընտանիքներում կան թոշակառուներ, նպաստառուներ, այս միջոցառումը որոշակիորեն կթուլացնի ֆինանսական լարվածությունը:

Կառավարությունը վերջին երեք նիստում ճգնաժամի տնտեսական հետևանքների չեզոքացման ինը միջոցառում է հաստատել՝ 5-ը՝ բիզնեսին աջակցող, 4-ը՝ սոցիալական օժանդակության: Ամենամեծ ծավալը նախատեսվում է 1-ին վարկային միջոցառմամբ, որով ենթադրվում է օժանդակել սննդի և դեղերի ներմուծման, նոր սարքեր-սարքավորումների, հումքի գնման կամ ներմուծման, 3 ամսվա աշխատավարձերի վճարման, պետական հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների, կոմունալ վճարումների վարկավորմանը՝ մինչև 250 մլն դրամի չափով իր մասնակցությամբ:

Իռացիոնալ, չհաշվարկված առատաձեռնություն է՝ հաշվի առնելով, որ այս իրավիճակում պետական նմա´ն օժանդակության անհրաժեշտություն չունեն սննդի և դեղորայքի ներմուծմամբ զբաղվող ընկերությունները:

Անհասկանալի է նաև, թե կաթվածահար վիճակում ինչու՞ պետք է պետությունը որևէ մեկի բիզնեսի հումքի ձեռքբերման կամ ներմուծման համար օժանդակություն տրամադրի: Նույնը վերաբերում է նոր սարքերի ու սարքավորումների ձեռքբերման կամ ներմուծման նպատակով տրվելիք պետական օժանդակությանը:

Անգամ կայացած, աշխատանքային տարիների փորձ ունեցող ձեռնարկությունների  համար ներմուծումներով զբաղվելը բավականին բարդացել է՝ հաշվի առնելով տարբեր շուկաների ու բեռնափոխադրումների կաթվածահար, անկայուն վիճակը: Բարդացել են անգամ ամենասովորական ընթացիկ գործերը, մեծացել է կանխավճարով վճարումների դիմաց ապրանքներ ստանալու ռիսկայնությունը: Նման չհիմնավորված էքսպերիմենտների համար գումարներ վատնելու ժամանակը չէ:

Նաև տնտեսվարողների աշխատավարձերի, հարկերի, կոմունալ ծախսերը մուծելու համար վարկեր տրամադրելը ծուղակ է, որից օգտվողներն ավելի վատ վիճակում են հայտնվելու: Եթե ձեռնարկությունն ունի աշխատավարձի, հարկերի կամ կոմունալ վճարների հետ կապված խնդիր, ապա Կառավարության կողմից տրվող վարկը արջի ծառայություն է. հետագայում վճարման պահին գործատուն անհամեմատ վատ ֆինանսական վիճակում է գտնվելու: Կառավարությունը խորամանկություն է անում. ոչ թե ինչ-որ չափով իր վրա է վերցնում ծախսերը՝ անհատույց, այլ բոլոր պարտավորությունները պահպանվում են: Գումարած՝ լրացուցիչ ավելանալու են այս՝ վերջը չերևացող ճգնաժամի ժամանակաշրջանում կուտակվելիք աշխատավարձերի բեռը և պետության հանդեպ եղած պարտավորությունները:

Իր այս քայլերով պետությունը փաստացի վնաս է հասցնում անգործության մատնված ընկերություններին: Բեռի գոնե փոքր թեթևացում կլիներ, եթե պետությունը նրանց ազատեր գոյություն չունեցող եկամտի եկամտահարկի բեռից:

Եթե տնտեսական կայուն իրավիճակում անգամ պետությունը չի մասնակցել «մինչև 100 հա նախատեսող և 2.5 մլրդ դրամի ծախս ենթադրող ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնմանը, տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության նպատակով մինչև 900 մլն դրամի ներդրումներին, չի կազմակերպել գյուղատնտեսական կոոպերատիվներ», այժմ հանկարծ որոշել է առաջարկել իր  ճոխ օժանդակությունը: Առաջարկվում է վարկավորել իրականության հետ առնչություն չունեցող, Էկոնոմիկայի նախարարության հեռու գզրոցներից հանված արկածախնդիր նախագծերը՝ նույնիսկ միկրովարկեր վերցրած և սև ցուցակ ընկած գյուղացիներից կազմված կոոպերատիվներով:

Իր հաջորդ՝ 3-րդ միջոցառմամբ, Կառավարությունն առաջարկում է օժանդակություն զբոսաշրջային, փոխադրումների և պահեստային տնտեսության, մշակող արդյունաբերության, կացության և հանրային սննդի կազմակերպման և սպասարկման այլ ծառայություններին, երբ բոլոր այս ոլորտներն անժամկետ փակված են: Օր օրի կարանտինը խստացվում է, մարդկանց տեղաշարժը՝ անժամկետ կասեցվում։

Անարդյունավետ և ավելի շուտ բնակչության մասին հոգատարության պատրանք են սոցիալական աջակցության միջոցառումները: Օրինակ, երբ առաջարկվում է մինչև 18 տարեկան երեխա ունեցող և մինչև մարտի 12-ի դրությամբ գրանցված աշխատանք չունեցող ընտանիքներին յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար ընդամենը 26 500 դրամ օգնություն, որից օգտվելու համար դեռ պետք է անցնել մի շարք մաղերով: Բնության մեջ գրեթե չպատահող իրավիճակներ են առաջադրում՝ «100 000 դրամի չափով օժանդակելու հղի կնոջը, որը 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-ից մինչև  2020 թ. մարտի 30-ը»:

Բնակչության՝ առաջին անհրաժեշտության ապրանքների պահանջարկը անհրաժեշտ է ծածկել՝ մանրախնդրորեն չփորձելով այնպես զտել օնություն ստացողների ցանկը, որ, ի վերջո, որևէ մի կարիքավոր ընտանիքի՝ ձևական օգնության չափից հանկարծ 10 000 դրամ ավել չհասնի:

Այսօրվա Հայաստանի բյուջետային քաղաքականությունը Կառավարությունը պետք է իրականացնի որպես պատերազմական իրավիճակից բխող: Միջոցները պետք է ուղղվեն  ծայրահեղ անհրաժեշտության ոլորտներ՝ պաշտպանություն, առողջապահություն, պարենային ամենակենսական միջոցներով բնակչության ապահովում:

Հգ. Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների ցանկում՝ «Մշակույթ, զվարճություններ, հանգիստ» բաժնում՝ որպես միակ թույլատրված գործունեություն նշված է՝ «Վիրտուալ մոլախաղերի հետ կապված գործունեություն. թույլատրվում է բացառապես առցանց կամ հեռավար եղանակով»: Այս դրույթը հրատապ պետք է հանվի թույլատրելի գործունեության ցանկից: Սրանից մեծ վնաս անհնար է հասցնել տանը դեպրեսիվ վիճակում գտնվող մարդկանց ու նրանց ընտանիքներին: Հակառակ դեպքում՝ որպես հաջորդ հակաճգնաժամային միջոցառում, Կառավարության մի նիստ էլ կտրամադրվի վարկերով աջակցելու տնից օնլայն մոլախաղերով տարված քաղաքացիներին և նրանց հղի կանանց:

Վահե Վարսանյան

Մեկնաբանություններ (2)

Yerevan2800
որոշ տարրերի հետ համաձայն եմ, իսկ վիրտուալ մոլախաղերի մասով լրիվ համաձայն եմ, ուրիշ ինչ էիք ակնկալում ելնելով որոշում կազմողների կենսափորձից ու գրագիտությունից,
Վահագն
նայենք տեսնենք, թե ովքեր են տնտեսական աջակցման ծրագրերը կազմողները, չափորոշիչներ որոշողները, կամ առնվազն մեծ դերակատարություն ունեցողները: Էկոնոմիկայի նախարար, ՊԵԿ նախագահ և ԿԲ նախագահ: Հիմա նայենք այս անձանց կենսագրությունները, զբաղեցրած պաշտոնները ըստ ժամանակագրության և փորձենք պարզենք, արդյոք Հայաստանում կան մարդիկ որոնք վստահում են նրանց և կողմ են, որ նրանք իրենց վերաբերվող որևէ հարցի նույնիսկ քննարկմանը մասնակցեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter