HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ջրափիի միջնադարյան քարավանատունն այցելուները վերածել են բացօթյա խորովածանոցի

Գյումրի-Արմավիր ճանապարհով երթեւեկելիս կամ պետք է ծով համբերություն ունենաս՝ տարբեր տրամաչափի փոսերը հաղթահարելու վրա ծախսած ժամանակը չնկատելու համար, կամ սեւեռուն եւ գեղեցիկ նպատակ՝ անհարմարությունները չնկատելու համար: Ջրափիի միջնադարյան քարավանատունն ու 19-րդ դարի եկեղեցին (գտնվում են Գյումրի-Արմավիր ճանապարհի 32-րդ կմ) տեսնելու ցանկությունը թերեւս կարող են փոխհատուցել ճանապարհի պատճառած անհանգստությունները: Դեռևս հնագույն ժամանակներից Հայաստանն իր բնական դիրքի շնորհիվ եղել է քարավանային և առևտրական ճանապարհների խաչմերուկ` միմյանց կապելով արևմուտքն ու արևելքը: 

Քարավանատների կառուցումն ու զարգացումը պայմանավորված է եղել թերեւս այս հանգամանքով: Դրանք հիմնականում կառուցում էին ճանապարհների անմիջական հարևանությամբ և քաղաքամերձ շրջաններում: Քարավանատների նախատիպերը պատմական Հայաստանի սահմաններում գոյություն են ունեցել դեռ Արշակունյաց թագավորության ժամանակներից եւ զարգացել 12-14-րդ դարերում: Շիրակի մարզի Ջրափի գյուղի հարեւանությամբ գտնվող քարավանատունը 10-11 դդ. կառույց է և պատկանում է միադահլիճ-եռանավ կամարակապ տիպին: Կառուցված է սև սրբատաշ տուֆաքարից՝ կրաշաղախով, իսկ հատակը` քարե սալիկներով: Այն ընդերկայնական առանցքով ուղղված է հյուսիսից հարավ: 

Ներքին Ջրափիի քարավանատան պահպանված մասը եռանավ դահլիճ է` 31 մ ընդհանուր երկարությամբ և 13,65 մ լայնությամբ: Ըստ երկայնքի` երկու շարքով տեղադրված են եղել 8-ական հաստահեղույս մույթեր, որոնք դահլիճը բաժանում են 3 նավի և միացված են իրար կամարներով: Քարավանատունը կառուցվել է Վրաստանից և Հայաստանի հյուսիսային գավառներից Անի մայրաքաղաք տանող գլխավոր ճանապարհի վրա: Այս քարավանատունը, Ախուրյան գետի վրա ձգված հանրահայտ Չրփլիի կամուրջի հետ միասին, որ սպասարկում էր հին առևտրական ճանապարհը, միջնադարյան Հայաստանի աշխարհիկ ճարտարապետության առաջնակարգ հուշարձաններից էին: Քարավանատան ու Չրփլիի միջնադարյան կամուրջի վերաբերյալ տեղեկություններ կարելի է գտնել Թ. Թորոմանյանի «Նյութեր հայկական ճարտարապետության» (1948թ.) եւ Վ.Հարությունյանի «Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները» (1960թ.) աշխատություններում: Եվ եթե քարավանատան մնացորդներով դեռ կարող ենք հիանալ, ապա կամուրջը ջրածածկ է 1970թ-ից, Ախուրյանի ջրամբարի կառուցման պատճառով:

Քարավանատները նախատեսված էին միաժամանակ մարդկանց ու անասունների կեցության համար, այդ պատճառով էլ ճարտարապետական լուծումները աչքի չեն ընկել յուրօրինակությամբ: Հայաստանի գրեթե բոլոր քարավանատները ճարտարապետական հորինվածքով ունեցել են ընդհանուր նմանություն, իսկ եթե եղել է տարբերություն` արտահայտվել է միայն չափսերի և տիպային ոճի մեջ: Քարավանատները ունեցել են միանավ և եռանավ դահլիճներ, երբեմն էլ հանդիպել են միադահլիճ և բազմադահլիճ-բակավոր տիպեր: Կառուցվում էին որպես ամբողջական շինություն տեղական քարից՝ կրաշաղախի համակցմամբ: Տեղն ընտրելիս առաջնային գործոն է հանդիսացել ինչպես քամուց, բքից պաշտպանված, այնպես էլ` խմելու ջրով ապահովված լինելու իրողությունը:

Քարավանատների դահլիճների տանիքները երկթեք են ու սալածածկ, միակ մուտքը բացվում է նեղ ճակատային կողմից: Ապահովվածությունից ելնելով եւ օդափոխանակությունն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով պատերին պատուհաններ չեն բացվել, այլ որպես այդպիսիք՝ երդիկների տեսքով, բացվել են տանիքներից: Պաշտպանական նկատառումներից ելնելով որոշ քարավանատների պատերը և անկյունները արտաքինից ամրացվել են բուրգերով, ինչպես ամրոցները կամ դղյակները: 

Ջրափիի քարավանատունը ներառված է Շիրակի մարզի պատմական հուշարձանների ցանկում: Սա ենթադրում է, որ հուշարձանի պահպանությունն ու վերահսկողությունը պետք է իրականացվի պետական մակարդակով: Երկար տարիներ քարավանատունը ծառայում էր գյուղի խոշոր եւ մանր եղջերավորների համար, որպես մակաղատեղի: Անասունն այստեղ արածում էր եւ ամառվա տապից պատսպարվում ծածկի տակ: Այս մասին մի քանի անգամ բարձրաձայնվել է: Վերջին այցելության ժամանակ պարզեցինք, որ պատկերը փոխվել է, բայց դարձյալ ոչ հօգուտ հուշարձանի: Քարավանատունը անասունների հանգստի գոտուց վերածվել է քեֆի բացօթյա սրահի: Ըստ երեւույթին, հուշարձանը՝ փարախի չվերածելու կոչերը այլ կերպ են հասկացվել:

Լուսանկարներից պարզ երեւում է պատի մոտ հարմարեցված երկաթե իրը, որը կարելի է օգտագործել թե խորոված պատրաստելու, թե մեծ կաթսայով մսաջուր եփելու համար: Հարեւանությամբ գտնվող եկեղեցի այցելողները կարող էին նաեւ մատաղի եփման արարողություն իրականացնել տեղում՝ օգտվելով ստեղծած հարմարություններից: Սյուներից մեկի վրա երկու տուփ աղ կար, հատակը ծածկված չէր թրիքով՝ ապացույց այն բանի, որ իսպառ վտարված են մանր ու խոշոր կճղակավորները, դրա փոխարեն հողաշերտ հատակն ամբողջությամբ ծածկված էր ծխախոտի մնացորդներով: Հնարամիտների պակաս չի զգացվել նաեւ «խոհանոցի» հարեւանությամբ «հյուրասենյակի» կահավորման հարցում: Այդ նպատակով օգտագործվել են պատմական հուշարձանի պատերի ու սյուների քարերը, որոնք թափված են շրջակայքում: Երկու սրահում «կահավորել են» այսպես կոչված «սեղանատուն»՝ սեղան-աթոռներով: 

Քարավանատան մոտ բացակայում է տեղեկատվական ցուցանակ, որը կպատմեր այս հրաշալի կառույցի մասին եւ թերեւս կպարունակեր զգուշացումներ՝ չվնասելու վերաբերյալ: Դրա փոխարեն, մանղալ կոչվածի վերեւում, պատին փակցրած էր զգուշացում՝ «Խնդրում ենք աղբ չթափել» հորդոր-կոչով: Շիրակի մարզի այս հատվածը զբոսաշրջային առումով այնքան էլ աշխույժ ուղղություն չէ: Վստահ եմ, որ շիրակցիների մեծ մասն անգամ տեղյակ չեն, թե ինչ գանձեր կան պահված մարզի հարավ-արեւմտյան հատվածում: Իսկ, ովքեր էլ որ տեղյակ են, ցավոք, իրենց իմացությունը սահմափակում են 19-րդ դարի եկեղեցում մոմ վառելուց հետո մոտակա հարմարավետ տարածքում, այս դեպքում միջնադարյան քարավանատանը, խորոված վայելելով՝ առանց անհանգստանալու, թե ինչ վնաս են հասցնում կառույցին:

Հետաքրքիր է, ի՞նչ տպավորություն եւ զգացողություններ կունենար Հռոմ այցելած զբոսաշրջիկը, եթե տեսներ, թե ինչպես են մի խումբ տղամարդիկ խորոված անում Կոլիզեյի աստիճանների վրա կամ Սան Անջելո ամրոցում: 

Մեկնաբանություններ (1)

Yerevan2800
Հետաքրիր էր իմանալ որ այսպիսի հուշարձան կառույց կա, իսկ խորոված անելու մասով մի զարմացեք տնավարության ու զարգացվածության խնդիր է, հազիվ թե այլ երկրում այդ անձինք այդպես վարվեին մշակույթային կառույցի հետ: Իսկ ավելի լուրջ կարելի էր աշխատել որ դառնա հետքրքիր վայր զբոսաշրջային տեսանկյունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter