
Վարչապետը գլխավորեց քննարկում զբոսաշրջության և թափոնների կառավարման ոլորտներում վարկային ծրագրերի ընթացքի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են զբոսաշրջության և թափոնների կառավարման ոլորտներում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
Զեկուցվել է, որ Զբոսաշրջության զարգացման և ենթակառուցվածքների ծրագրով, որի վարկային միջոցները կազմում են 55 մլն դոլար, 2016 թվականից մինչ օրս ծախսվել է 6 մլն դոլար: Նախատեսվում է, որ 2020 թվականին ծրագրի շրջանակում կներդրվի ևս 4 մլրդ դրամին համարժեք եվրո:
Ծրագրով՝ Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի, Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում իրականացվում են զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման, մասնավորապես, տուրիզմի գոտիների, ճանապարհների վերանորոգման, զբոսաշրջային պատմական միջավայրի վերականագնման աշխատանքներ:
Ըստ հաղորդագրության՝ այնուհետև անդրադարձ է կատարվել Գյումրիում և Ջերմուկում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հնարավորություններին, որոնց նախագծային աշխատանքներն արդեն իսկ պատրաստ են: Դրանք նախատեսվում է կյանքի կոչել, այդ թվում՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում: Ներկայացվել է նաև «Համայնքների ենթակառուցվածքների զարգացման» վարկային ծրագրի ընթացքին:
Հաջորդ խորհրդակցության ընթացքում պատասխանատուները վարչապետին զեկուցել են Կոշտ թափոնների կառավարման վարկային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները: Նշվել է, որ դրա շրջանակում նախատեսվում է Երևանում՝ Նուբարաշենի գործող աղբավայրի հարևանությամբ, կառուցել նոր աղբավայր և կոնսերվացնել մայրաքաղաքի 2 չգործող աղբավայր: Ներկայումս ընթացքի մեջ է նոր աղբավայրի կառուցման մրցույթների կազմակերպման գործընթացը: Քննարկվել են նաև նույն ծրագրի շրջանակում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում աղբավայրերի կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Մեկնաբանել