
Ով է ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը, և ինչու չի առաջադրվել ԿԲ գործող նախագահի թեկնածությունը
«Իմ քայլը» խմբակցությունը որպես Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու է առաջադրել Մարտին Գալստյանի թեկնածությունը: Ըստ Մարտին Գալստյանի կենսագրական տվյալների` վերջինս ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2010 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան կառավարման դպրոցը` ստանալով հանրային կառավարման մագիստրոսի կոչում: 1998 թվականից մինչ օրս վերջինս աշխատել է Կենտրոնական բանկում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ:
Գալստյանի կինը ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի դուստրն է` Աստղիկ Արարքցյանը, նա էլ Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում է աշխատում: Գալստյանը ներկայացրել է նաև օրենքով պահանջվող բոլոր փաստաղթղթերը` ինչպես միայն ՀՀ քաղաքացիություն ունենալու, վերջին չորս տարիներին մշտապես Հայաստանում բնակվելու մասին, անձնագրի, վկայականների պատճեններ:
Նկատենք, որ ամենայն հավանականությամբ այս հարցն ընդգրկված կլինի առաջիկա ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում:
Ինչու չի ներկայացվել ԿԲ գործող նախագահ Արթուր Ջավադյանի թեկնածությունը
ԿԲ գործող նախագահը պաշտոնավարում է երկրորդ անգամ: Սահմանադրության համաձայն` նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ԿԲ նախագահ: ԿԲ նախագահն ընտրվում է վեց տարի ժամկետով:
Ջավադյանը երկրորդ անգամ վերընտրվել է 2014-ի մայիսին, այդ պաշտոնում նրա թեկնածությունն առաջադրել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչից հետո խորհրդարանում 2014 թվականի մայիսի 20-ի հերթական նիստում փակ-գաղտնի քվեարկությամբ վերջինս ընտրվել էր: Ջավադյանը` որպես ԿԲ նախագահ, իր լիազորությունները ստանձնել է հունիսի 12-ին, հետևաբար մինչ այդ օրն արդեն իսկ պետք է լինի ԿԲ նախագահի նոր թեկնածուի խորհրդարանական ընտրությունը:
Ջավադյանի առաջին պաշտոնավարումը սկսվել է 2008 թվականի հունիսից, մինչ այդ նա զբաղեցրել է ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնը:
Լուսանկարը` Մարտին Գալստյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել