HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջարկվում է մի շարք գետերի և վտակների վրա արգելել կառուցել փոքր հիդրոէլեկտրակայաններ

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է արգելել փոքր հիդրոէլեկտրակայաններ կառուցել Արգիճ, Մասրիկ, Կարճաղբյուր (Մաքենիս), Լիճք, Ծակքար, Վարդենիս, Գավառագետ, Ձկնագետ, Ոսկեպար, Մեծամոր, Եղեգիս, Որոտան գետի, դրա Դալի վտակի, Ախուրյան, Աղստև, Արփա, Բախտակ, Դեբեդի գետի, դրա Կիստում, Ձորագետ վտակների, Աղստև գետի Գետիկ վտակի, Հրազդան գետի Մարմարիկ վտակի, Ազատ գետի Գողթ վտակի, Եղեգիս գետի Կարակայա վտակի, Այսաս վտակի վրա։

«Կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի ջրաէկոհամակարգի պահպանությանը և հավասարակշռության ապահովմանը»,- իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում քննարկման ներկայացված նախագծում նշել է նախարարությունը։

Նախարարության հաղորդմամբ՝ ցանկում ընդգրկվել են այն գետերը, որոնք Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների համար համարվում են և կարող են համարվել պոտենցիալ ձվադրավայրեր, եթե իրականացվեն բնապահպանական միջոցառումներ այդ գետերի հոսանքներում էկոլոգիական թողքի ապահովման, կենցաղային և այլ թափոնների մաքրման, որսագողության դեմ պայքարում։

Գետերի ցանկի սահմանման համար համադրվել են Գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի իրականացրած համակողմանի ուսումնասիրությունները, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ներկայացրած գետերի վրա փոքր հիդրոէլեկտրակայաններով ծանրաբեռնվածության արդյունքները:

Նշենք, որ այս որոշումը չի տարածվելու մինչև այս որոշման ուժի մեջ մտնելը փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար ջրօգտագործման թույլտվություն ստացած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վրա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter